«ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ». ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանին: Նրանից հետաքրքրվել ենք՝ հաջորդ խորհրդարանում կլինի արդյոք, թե ոչ: «Պարոն Փաշինյանի հետ այդ համատեքստում հանդիպում չի եղել: Վստահություն կա մեր իշխանության հանդեպ»,- նշել է նա:

 

-Տիկի՛ն Վարդանյան, հաջորդ խորհրդարանում լինելո՞ւ եք:

-Ես չեմ կարող նման հարցի պատասխանել: Այդ հարցին կարող է պատասխանել նախ ժողովուրդը, ինչպես նաեւ քաղաքական թիմը:

-Քաղաքական թիմի հետ  քննարկում ունեցե՞լ եք՝ այդ հարցի հետ կապված: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ունեցե՞լ եք:

-Ոչ, պարոն Փաշինյանի հետ հանդիպում չի եղել այդ համատեքստում:

-Ըստ Ձեզ, հանրությունը վստահո՞ւմ է ձեր իշխանությանը:

-Ես չեմ կարող գնահատական տալ, դա ամենալավը ընտրությունները կտան: Եթե ավելի շատ աչքին տեսանելի ձեւով նայենք, ապա, այո, կան ազդակներ, որ իշխանությունն ունի աջակցություն:

-Նույնիսկ պատերազմից հետո՞ հանրությունը վստահում է ձեզ:

-Ես կարծում եմ, որ կա վստահություն: Վստահության չափ չեմ նշում, բայց վստահություն կա:

-Շրջե՞լ եք Երեւանում, զրուցե՞լ եք բնակիչների հետ: Պատերազմից հետո ի՞նչ են կարծում, պատերազմից հետո այս իշխանությունը պե՞տք է մնա եւ ղեկավարի:

-Կարծիքներ տարբեր կան, շրջել եւ բնակիչների հետ զրուցել՝ ոչ, բայց շրջում, ե՛ւ գործով, ե՛ւ տարբեր մարդկանց հետ եմ հանդիպում, սակայն դրանից որեւէ եզրահանգման չեմ կարող գալ: Արդյունքը հնարավոր կլինի գնահատել միայն  ընտրություններից հետո:

-Ասում են, որ այսօրվա ընդդիմություն ավելի ուժեղ է՝ մատնանշելով Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արթուր Վանեցյանին, նշվում է նաեւ, որ իրենց վարկանիշն ավելի բարձր է, քան ձեր իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի: Դուք կիսո՞ւմ եք այս կարծիքը:  

-Կարծիքը, բնականաբար, չեմ կիսում, բայց էլի եմ ասում՝ դա իմ գնահատականը չպետք է լինի: Գնահատողը պետք է լինի ժողովուրդը: Եվ էստեղ է ամբողջ խնդիրը, որ ժողովրդի խոսքի, քվեի ինստիտուտն է, որ պետք է կայանա:

-Ըստ Ձեզ՝ Ռոբերտ Քոչարյանը վարկանիշ ունի՞ Հայաստանում:

-Ես չգիտեմ, չեմ կարող նրա վարկանիշի մասին ոչինչ ասել:

-Մարդկանց հետ զրուցելուց չե՞ք պարզել:

-Մարդկանց մեջ ե՛ւ դեմ, ե՛ւ կողմ կարծիքներ կան: Ես չէ, որ պետք է գնահատեմ Ռ. Քոչարյանի վարկանիշը:

-Այդ զրույցների ժամանակ ի՞նչ դիրքորոշում են ներկայացնում:

-Կան մարդիկ, որ ասում են՝ այո, ոչ թե պետք է վերադառնա, այլ ընտրելու են այսինչ քաղաքական թիմին:

-Ի՞նչ հասցրիք անել խորհրդարանում այս տարիների ընթացքում ու ի՞նչ չհասցրիք անել: 

-Ես ոլորտային տնտեսական հանձնաժողովի անդամ եմ, եւ այնտեղ է եղել իմ հիմնական մասնագիտական գործունեությունը: Հասցրել ենք անել այն ամենը, ինչը թափանցիկ ու բաց է եղել, որոշ թերացումներ են եղել: Այս ամենը պետք է վերագնահատել եւ հասկանալ: Կարեւորը սխալներից հետո չկրկնել դրանք:

-Ի՞նչ խոստում էիք տվել: Կարողացա՞ք այս 2,5 տարիների ընթացքում ի կատար ածել:

-Ես կարծում եմ՝ մասամբ այո, մասամբ՝ ոչ:

-Ըստ Ձեզ՝ ո՞րն էր ամենակարեւոր հարցը, որ լուծեցիք երկրի համար:

-Ես կարծում եմ՝ կարեւոր են համակարգային փոփոխությունները, հաջողել է մեր իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարում: Խոսում եմ համակարգային կոռուպցիայի մասին:

-Ու դրա համար ժողովուրդն ընտրելո՞ւ է ձեզ, եւ դուք վերադառնալո՞ւ եք իշխանության: 

-Միայն այդ հարցի համար չէ: Ես կարծում եմ՝ ժողովրդի համար կարեւոր է, որ ինքն իմանա, որ իշխանության ընտրողն ու հեռացնողը ինքն է: Սա ամենակորեւոր բանն է, որ պետք է ապահովել:

 

 

ԸՆՏՐԱԿԱՐԳԻՆ ՀԱՇՎԱԾ ՕՐԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ

Դեռեւս ապրիլի 1-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել էր «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծն ընդունվել էր 82 կողմ ձայներով։ Նշենք, որ, փոփոխությունների համաձայն, ընտրությունների անցկացումը կլինի միայն համամասնական ընտրակարգով, առանց ռեյտինգային քվեարկության։

 

Armlur.am-ը տեղեկացավ, որ իշխանական թեւը օրերն է հաշվում, թե երբ համամասնական ընտրակարգը օրենքի ուժ կստանա, քանի որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն մեսիջներ է ուղարկել, որ այն չի ստորագրելու, ու դա մնալու է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուսերին: Մենք տեղեկացանք, որ 21 օր լրանալուց հետո Արարատ Միրզոյանը այն կստորագրի, ու հարցը կհամարեն ավարտված: Այսինքն՝ մի քանի օրից համամասնական ընտրակարգի հարցերը կլուծվի, բայց, արի ու տես, իշխանական թեւին ԸՕ-ի հետ կապված դեռեւս մեկ անհանգստացնող հարց կա:

Armlur.am-ը տեղեկացավ, որ հայրենի իշխանությունները շունչները պահած սպասում են Վենետիկի հանձնաժողովի պատասխանին՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության մասով, որպեսզի կարողանան մայիսի 4-ին կայանալիք ԱԺ հերթական նստաշրջանում այն օրակարգում ներառել: Վենետիկի հանձնաժողովից իշխանական վերնախավը դրական արձագանքներ է ստացել ու հույսով սպասում է, որ մինչեւ ապրիլի վերջ արդեն կուղարկի խորհրդատվական կարծիքը: Իշխանական ֆրակցիան պատրաստվում է նոր Ընտրական օրենսգիրքը եւս ընդունել առաջիկայում, բայց կիրառումը, հնարավոր է, մնա հաջորդ ընտրությունների ժամանա: Առաջիկա արտահերթ ընտրությունների իշխանությունները կգնան հին ԸՕ-ով:

Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հնարավոր արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ նոր կուսակցությունների ձեւավորման գործընթացը չի դադարում: Միայն ապրիլ ամսին նախատեսված է 14 կուսակցության հիմնադիր համագումարի անցկացում: Ընդ որում, դրանցից երեքի համագումարը տեղի կունենա մարզերում:

Այսպիսով,  Երեւանում ապրիլին նախատեսված են եղել «Հայրենասերների», «Ինտելեկտուալ Հայաստան», «Ազգ-բանակ-հայրենիք», «Ազգի ձայն», «Սոցիալ-իրավական հավասարություն», «Անկախության սերունդ», «Զարթոնք» ազգային քրիստոնեական, Ազգային միացյալ նախաձեռնություն, «Վան ազգային-պահպանողական», «Միասնական հայրենիք», «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունների հիմնադիր համագումարները:

Կոտայքում նախատեսված էր «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» եւ «Արեւ սոցիալիստական» կուսակցությունների հիմնադիր համագումարները, իսկ Կապանում տեղի կունենա «Հայաստանի քրիստոնեական միություն» կուսակցության հիմնադիր համագումարը: Իսկ ովքե՞ր են նշված կուսակցությունների ներկայացուցիչները. «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» կուսակցությունը ձեւավորվել է «Սասնա ծռեր» կուսակցության հենքի վրա, «Միասնական Հայրենիք» կուսակցության նախաձեռնողն էլ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն է, եւ համանուն կուսակցություն առկա է նաեւ Արցախում: Կուսակցությունների կազմավորման գործընթացը շարունակվում է: Ընդ որում, այդ կուսակցությունների մեծ մասը հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մտադրություն ունի մասնակցելու:

 

 

 

ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է

Հայաստանում հացի արտադրության ծավալները պակասել են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա երկու ամիսներին մեր հանրապետությունում արտադրվել է 45 հազար 908 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 46 հազար 917 տոննա: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-փետրվարին նվազել են 2.2 տոկոսով: Մասնագետների խոսքերով՝ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Չէ՞ որ որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները:

 




Լրահոս