ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ ՊԵՏԲՅՈՒՋԵՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում եւ փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի տնտեսական եւ սոցիալական հետեւանքները մեղմելու համար Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապրիլ ամսվա համար տրամադրելու նպատակով:

 

Ըստ այդմ, առաջարկվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի պահուստաֆոնդից հատկացնել 7,548,000 հազար դրամ 111 000 շահառուներին, այդ թվում՝ Արցախի Հանրապետության կենսաթոշակառուներին, 68,000 դրամ դրամական օգնություն ցույց տալու համար։ Հաշվարկներում հաշվի է առնվել մարտ ամսվա վճարման ցուցակներ ընդգրկված շահառուների թիվը՝ 101,442 (77420 շահառուի վճարվել է դիմումի հիման վրա, իսկ 24022 շահառուի՝ Արցախի կողմից՝ որպես հաշմանդամություն ունեցող կամ 63 եւ ավելի տարեկան կենսաթոշակառուներ)։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ, որոշման համաձայն, 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր Արցախի քաղաքացու տրվում է 68 հազար դրամ աջակցություն՝ բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց: Նախարարի խոսքով՝ մինչեւ այժմ արցախցիներին տրամադրված աջակցությունների ծավալը կազմում է մոտ 33 մլրդ դրամ: «Եւս 22 մլրդ դրամի աջակցության որոշում արդեն ունենք, որից մեկը այս հատկացումն է: Այսինքն՝ ընդհանուր կառավարության հատկացումների ծավալը կազմելու է 55 մլրդ դրամ: Այս ծրագրով նախորդ ամիս 101 հազարից ավելի արցախցիներ ստացել են այս աջակցությունը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այս աջակցությունից օգտվելու համար լրացուցիչ դիմելու կարիք չկա. եթե մարտին ստացել են աջակցությունը, հետագա ամիսներին ավտոմատ կփոխանցվի:

Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է նաեւ, որ քաղաքացիների մի փոքր խումբ է մնացել, որոնք աջակցության ծրագրերից դուրս են մնացել, եւ այդ առումով կարգավորում կարվի, որպեսզի նրանք նույնպես դառնան ծրագրի շահառու: Ի պատասխան վարչապետի հարցին՝ նախարարը նշել է, որ շահառուները, անկախ ստացած կենսաթոշակից կամ աշխատավարձից, ստանում են լրացուցիչ 68 հազար դրամ:

 

 

 

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջարկվում է կրճատել ոչ աշխատանքային եւ տոնական օրերը. Կառավարությունը հավանություն է տվել ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ այդմ՝ առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը սահմանել աշխատանքային օրեր: Հիմնավորման համաձայն՝ ներկայում ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած եւ առավել եւս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։ Տոն եւ հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության իրականացման վրա, ինչպես նաեւ տեղական եւ օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ, գնահատման արդյունքներով, 5 լրացուցիչ աշխատանքային օրերի դեպքում այլ հավասար պայմաններում համախառն ներքին արդյունքի ծավալը կավելանա 88.6 մլրդ դրամով, համախառն թողարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով:

Վարչապետն առաջարկել է օրինագծին հավանություն տալ, սակայն շարունակել քննարկումը դրա վերաբերյալ: «Օրենքի նախագիծը պետք է շրջանառվի, ընթերցումներ անցնի Ազգային ժողովում: Մինչ այդ էլ, բնականաբար, բարձրաձայնում ենք թեման հանրային որոշակի կարծիք գեներացնելու համար, հասկանալու համար, թե, ի վերջո, ինչ ընկալումներ կան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ օրենքի նախագիծը կարող է դեռ շատ փոփոխությունների ենթարկվել եւ ի վերջո կարող է չընդունվել:

Նախագծի վերաբերյալ մի շարք առարկություններ է ներկայացրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ մասնավորապես նշելով, որ 5 ոչ աշխատանքային օրերի կրճատումը նվազեցնում է աշխատողների հանգստյան օրերի քանակը տարվա կտրվածքով։ Նախարարը առաջարկել է աշխատանքային դարձնել միայն հունվարի 4,5,7-ը։

 

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՂԱՐԿԵԼ

Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալներն աճել են: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից պարզեց, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 2 մլն 750 հազար 600 դոլարի օգնություն: Նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանը ստացել է 2 մլն 313 հազար 200 դոլարի մարդասիրական օգնություն:

 

ArmLur.am-ը տեղեկացավ, թե որ երկրներն են մարդասիրական օգնության ձեռք մեկնել Հայաստանին: Նշենք, որ այդ թվում են Եվրամիության անդամ շատ երկրներ: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 169 հազար դոլարի օգնություն, իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից` 173 հազար 900 դոլարի:

Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-փետրվարին Հայաստան եկել է 129 հազար 300 դոլարի մարդասիրական օգնություն: Այս տարվա 2 ամիսներին Հայաստանը Շվեյցարիայից 10 հազար դոլարի մարդասիրական օգնություն է ստացել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Շվեյցարիայից Հայաստան եկել է 84 հազար 300 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Իսկ ԱՊՀ երկրներից Հայաստանը 0 դոլարի մարդասիրական օգնություն է ստացել, իսկ, ահա, նախորդ տարվա հունվար-փետրվարին Ռուսաստանից ՀՀ եկել է 5900 դոլարի չափով մարդասիրական օգնություն. այս տարի՝ 0 դոլար:  Ի դեպ, տեղեկացնենք, որ Չինաստանն է մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին 470 հազար 700 դոլարի չափով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱՄՆ-ից նախորդ տարվա հունվար փետրվար ամիսներին ՀՀ ուղարկվել է 389 հազար դոլար, իսկ այս տարվա երկու ամիսներին՝ 757 հազար 500 դոլար մարդասիրական օգնություն:

Այս տարի եւս Հնդկաստանից Հայաստան մարդասիրական օգնություն է եկել. այս տարվա հունվար-փետրվարին ստացվել է 46 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն, որը, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` զգալի պակասել է: Ասել է թե՝ 2019 թվականից աշխարհում տարածված կորոնավիրուս վարակն իր բացասական ազդեցությունն է թողել նաեւ Հայաստան ստացվող մարդասիրական օգնության ծավալների վրա: Թեեւ ծավալները փոքր-ինչ ավելացել են, բայց կան երկրներ, որոնք, նախորդ տարվա համեմատ, զգալի նվազեցրել են Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության ծավալները:

Ս.Հ.

 

 

 

ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող նախագծերի թվում ընդգրկված է նաեւ ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին հարցը: Այս նախագծերի փաթեթով կառավարության կազմում կավելանա եւս մեկ նախարարություն՝ Ներքին գործերի նախարարությունը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը կայացվել է՝ ելնելով Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունից եւ դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրից: Ներկայումս ոստիկանության կողմից իրականացվող մի շարք իրենց բնույթով քաղաքացիական ծառայությունները կիրականացվի նախարարության կողմից։ Նշվում է, որ գործառույթների նման տարանջատումը կհանգեցնի նաեւ ոստիկանության կողմից կոնկրետ մասնագիտական խնդիրների կատարման վրա շեշտադրմանը։ Ներկայացվող օրենքների նախագծերի համաձայն՝ նախարարության ենթակա մարմիններ են լինելու Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաեւ նախարարությանը ենթակայությանն է հանձնվելու ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը։

Նախատեսվում է նախարարության կազմում ներառել հետեւյալ հիմնական կառուցվածքային ստորաբաժանումները՝

l Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչություն,

l Միջազգային համագործակցության վարչություն,

l Հանրային ծառայությունների որակի ապահովման վարչություն,

l Հակակոռուպցիոն վարչություն։

Նախարարության կառուցվածքում նախատեսվում է ստեղծել հետեւյալ աջակցող ստորաբաժանումները՝

Իրավաբանական վարչություն; Ֆինանսաբյուջետային վարչություն; Տնտեսական վարչություն; Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն; Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, Գործավարության եւ գաղտնիության ռեժիմի ապահովման վարչություն; Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն։

 




Լրահոս