Այսօր խորհրդարանում քննարկում էր կազմակերպված ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի եւ Վարդան Աթաբեկյանի կողմից: Քննարկմանը ներկա էր նաեւ Արցախի ԱԻՆ փոխնախարար Բորիս Ավագյանը, որը մի քանի աղմկահարույց հայտարարություններով հանդես եկավ: Եվ ահա, այդ քննարկումից հետո ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հայտարարել է, թե Բորիս Ավագյանը որևէ պաշտոն չի զբաղեցնում Արցախում և չի կարող նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով ներկայացվել:
Սակայն նշենք, որ Բորիս Ավագյանը պաշտոնական հաղորդագրությունների համաձայն մարտի 13-ից զբաղեցնում է Արցախի արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը, իսկ դրանից երկու օր առաջ աղմկահարույց հայտարարություն էր արել՝ ասելով, թե բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր ականազերծման աշխատանքներով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը և նա իր նոր պաշտոնին նշանակվել է հենց այս հայտարարությունից երկու օր անց:
Սակայն այդ ժամանակ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը նշանակվել է Արցախի Արտակավագ իրավիճակների Պետական ծառայության տնօրենի տեղակալ՝ ռուսական խաղաղապահների հետ գերիների, անհայտ կորածների և այլ հումանիտար հարցեր համակարգելու համար։ Միաժամանակ, նա կշարունակի մնալ Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ և կիրականացնի իր առջև դրված խնդիրները»։
Այսինքն, դեռ մարտին այսպիսի հայտարարություն է տարածվում, իսկ այժմ ասվում է, թե նա պաշտոնյա չէ: Եթե անգամ Բորիս Ավագյանը Արցախի ԱԻՆ փոխնախարար չէ, ազատվել է աշխատանքից, ապա այդ դեպքում, որտեղ է պաշտոնական փաստաթուղթը, ինչու դրա մասին, որեւէ պաշտոնական հրապարակում չկա: