ՖՈՏՈ. Հանդիպումից անմիջապես հետո Բորիս Ավագյանն աշխատանքից ազատման մասին զանգ է ստացել. պատգամավորը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում քննարկում էր կազմակերպված ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի եւ Վարդան Աթաբեկյանի կողմից: Քննարկմանը ներկա էր նաեւ Արցախի ԱԻՆ փոխնախարար Բորիս Ավագյանը, որը մի քանի աղմկահարույց հայտարարություններով հանդես եկավ: Եվ ահա, այդ քննարկումից հետո ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հայտարարել է, թե Բորիս Ավագյանը որևէ պաշտոն չի զբաղեցնում Արցախում և չի կարող նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով ներկայացվել:

ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը նշեց, որ քննարկումից անմիջապես հետո, երբ Բորիս Ավագյանը դեռ չի հասցրել հեռանալ խորհրդարանի շենքից, նրան է զանգահարել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը եւ տեղեկացրել, որ Արայիկ Հարությունյանն ուզում է իրեն ազատել աշխատանքից։

-Պարո՛ն Աթաբեկյան, այսօր խորհրդարանում լսումներ, քննարկում էիք կազմակերպել անկախ պատգամավորներով, որին ներկա էին նաեւ մյուս խմբակցությունների ներկայացուցիչեր, ինչպես նաեւ՝ Արցախի Հանրապետության ԱԻՊԾ տնօրենի տեղակալ Բորիս Ավագյանը: Քննարկումից հետո պաշտոնապես տեղեկատվություն տարածվեց, որ իբրեւ Բորիս Ավագյանն Արցախում որեւէ պաշտոն չի զբաղեցնում: Ինչի՞ մասին է վկայում այս ամենը: Ինչպե՞ս հասկանանք: Իրականում ի՞նչ է տեղի ունենում:

-Եթե նման հայտարարություն են անում, թող հրապարակեն, թե որ օրվանից նա պաշտոն չի զբաղեցնում: Կարող եմ մի բան նշել. երբ Բորիս Ավագյանին ուղեկցում էի Աժ-ից դուրս, իր ձեռքին զանգ եկավ ԱՀ Ազգային Ժողովի նախագահից, որը տեղեկացրեց, որ ԱՀ նախագահը Արայիկ Հարությունյանն ուզում է աշխատանքից ազատել  կամ արդեն ազատել է: Թող հրապարակվի, թե որ օրվանից է աշխատանքից ազատվել Բ. Ավագյանը:

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս քննարկումից հետո որոշում է կայացվել, որ նա այլեւս Արցախում պաշտոն չի զբաղեցնում:

-Կարելի է ասել, որ այո, այդպես է: Քանի որ իմ ներկայությամբ են զանգահարել ու նման բան հայտնել: Թե մինչեւ այդ ինչ է պատահել ես տեղյակ չեմ, բայց իմ ներկայութամբ նման բան են տեղեկացրել: Կարելի է այդպես կարծել, որ հենց այս հանդիպումից հետո է նման որոշում  կայացվել:

-Իսկ տեղյա՞կ չեք, երբ Բ. Ավագյանը եկել էր խորհրդարան, Արցախի իշխանություն տեղյակ չէր, որ նա կարող է նման հայտարարություններ անել կամ պարզաբանումներ ներկայացնել գերիների հարցի վերաբերյալ: Այս մասով որեւէ տեղեկություն ունե՞ք:

-Համենայն դեպս մենք հանդիպումից հետո խոսել ենք, չեմ կարծում, նա այնպիսի հայտարարություն է արել, թեկուզ վտանգավոր կամ գաղտնիք պարունակող, որ որեւէ մեկի հետ պետք էր համաձայնեցնել: Հանդիպումը եղել է զուտ մտքերի փոխանակման, տեղեկատվական փոխանակման շրջանակներում: Մենք ընդամենն ուզում էինք հասկանալ, եթե որեւէ խումբ ստեղծենք, արդյոք չենք խանգարի գործընթացին ու ինչ նպաստ դրանով կբերենք: Չի խոսվել որեւէ ցուցակի, տվյալների մասին, որ պետք է նախօրոք համաձայնեցնել: Իմ կարծիքով  Ավագյանը հասկանում է, թե ինչ ինֆորմացիա կարող է տրամադրել:

-Այս հայտարարությունից հետո խոսել եք Բ. Ավագյանի հետ: Անակնկալի՞ է եկել:

-Որ ասեմ շատ անակնկալ էր, կարծում եմ՝ չէ, սպասելի էր նրա համար: Դեռ չեմ հանդիպել, որպեսզի հասկանամ, թե ինչ է տեղի ունեցել:

-Սպասու՞մ եք պաշտոնական տեղեկատվությանը:

-Սպասում եմ, եթե Բորիս Ավագյանը պաշտոնից ազատված է եղել եւ ի պաշտոնե Աժ-ում չի եղել, պետք է հրապարակեն, թե որ օրվանից է եղել ազատման հրամանը: Իմ տեղեկություններով՝ նա հրաման չի ստացել մինչ այդ ու անակնկալ զանգով է իմացել:

Սոնա Գրիգորյան




Լրահոս