COVID-19-ից մահվան ռիսկը եռապատկվել է ֆիզիկական ցածր ակտիվության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 48 000 հիվանդների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակը կրկնապատկել է հոսպիտալացման հավանականությունը և գրեթե եռապատկել COVID-19-ից մահանալու վտանգը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ հետազոտողների եզրակացությունները հրապարակել է British Journal of Sports Medicine հանդեսը:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի վարակն ավելի ծանր են տանում ճարպակալմամբ, սրտի քրոնիկ հիվանդություններով և շաքարախտով տառապող մարդիկ, արյան երկրորդ խումբ ունեցողներն ու Պարկինսոնի հիվանդության նախատարամադրվածության հետ առնչվող APOE գենի տատանումներ ունեցողները: Մասնավորապես, ճարպակալումը և շաքարախտը մոտ 3-5 անգամ ավելացրել են վերակենդանացման բաժանմունք ընկնելու հավանականությունը:

Նոր ուսումնասիրության մեջ ամերիկացի ֆիզիկոսները հայտնաբերել են ևս մեկ նմանատիպ գործոն: Նրանք նկատել են, որ բազմաթիվ առողջական խնդիրներ առաջանում կամ վատթարանում են ցածր ֆիզիկական ակտիվության պատճառով: Այդ պատճառով գիտնականները որոշել են ստուգել՝ ինչպես է ֆիզիկական պատրաստվածությունն ազդել կորոնավիրուսային վարակի ընթացքի վրա:

Ընդհանուր առմամբ, բժիշկները վերլուծել են Կալիֆորնիայի հարավում 2020 թվականի մարտից մինչև հոկտեմբեր SARS-CoV-2–ով վարակված ավելի քան 48 հազար բնակչի բժշկական պատմությունը, առողջական և ֆիզիկական վիճակը։ Նրանց գրեթե 9% -ը հայտնվել է հիվանդանոցում կամ մահացել COVID-19- ից:

Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ ֆիզիկական պատրաստվածության մակարդակը SARS-CoV-2-ով վարակվելու դեպքում ռիսկի ամենաէական գործոններից մեկն էր: Կալիֆորնիայի այն բնակիչները, ովքեր ֆիզիկապես լավ վիճակում չէին գտնվում, հոսպիտալացվել են մոտ երկու անգամ ավելի հաճախ և մահացել են գրեթե երեք անգամ ավելի հաճախ, քան ֆիզկուլտուրայի սիրահարները: Բացի այդ, ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակը մոտ 70%-ով բարձրացրել է վերակենդանացման բաժանմունք ընկնելու հավանականությունը:

Գիտնականները կարծում են, որ այս գործոնը պետք է հաշվի առնել SARS-CoV-2-ի համաճարակի դեմ պայքարի և կորոնավիրուսային վարակի հետագա բռնկումների կանխարգելման ժամանակ:




Լրահոս