Կառավարությունը հաստատել է ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանացային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձեւավորման միջոցառումները:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է՝ նախորդ տարի վեց կենտրոններ մասնակցել են դրամաշնորհային մրցույթի եւ շահել են դրամաշնորհներ նշված ուղղությամբ գործունեություն իրականացնելու համար: «Հայտնի պատճառներով այդ ծրագրերը չեն իրականացվել՝ COVID-ի, այնուհետեւ պատերազմի պատճառով: Ծրագրերի բովանդակությունը հետեւյալն է. 6 կենտրոններ դիմել են, որոնցից մեկը LOFT-ն է: Հիմա առաջարկվում է հետեւյալը. Վանաձորում Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկը տրամադրվում է LOFT կենտրոնին, իսկ մնացած մարզային հինգ կենտրոնները պետք է իրականացնեն դրամաշնորհային ծրագրերը, որոնք շահել են նախորդ տարի: Ընդհանուր գումարը մոտ 110 մլն դրամ է կազմում»,- ասել է նախարարը:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ հանրապետության մարզերում կամ մարզերի մեծամասնությունում չկան երիտասարդների համար այդպիսի կենտրոններ: «Հատկապես մարզերում պետք է ստեղծել նման կենտրոններ: Առանց կառավարության միջամտության, օրինակ, Երեւանում, նաեւ Գյումրիում, այդպիսի կենտրոններ ձեւավորվել են ժամանակի ընթացքում: Դա երկար է տեւել, եւ մենք որոշեցինք խթանել այդպիսի կենտրոնների ձեւավորմանը նաեւ մարզերում:
Ընդ որում, պետք է արձանագրել, որ, այսպես ասած, երիտասարդական կենտրոնների ավանդական մոդելը, որի մասին մենք պատկերացում ունենք, այս նպատակին չի ծառայում: Որոշ մարզային քաղաքաներում կան անհատներ, որոնք իրենք նախաձեռնել են նման միջավայրերի ձեւավորումը, եւ շատ հաջող փորձ ունենք: Արդյունքում մենք որոշեցինք դրամաշնորհային ծրագիր իրականացնել, այսինքն՝ առաջարկ անել, ովքեր ունեն նման նախաձեռնություն, նման մտահղացում, ներկայացնեն ձեւավորված մրցութային հանձնաժողով: Եվ մարդիկ ներկայացրեցին իրենց առաջարկները, որի արդյունքում ունենք շահողներ: Վերջիններիս մենք ուղղակի աջակցում ենք, որպեսզի այդ կենտրոնները ստեղծեն: Այս կենտրոններն իրենցից ներկայացնելու են երիտասարդների միջավայր: Օրինակ՝ Երեւանում հենց նույն LOFT-ը այնպիսի կենտրոն է, որ դժվար է ժամանակակից տերմինաբանությամբ ձեւակերպել, թե ինչ է՝ սրճարան է, ակումբ է, գրադարան է: Այսինքն՝ մի միջավայր, որտեղ, այնուամենայնիվ, կարեւորը բովանդակությունն է, շփումն է, քննարկումներն են եւ այսպես շարունակ: Եվ մենք նախորդ տարի մրցույթը հայտարարել էինք, շահողները կային, ուղղակի պատերազմի բերումով արդեն բուն ֆինանսական հատկացումները հետաձգվեցին: Մենք հիմա որոշեցինք վերադառնալ այս ծրագրին: Ըստ այդմ, հիմա գումարները կհատկացվեն, եւ նախագծերը կիրականացվեն»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ծրագիրը լավ արդյունքներ կունենա. «Պետք է իրականացման ընթացքին հետեւել անպայման, որպեսզի հիմքում դրված բովանդակությունը ճշգրիտ իրականացվի: Եվ ես հույս ունեմ, որ սրա արդյունքում, այսպես ասած, երիտասարդական միջավայրը մարզերում կփոխվի: Մենք այս ծրագիրը կփորձենք շարունակել՝ նաեւ հնարավորինս լայն տարածում տալու համար, որովհետեւ սա առաջին հերթին զարգացման ծրագիր է»:
Վարչապետը նշել է նաեւ, որ պետք է շարունակել ընդունել առաջարկներ մարզերից, մարզային կենտրոններից, քաղաքներից այսպիսի նախագծեր իրականացնելու համար. «Այս պահին չստանձնենք որեւէ ֆինանսական պարտավորություն, բայց ամեն դեպքում բովանդակային առաջարկներ շարունակենք ընդունել, եւ եթե լինեն հետաքրքիր ծրագրեր, կարծում եմ, մենք կգտնենք ձեւն այդ ծրագրերի իրագործմանն աջակցելու»:
1014 ՆՈՐ ԴԵՊՔ
Ապրիլի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 206142 դեպք, որոնցից 185125-ը` առողջացած, 3817-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16236 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 920423 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 4950 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1014 նոր դեպք: Ունենք 882 առողջացած եւ 23 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 964 է:
ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔ
2020թ.-ի արդյունքներով՝ «Յունիբանկ»-ը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը: 2020թ.-ի վերջի դրությամբ «Յունիբանկ»-ի ակտիվները կազմել են ավելի քան 238 մլրդ դրամ, իսկ վարկային ներդրումները՝ մոտ 156 մլրդ դրամ: Մանրածախ վարկերի քանակը, 2019թ.-ի համեմատ, աճել է ավելի քան 8%-ով, իսկ ծավալը՝ 11%-ով: «Մեր ռազմավարական նպատակներից մեկը բանկային ծառայությունները հասարակության համար հնարավորինս հասանելի եւ մատչելի դարձնելն է: Մենք հաջողությամբ լուծում ենք այս խնդիրը՝ մեր հաճախորդների համար բարենպաստ պայմաններով վարկատեսակներ մշակելով եւ նորարարական տեխնոլոգիաներ ներդնելով: Արդյունքներն ակնհայտ են. 2011թ.-ից ի վեր մեր կողմից տրամադրված POS վարկերի ծավալն աճել է ավելի քան 10 անգամ»,- նշեց «Յունիբանկ»-ի մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: «Յունիբանկ»-ի նշանակալի նորամուծութուններից մեկն անգրավ սպառողական վարկերի սքորինգային համակարգում արհեստական բանականության տեխնոլոգիայի կիրառումն է:
Արհեստական բանականության տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ավելի արագ եւ որակյալ մշակել մեծ ծավալի տեղեկատվություն, վերլուծել հաճախորդների տվյալները եւ ավելի մեծ ճշգրտությամբ կառուցել նրանց պրոֆիլը: Արհեստական բանակության տեխնոլոգիայի միջոցով վեց ամսվա ընթացքում մշակվել է 250 հազար վարկային հայտ: Հետեւելով հաճախորդամետ քաղաքականությանը՝ 2020թ.-ին «Յունիբանկ»-ը միջոցներ ձեռնարկեց համավարակի եւ ռազմավարական դրության պայմաններում հաճախորդներին աջակցություն տրամադրելու համար: Բանկը երկարաձգեց ֆիզիկական անձանց տրամադրված անգրավ սպառողական վարկերի մարման վերջնաժամկետը եւ մարումները համամասնորեն բաշխեց վարկի մնացորդային ժամկետի վրա: Բանկն աջակցություն է ցուցաբերել նաեւ ռազմական գործողություններին մասնակցած հաճախորդներին: