ԱՅՍ ԳԱՐՆԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն գարուն է, իսկ մարդիկ դեռ չեն հասցրել թարմացրել իրենց զգեստապահարանները, եւ քանի որ  յուրաքանչյուր նոր սեզոն նշվում է նորաձեւության ոլորտում նոր միտումներով, շատ կարեւոր է սովորել, թե ինչպես ճիշտ կերպով համատեղել հագուստի տարրերը, լրացնել դրանք պարագաներով, որպեսզի ստեղծվեն իսկապես նորաձեւ «լուքեր» եւ գրավիչ կերպարներ:  «Ժողովուրդ» օրաթերթը գարնանայի նորաձեւության միտումների մասին զրուցել է ոճաբան Արփինե Կոշտոյանի հետ:

 

Մեզ հետ զրույցում ոճաբան Արփինե Կոշտոյանը նշել է, որ բավականին հետաքրքիր եւ գունառատ գարուն է մեզ սպասվում:

Որո՞նք են այս գարնան նորաձեւ գույները

Այս սեզոնի ամենաակտուալ գույներն են բաց դեղին, բաց կանաչ, պաստելային եւ նուրբ երանգները, թեպետ մեզ շուտով պետք են գալու ամառային գույներ, բայց, այնուամենայնիվ, այս տարի օգտագործվում է մեղմ պալիտրա, ակտուալ են գրեթե բոլոր գույները, բայց ոչ թե արտահայտիչ երանգով, այլ պասիվ: Շատ ակտուալ է մարգարտեփայլ երանգը, որը մեծ պահանջարկ ունի:

Գարնանային նորաձեւության գլխավոր տենդենցները:

Այս գարնանն ակտուալ է լայն T-shirt-ը մեծ աքսեսուարների հետ, որոնք կարելի է կրել երեկոյան խնջույքների ժամանակ, ակտուալ են նաեւ ժակետները, վանդակավոր հաստ վերնաշապիկները: Ակտուալ են մեծ օձիքով բլուզները, որոնք պատված են ասեղնագործ եւ հետաքրքիր ժանյակներով,  որոնք շատ վաղուց չենք տեսել, թեպետ նորաձեւությունը հաճախ է կրկնվում, բայց այս թրենդը ոճաբանը  հիշում է տատիկի երիտասարդ տարիներից, որը վերադարձել է կրկին նորաձեւություն:

Տաբատներից ակտուալ են լայն փողքերը, օրինակ՝ եթե անցած տարի ակտուալ էին մատիտանման կիպ կիսաշրջազգեստները, ապա հիմա նորաձեւ են լայն տաբատներն ու զգեստները, նորաձեւ են «Ա» ձեւածքով զգեստները, իսկ նախկինում հակառակն էր: Առհասարակ, 2021 թվականին մինին նորաձեւ չէ, եթե այս վերջին տարիներին սկսել էր հետ նահանջել, ապա այս տարի ընդհանրապես նորաձեւ չէ: Այս տարի նորաձեւությունում գլխավորում են մինի, միդի տարբերակները, որոնք կարելի է կրել սպորտային կոշիկների հետ: Գարուն-ամառ «լուք» կարող է լինել նաեւ մետաքսից նուրբ, կենդանական աշխարհի, ծաղկային  պրինտերը:

Կոստյումներ եւ վերնաշապիկներ

Նորաձեւության հետաքրքիր միտումներից են կոստյումները, որոնք թրենդային է կրել  սպորտային տաբատների եւ կոշիկների հետ միասին: Ոճաբանի խոսքով՝ այս տարվա նորաձությունը  հնարավորություն է տալիս կրել առավել մաքսիմալ ազատ եւ հանգիստ հագուստներ: Այս տարի նորաձությունը գլխավորում է սպիտակ վերանշապիկը, նորաձեւ են պարզ ուղիղ ձեւվածքով պիջակները, վերնաշապիկները, որոնք միշտ են թրենդի մեջ, իսկ  կաշվե իրերից՝ կիսաշրջազգեսները, տաբատները, կոմբինեզոններն ու աքսեսուարները:

Կոշիկներ եւ աքսեսուարներ

Աքսեսուարներից շատ նորաձեւ են խոշոր ոսկեգույն շղթաները, ակտուալ են բագետ պայուսակները եւ  պանամա գլխարկները: Իսկ կոշիկներից ակտուալ են կոպիտ տակացու ունեցողները:

Ոճաբան Արփինե Կոշտոյանը խորհուրդ է տալիս չընկնել թրենդների հետեւից, քանի որ յուրաքանչյուր թրենդ շատ շուտով դառնում է անտիթրենդ, պետք է պարզապես կրել այն, ինչ մեզ իսկապես սազում է՝ գերի չընկնելով նորաձեւությանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ ԵՐԵԿՈ ԿԱՆՑԿԱՑՎԻ

Հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայ առաքելական եկեղեցու «Սբ. Մեսրոպ Մաշտոց-Սահակ Պարթեւ» շքանշանակիր Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակի առթիվ ապրիլի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի երգեհոնային երաժշտության երեկո:

 

Որպես մենակատարներ հանդես կգան երգեհոնահարներ Արթուր Ադամյանը, Լուսին Սառաջյանը, Աննա Բակունցը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Կարինե Հովհաննիսյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Մարինա Նահապետյանը, հնագույն երաժշտության «Տաղարան»  համույթի մենակատարներ Գալինա Ցոլակյանը (սոպրանո) եւ Քրիստինա Չթչյանը (ջութակ), ինչպես նաեւ Նարեկ Ավագյանը (ֆլեյտա):

Կհնչեն Բախի, Հենդելի, Կոմիտասի, Եկմալյանի, Երկանյանի ստեղծագործությունները:

Նույն օրը Վահագն Ստամբոլցյանին նվիրված համերգային երեկո կկայանա նաեւ Չարենցավան քաղաքում: Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երգեհոնային դահլիճում ելույթ կունենան երգեհոնահարներ Վահագն Մարգարյանն ու Արմեն Աղաջանյանը:

Վահագն Ստամբոլցյանը մեծապես նպաստել է Հայաստանում երգեհոնային արվեստի տարածմանը։ Նվագացանկն ընդգրկում էր մինչդասական շրջանի, Յոհան Սեբաստիան Բախի, Հենդելի, Քրիստափոր Քուշնարյանի, Հարո Ստեփանյանի, Տիգրան Մանսուրյանի եւ այլոց երկերը։ Ստամբոլցյանն առաջին անգամ երգեհոնով հնչեցրել է Ներսես Շնորհալու, Խաչատուր Տարոնացու, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու շարականները (Կոմիտասի ու Եկմալյանի մշակմամբ եւ սեփական փոխադրությամբ)։ Կատարումն աչքի է ընկել գունեղ հնչողությամբ, ոճական ճշգրիտ մեկնաբանմամբ։ Համերգներով հանդես է եկել նաեւ ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում եւ արտասահմանում։

Առաջին անգամ 1965 թվականի ապրիլի 24-25-ին Խորհրդային Հայաստանում Վահագն Ստամբոլցյանը Լուսինե Զաքարյանի մասնակցությամբ հոգեւոր երաժշտության համերգային ծրագրով նշել է Հայոց ցեղասպանության տարելիցը։ Վահագն Ստամբոլցյանի շնորհիվ հայ հոգեւոր երգը տեղ է գտել բազմաթիվ եվրոպական երգեհոնահարների ծրագրային կատարումների ցանկում։

 

 

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ

Բելառուսի Օրշա քաղաքում անցկացված «Օրշա» շախմատային միջազգային փառատոնի A մրցաշարում հաջող է հանդես եկել գրոսմայստեր Աննա Սարգսյանը։ Հայաստանի ներկայացուցիչն 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ գրավել երկրորդ տեղը՝ զիջելով միայն բելառուս գրոսմայստեր Ալեքսեյ Ալեքսանդրովին (7.5 միավոր)։ Արմեն Բարսեղյանը 6 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը։ Պատանի շախմատիստներ Վահե Գրիգորյանը, Արարատ Ստեփանյանը եւ Ռաֆայել Ստեփանյանն իրենց գործակիցները բարձրացրել են համապատասխանաբար 104, 80 եւ 62 կետերով։ 17-ամյա Մարիամ Մկրտչյանը F մրցաշարում գրավել է 2-րդ տեղը, լրացրել կանանց միջազգային վարպետի նորմա եւ 81 կետով բարելավել իր անհատական վարկանիշը։ Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտած Third Saturday Mix 200 մրցաշարում հաջող են հանդես եկել պատանի շախմատիստներ Արթուր Դավթյանը եւ Մամիկոն Ղարիբյանը։ Դավթյանը 10 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ գրավել երկրորդ տեղը, իսկ Ղարիբյանը եզրափակել է լավագույն եռյակը՝ 6.5 միավոր: Հաղթողի կոչումը նվաճել է 8 միավոր վաստակած ամերիկացի գրոսմայստեր Հանս Մոկե Նիեմանը։ Մրցաշարին մասնակցում էին 18 շախմատիստներ, այդ թվում՝ 6 գրոսմայստեր եւ 7 միջազգային վարպետ։

 

 

ՀԻՄՆՎԵԼ Է «ՎԱՐԴԵՐԻ ՔԱՂԱՔ»

Արեւոտ օրերով հարուստ Ապարանում՝ սարի լանջին, բացվում է վարդաքաղաքը։ 2.5 հեկտար ջերմատանը միայն հոլանդական վարդեր են՝ անուշաբույր, գույնզգույն ու եզակի տեսակներ։ Ամբողջությամբ ավտոմատացված 4-րդ սերնդի ջերմատունը հիմնվել է 2019-ին Սարալանջում: «Ռոզ Ֆիլդ» ընկերությունը սկզբում դժվարությունների շատ է հանդիպել, բայց կար համախմբող գաղափար՝ ստեղծել հայկական ծաղկային դրախտ։ Այստեղ ներկայացված են հոլանդական 18 տեսակի վարդեր, որոնք, բացի տեղական շուկայից, կարտահանվեն նաեւ ԵԱՏՄ երկրներ։ Ջերմատունն այժմ աշխատատեղ է 35 ընտանիքի համար, մինչեւ տարեվերջ նախատեսում են ունենալ 85 աշխատատեղ եւ ընդլայնվել Հայաստանի մյուս մարզերում։ «Ռոզ Ֆիլդ» ընկերության գործընկերները «Ակբա» բանկն ու ֆինանսական խմբի անդամ «ԱԳԲԱ Լիզինգն» են, որոնք աջակցեցին ջերմատան գաղափարի իրականացմանը նույնիսկ ամենաբարդ տարում։ «Ջերմատան կառուցումը սկսել ենք պանդեմիայով, հետո՝ 44-օրյա պատերազմը, բայց ամբողջ ընթացքում չի դադարել մեր մատակարարումը, ֆինասավորումը: «Ակբա» բանկը առաջին իսկ պահից հավատաց, կանգնեց մեր կողքին, եւ աշխատանքի ամբողջ ընթացքում մեր հարաբերությունները միայն գործընկերային չէին, այլ շատ ավելի ջերմ ու ընկերական»,- նշում է «Ռոզ Ֆիլդ» ընկերության տնօրեն Հայկ Վարդանյանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

 

 




Լրահոս