Մալայզիայում քառասուն բուժաշխատող պատվաստանյութի երկու բաղադրիչը ստանալուց հետո վարակվել է COVID-19-ով։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Նուր Հիշամ Աբդուլլահը:
«Մեր քառասուն բուժաշխատողները վարակվել են պատվաստանյութի երկրորդ չափաբաժնից հետո։ Նրանցից ինը վարակվել են երկրորդ դեղաչափը ստանալուց ավելի քան երկու շաբաթ անց, իսկ 31-ը՝ շուրջ երկու շաբաթ անց: Եվս 142 բուժաշխատող վարակվել է պատվաստանյութի առաջին դոզան ստանալուց հետո», – Facebook-ում գրել է Առողջապահության նախարարության խոսնակը։
Նա շեշտել է, որ վարակվածներից ոչ մեկը չունի ծանր ախտանիշներ։ Մալայզիայի առողջապահության նախարար Ադամ Բաբան ասել է, որ երկրում ավելի քան 438,000 մարդ ստացել է COVID-19 պատվաստանյութի երկու բաղադրիչներն էլ, հաղորդում է Bernama-ն:
Պատվաստումները Մալայզիայում իրականացվում են Pfizer-BioNTech-ի և Sinovac-ի պատվաստանյութերով: Ակնկալվում է, որ երկրում AstraZeneca պատվաստանյութը նույնպես կմատակարարվի:
Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, Մալազիայում գրանցվել է COVID-19 վարակի 370.528 դեպք, մահացել է 1.365 մարդ, առողջացել է ավելի քան 350.500 մարդ: