ԱՇԽԱՐՀԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական Բաքուն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին խորհուրդ է տալիս սեփական երկրի խնդիրներով զբաղվել։ Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է ֆրանսիացի դեսպան Ժոնաթան Լաքոթի մեկնաբանությանը Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացման վերաբերյալ։

 

Դեսպան Լաքոթը մասնավորապես հայտարարել էր, թե պատերազմը չպետք է ներկայացում բեմադրելու առարկա դառնա։ Երեւանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ֆրանսիացի դիվանագետն ընդգծել է, որ այժմ առաջնահերթությունը հակամարտության լուծումը գտնելն է, գերիների վերադարձը, երկխոսության վերսկսումը։

Ադրբեջանական նոր թանգարանի վերաբերյալ բազմաթիվ բացասական մեկնաբանություններից պաշտոնական Բաքվի ուշադրությունը գրավել է հատկապես Հայաստանում Ֆրանսիայի դեսպանինը։

«Ինչ-որ հարց մեկնաբանելուց առաջ լավ կլիներ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նայեր իր երկրին եւ ուշադրություն դարձներ, թե ինչպես են հարցերը լուծվում այնտեղ»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաեւան՝ հավելելով, որ միջնորդ հանդիսացող երկրի ներկայացուցիչը պետք է առավել պատասխանատու վերաբերվի մեկնաբանություններին։

Հիշեցնենք՝ այս շաբաթ ադրբեջանական թանգարանների շարքը համալրվեց եւս մեկով, որի նմանօրինակը աշխարհում ընդամենը մի քանիսն են, որոնք էլ բացվել են Ադոլֆ Հիտլերի, Սադդամ Հուսեյնի նախաձեռնությամբ։

Բաքվում բացված պատերազմի այդ թանգարանում, բացի հայկական զինտեխնիկայից, ցուցադրության են հանվել զոհված հայ զինծառայողների սաղավարտները, հագուստները, սպանված, վիրավոր, գերեվարված, կապկպված հայ զինվորների մանեկեններ։

Բացօթյա այդ թանգարանի հանդիսավոր բացմանն անձամբ է ներկա եղել նախագահ Իլհամ Ալիեւը եւ հրճվանքը չթաքցնելով՝ լուսանկարվել այդ տեսարանների ֆոնին։

Համացանցում տարածված այդ լուսանկարները ոգեւորությամբ են դիմավորել թերեւս միայն Ադրբեջանի քաղաքացիները, դրսում այդ տեսարաններն ընկալվել են որպես հայատյացության ցցուն օրինակ։

Բռնապետից մինչեւ պատերազմական հանցագործ են անվանում Ալիեւին միջազգային մի շարք լրատվամիջոցներ, իրավապաշտպան կառույցներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ: Իրենց նախագահին քննադատող քաղաքացիները, սակայն, հատուկենտ են. ադրբեջանական սոցիալական ցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել հայտնի պատմաբան Ալթայ Գյոյուշովի բացառիկ մեկնաբանությունը: «Երեւի ցանկացել են թշնամու գանգերից սար, պատ կառուցել։ Այժմ սպասում եմ, թե երբ են այնտեղ տանելու դեսպաններին եւ դասախոսություն կարդալու Կովկասում խաղաղություն կառուցելու մասին»,- Ֆեյսբուքում գրել էր ադրբեջանցի պատմաբանը՝ հարուցելով հայրենակիցների զայրույթը։

«Ռազմական ավարի պուրակը արտաքին եւ ներքին թշնամիների աչքը հանելու համար է։ Հաղթողներին չեն դատում։ Եթե որեւէ մեկն իրեն վատ է զգում, թող խեղդվի Կասպից ծովում»,- պատասխանել է ադրբեջանցի օգտատերերից մեկը։

«Սրանք հանկարծ սկսել են սիրել հայկական սաղավարտները,- գրել է մեկ ուրիշ օգտատեր՝ հավելելով:- Ցուցադրում ենք դատարկ սաղավարտները, լավ ենք անում»։

«Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում եւ համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովին ունեցած իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել է, որ Հայաստանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն դեռ հայկական կողմից որեւէ արձագանք չի եղել: Այս համատեքստում եւ ընդհանրապես առաջիկայում սպասվո՞ւմ են հանդիպումներ ադրբեջանական կողմի հետ. Նաղդալյանը հայտարարել է. «Նման հանդիպում նախատեսված չէ: Ավելին, Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշումը եւ վարքագիծը, մեղմ ասած, հիմք չեն տալիս՝ Ադրբեջանի իշխանություններից կառուցողականություն ակնկալելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակում լուծումներ փնտրելու համար: Ասածիս վառ վկայությունն է ապրիլի 12-ին Բաքվում տեղի ունեցած, Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացմանը Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները եւ ինքնին ցուցադրության կազմակերպումը՝ դիակապտության տարրեր պարունակող տեսարաններով եւ զոհված հայ զինվորների հիշատակի նկատմամբ անարգանքի դրսեւորումներով»:

