ՀԱՍՏԻՔ՝ ԱԱԾ ՓՈԽՏՆՕՐԵՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավորից կարիերայի սրընթաց աճ արձանագրած եւ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակված Անդրանիկ Սիմոնյանի համար նոր ոլորտ է առանձնացվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս Ազգային անվտանգության ծառայությունում ոչ միայն հանդիսանում է Քննչական դեպարտամենտի ղեկավար եւ զբաղվում է այդ հարցերով, այլ հատուկ նրա համար ԱԱԾ-ի տնտեսական անվտանգության ու կոռուպցիայի հակազդման բաժնից առանձնացվել է երկու բաժին եւ տրվել նրան, քանի որ քաղաքական ղեկավարությունը նրան վստահել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը։ Այսինքն՝ նրան կոնկրետ նպատակով են Ազգային անվտանգության ծառայություն գործուղել եւ հստակ հանձնարարականներ տվել, որոնք էլ առաջիկայում նա պետք է իրականացնի: Եվ հենց դա է պատճառը, որ այժմ Անդրանիկ Սիմոնյանի մոտ կա դատավորների, այսինքն՝ իր նախկին գործընկերների անուններով մի ցուցակ, որոնց նկատմամբ առաջիկայում պետք է կոնկրետ քայլեր լինեն, եւ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի օրինակով նրանք եւս պետք է հայտնվեն մեղադրյալի աթոռին: Խոսքը դատավորներ Ալեքսանդր Ազարյանի, Կարինե Պետրոսյանի, Զարուհի Նախշքարյանի մասին  է: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ Ազգային անվտանգության ծառայությունը տվյալներ է հավաքվում Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետեր Օնիկ Գասպարյանի եւ Մովսես Հակոբյանի մասով։ Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է սպասենք նոր քրեական գործերի, որով մեղադրյալ կլինի հենց շտաբի նախկին պետը: Այսինքն՝ քաղաքական իշխանությունը անցել է գործի, եւ իրավապահ ու ուժային համակարգի առջեւ հստակ պահանջ են դրել, որ պետք է ճանապարհից հեռացնել անհնազանդներին, եւ դա վստահել մի մարդու, որը, լինելով դատավոր, անգամ իր վարույթում գտնվող գործերով նիստերին չի մասնակցել եւ համակարգում այնքան էլ լավ համբավ չի վայելում, բայց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հովանավորյալն է եւ քաղաքական կամակատարը։

 

 

 

Ապրիլի 20-ին տեղի կունենա Երեւանի ավագանու հերթական նիստ, որի օրակարգում ընդգրկված է 17 հարց: Այդ հարցերից մեկով նոր հաստիքներ են ավելանալու Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունում, նաեւ Քաղաքաշինության վարչության ներքին կառուցվածքում:  Որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է, թե քաղաքապետարանն ունի իրավաբան մասնագետների կարիք, եւ նաեւ դա է պատճառը, որ հաստիքների ավելացման կարիք է առաջացել: Նախագծով առաջարկվում է աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության թվով 57 հաստիքային միավորների թվաքանակը ավելացնել 12 հաստիքային միավորով, աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության ներկայիս հաստիքացուցակում ներառված 5 հաստիքային միավոր զբաղեցնող անձինք տեղափոխել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժին, աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի թվով 7 հաստիքների միավորների թվաքանակը ավելացնել 14 հաստիքային միավորով:  Բացի այդ, փոփոխություններ են կատարվելու բյուջեի հատկացումների հետ կապված: Մասնավորապես, առաջարկվում է 2021 թվականի բյուջեի եկամտային մասում սուբվենցիաներն ավելացնել 1,440.0 հազ. դրամով, որը արդեն Երեւան համայնքի՝ 2021 թվականի բյուջեի ծախսային մասում կուղղվի այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած ՀՀ  քաղաքացիներին տրամադրելու համար:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան»-ի նախագահ առաջիկայում հնարավոր է նշանակվի հիմնադրամի տեղակալ Դավիթ Ամիրյանը: Նշենք, որ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի (հայտնի «Սորոսի հիմնադրամ») գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը երեկ՝ ապրիլի 16-ին, թողեց  «Բաց հասարակության հիմնադրամի»  գործադիր տնօրենի պաշտոնը: Լարիսա Մինասյանը Հայաստանում այդ հիմնադրամի գործադիր տնօրենն էր 21 տարի: Իսկ ո՞րն էր նրա հեռանալու պատճառը։ Լուրեր կան, որ նրա աշխատելու ցանկությունը կորել է ամուսնու մահից հետո (ամուսինը վերջերս է մահացել կորոնովիրուսից), ու վերջինս է՛լ  ցանկություն չունի շարունակել իր պաշտոնավարումը: Իսկ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում այս պահին միակ թեկնածուն Դավիթ Ամիրյանն է, որը եւս մոտ 20 տրարի աշխատում է հիմնադրամում ու աշխատանքային բոլոր գործերին շատ լավ է տիրապետում:

 

 

 

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցյալ տարի իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ այդմ, ընդհանուր ներդրումները շեշտակի նվազել են՝ 2019 թվականին իրականացված 173 մլրդ 977 մլն դրամից դառնալով 30 մլրդ 255 դրամ: 2020-ին ուղղակի ներդրումները բացասական արդյունք ունեն, այլ կերպ ասած՝ 7 մլրդ 109 մլն դրամ հանվել է երկրից։ Միացյալ Նահանգների դեպքում խոսքը 1 մլրդ 575 մլն դրամի մասին է, Հայաստանից Նիդերլանդների արտահանած կապիտալը կազմել է 21 մլրդ 432 մլն դրամ։ Արգետինան, Չեխիայի Հանրապետությունը, Ուկրաինան նվազեցրել են ուղղակի ներդրումների ծավալները։ Օրինակ՝ Վրաստանը 199 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից։ Ռուսաստանի Դաշնությունն է նվազեցրել ուղղակի ներդրումները։ Ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել են. օրինակ՝ անցյալ տարվա ընթացքում Հայաստանից Ռուսաստանի արտահանած ուղղակի ներդրումների չափը կազմել է 46 մլրդ 899 մլն դրամ, մինչդեռ 2019 թվականի նույն ժամանակահատվածում Ռուսաստանից եկած ուղղակի ներդրումները կազմել են 12 մլրդ 592 մլն դրամ:




Լրահոս