Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար, ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԻՊԾ-ն:
«Բ․Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։
Բ․Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը։
Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, որ նշեց, որ քննարկումից անմիջապես հետո, երբ Բորիս Ավագյանը դեռ չի հասցրել հեռանալ խորհրդարանի շենքից, նրան է զանգահարել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը եւ տեղեկացրել, որ Արայիկ Հարությունյանն ուզում է իրեն ազատել աշխատանքից։