«Այս ամենը, ինչպես նաեւ ռազմագերիների հարցի շահարկումը Ադրբեջանի կողմից գալիս է ապացուցելու, թե որքան հեռու է կանգնած Ադրբեջանի ղեկավարությունը հետպատերազմյան իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության եւ հաշտեցման վերաբերյալ իր իսկ դեկլարատիվ հայտարարություններից»։

Նմանօրինակ սադրիչ հայտարարությունները, Նաղդալյանի խոսքով, խաթարում են տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար:

Ն.Հ.

 

 

 

ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՀՔԾ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սակայն թե ինչ հատկանիշներով, դեռ հայտնի չէ։ «Առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի իրավակարգավորումներով՝ հարուցված քրեական գործի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվում»,- այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հրավիրել են ՀՔԾ՝ ծանոթանալու, թե կոնկրետ ինչ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվելու:

 

 

 

ՏԵՂԱԿԱԼ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ է նշանակվել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Նաիրա Ճնգրյանը: Նաիրա Ճնգրյանը նշանակվեց 3 տարի ժամկետով:

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է

ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Վազգենի Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 16-ին՝ ժամը 18:00-ին, Երեւանի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Նորք-Մարաշ): Հուղարկավորությունը՝ նույն վայրից ապրիլի 17-ին՝ ժամը 11:00-ին

 

 

ԼՂՀ-Ի ՀԱՐՑԸ ԱՐԾԱՐԾՎԵԼ Է

ՌԴ եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի թեմային: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ հենց նոր Ադրբեջան կատարած այցի համատեքստում արծարծվել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ

Խանջյան փողոցի եւ Տիգրան Մեծի պողոտայի հատման մասի տրանսպորտային թունելի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ ապրիլի 17-ին՝ ժամը 09:00-20:00-ն, կդադարեցվի թունելի Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոսի փողոց ուղղության 1-ին երթեւեկելի գոտու, իսկ ապրիլի 18-ին՝ ժամը 09:00-20:00-ն՝ Ագաթանգեղոսի փողոցից դեպի Խանջյան փողոց ուղղության 1-ին երթեւեկելի գոտու երթեւեկությունը:

 

 

ՉԵՆ ՊԱՐԶՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները դեռեւս չեն գտել երեկ երթուղայինում տեղի ունեցած սպանություն կատարած 57-ամյա տղամարդուն: Մեզ հաջողվեց պարզել, թե ինչպես է իրավապահներին հաջողվել պարզել տղամարդու ինքնությունը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վիճաբանության ժամանակ ենթադրյալ սպանություն կատարած անձի հեռախոսը ընկել է երթուղայինում, ու երբ նա դանակահարել է 39-ամյա տղային ու դիմել փախուստի, հեռախոսը մնացել է երթուղայինում, ինչի արդյունքում իրավապահներին հաջողվել է գտնել, թե ով է 39-ամյա տղային սպանողը, որտեղ է ապրում:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական բաժինը պարզել էր երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ինչպես նաեւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որն Արտաշատ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1963թ.:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի 57-ամյա բնակիչը երթուղային միկրոովտոբուսի մեջ, դիմակ չկրելու հետ կապված, Երեւան քաղաքի 39-ամյա բնակչի կողմից արված դիտողության հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով երեք հարված է հասցրել տղամարդու կրծքավանդակին` ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելով նրան: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 57-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ԿԲԱՐՁՐԱՑՆԻ

Կառավարությունը մտադիր է էապես բարձրացնել պետական գույքի օտարման տեմպերը: Այս մասին կառավարության գործունեության մասին հաշվետվության ներկայացման ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա խոսքով՝ 2020 թվականին պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են մոտ 1,3 մլրդ դրամ: «Այս տարի մենք մեր առջեւ խնդիր ենք դրել էապես բարձրացնել պետական գույքի իրացման տեմպերը, ինչպես նաեւ տվյալ գործընթացի որակը, դրա հասանելիությունը»,- ասել է նախարարը: Վերջինիս խոսքով՝ 1,3 մլրդ դրամից 930 մլն դրամը փոխանցվել է պետբյուջե, իսկ մնացած մասն ուղղվել է հանրապետության տարբեր համայնքների բյուջեներ:

 

 

 




Լրահոս