ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱԴՐԵՑԻՆ ՄԻՄՅԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չեք ուզում իմանալ ճշմարտությունը, որովհետեւ ուզում եք մեղադրել մեկ հոգու՝ վարչապետին»,- երեկ ընդդիմադիրների հասցեին նման մեղադրանք հնչեցրեց Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը ԱԺ արտահերթ ելույթով, երբ խորհրդարանը շարունակում էր քննարկել 2020 թվականի կառավարության կատարողականը։

 

«Հիմա կա հնարավորություն, որ Մարուքյանն անձամբ լսի ձայնագրությունը եւ ստուգի` ինչ է խոսվել Անվտանգության խորհրդի նիստերում: Մարուքյանն ասում է` որ ծանոթանամ, ի՞նչ եմ ձեզ ասելու, ոչ մի բան: Նկատի ունի, որ, միեւնույնն է, իմացածն իրավունք չունի հրապարակելու: Պարո՛ն Մարուքյան, մեզ ոչ մի բան ասեք, բայց կարող է վարչապետից բացի, այլոց գործողությունների կամ անգործության մասին էլ Ձեզ մոտ հարցեր առաջանան: Չեք ուզում իմանալ ճշմարտությունը, որովհետեւ ուզում եք շարունակել մեղադրել մի հոգու», – ասաց Լենա Նազարյանը:

Սակայն Էդմոն Մարուքյանը զարմացած է` ինչպես կարող է Լենա Նազարյանն իրեն մեղադրել ճշմարտությունը թաղելու փորձի մեջ, երբ «Լուսավորն» առաջին իսկ օրից հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել պատերազմի հանգամանքները քննող փաստահավաք խումբ. Մարուքյանն իշխանություններին հորդորում է ավելի քիչ խոսել նախկիններից եւ ավելի շատ ներկայացնել, թե ինչ են արել կամ չեն արել իրենք։ Կարծում է` Փաշինյանը պարզապես փորձում է խուսափել պատասխանատվութունից. «Ասում ենք` Լելե Թեփեի օպերացիան ո՞նց է եղել, ասում է` ես հրաման չեմ տվել վարչապետը, ես մի քանի գեներալներ եմ կանչել, մոդերացիա եմ արել, հարցրել եմ` դու ի՞նչ կարծիքի ես, դու ի՞նչ կարծիքի ես, բայց հետո պարզ է, չէ՞, որ ինչ-որ մեկը, այսինքն` գլխավոր հրամանատարը` վարչապետը, ասում է` լավ, արե՛ք օպերացիան: Բա կարծիքները հարցնելուց հետո ո՞վ արավ օպերացիան, ասում է` ես մոդերատոր եմ: Այ տենց մոդերատոր եք եղել եւ միջազգային հարաբերություններում եք մոդերատոր»:

Մարուքյանը խոսեց նաեւ ներքաղաքական թեմայով եւ նշեց, որ քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհն իշխանափոխությունն է, դա իրականացնելու համար առաջարկով դիմեց նախկին իշխանություններին. «Ես պաշտոնական եմ առաջարկ եմ անում Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչեւ մյուս բոլոր նախկին իշխանության ներկայացուցիչներին` մի կողմ քաշվե՛ք, եւ մենք այս մարդկանց կդարձնենք մի հատ փոքր, քիփլիկ ընդդիմադիր խմբակցություն՝ իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանով: Մի կողմ քաշվեք, մի կողմ չքաշվեցիք, ձեր դեմ քարոզարշավով գնալու են վերարտադրման ճանապարհով»: Մարուքյանի համար անընդունելի է, որ կառավարության կատարողականի քննարկմանը Փաշինյանը ներկա չէ, իսկ փոխվարչապետն ու նախարարները վերջին պահին են գալիս եզրափակիչ ելույթի համար։

Արդեն եզրափակիչ ելույթի ժամանակ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նախ հերքեց Մարուքյանի հայտարարությունը, ասաց` քննարկմանն ամբողջությամբ ներկա են եղել. «Պարոն Մարուքյանն ասում է` նայեք՝ ինչ մեքենա է սպասարկում պարոն Պապիկյանին: Այստեղ, ի դեպ, բանալի բառը սպասարկել բառն է: Այո, տարածքային կառավարման նախարարին սպասարկում է ծառայողական մեքենա, Սուրեն Պապիկյանին չէ, այն ինստիտուտին, որը պետք է լինի այդ դերում: Հիմա, պարո՛ն Մարուքյան, ինձ մոտ հարց է առաջանում` Ձեր խմբակցության ղեկավարը սամակատո՞վ է գնում Վանաձոր, գալիս: Չէ, սրա մասին կարող է խոսել մի մարդ, ով հրաժարվել է ծառայողական մեքենայից, ով հրաժարվել է իրեն օրենքով սահմանված կարգով հասնող բնակարանի վարձատրությունից»:

Նկատենք, արդեն երրորդ օրը խորհրդարանում շարունակվող քննարկմանը ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը` «Բարգավաճ Հայաստանը», ներկա չէ։ Պատգամավորները չեն հերթագրվել ո՛չ հարցերի, ո՛չ էլ ելույթների համար։

Ն.Հ.

 

 

 

ՄԻՋԱՆՑՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐՎԻ

«Պետք է ամեն ինչ անել, որ ՀՀ շահը չանտեսվի, իսկ այդ շահը ենթադրում է, որ Մեղրիի տարածքով ադրբեջանցիները չեն կարող ունենալ միջանցք»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Դիտարկմանը, թե, մի կողմից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայատյաց հայտարարություններ է անում, մյուս կողմից՝ խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին, Խաչատրյանն արձագանքել է, թե այն, որ ճանապարհների ապաշրջափակումը ՀՀ-ի համար կարեւորագույն հարց է, միանշանակ է։ «Այն, որ ճանապարհների ապաշրջափակումից հետո տնտեսության մեջ զգալի փոփոխություններ կզգանք եւ նոր հեռանկարներ կունենանք, դա եւս միանշանակ է, բայց այն պատկերացումները, որոնք ապաշրջափակման վերաբերյալ ունի Ալիեւը, մեզ համար մեծ մասամբ գուցե անընդունելի են։ Դուք երեւի նշում եք Սյունիքի մարզով ինչ-որ միջանցք տրամադրելու հարցը. ես կարծում եմ՝ նման հարց չկա, չի էլ կարող լինել Սյունիքի մարզով միջանցքի տրամադրում Ադրբեջանին։ Նման հարց չի կարող լինել»,-հայտարարել է նա։

 

 

 

ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով։ Վերջին օրերին հասարակական լայն արձագանքի առիթ են դարձել Բաղրամյան 79ա հասցեում գտնվող կանաչապատ տարածքի ծառահատման եւ մանկական խաղահրապարակի ապամոնտաժման աշխատանքները։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շուրջ 500 քմ տարածք սեփականաշնորհվել է ֆիզիկական անձի կողմից։ Հետեւաբար աշխատանքներն իրականացվում են ոչ թե համայնքային սեփականություն հանդիսացող, այլ մասնավոր տարածքում, ինչից ելնելով՝ Երեւան համայնքը չունի խնդրին միջամտելու իրավական հնարավորություն։ Անկախ նշված փաստից՝ տարածքն իրենից ներկայացնում է փոքրիկ պուրակ եւ առերեւույթ գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հետեւաբար խնդիրն ունի ուսումնասիրության անհրաժեշտություն:

 

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻՑ

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է որոշ ԶԼՄ-երի տարածած տեղեկատվությանը Վրաստան այցի ընթացքում ՀՀ նախագահի հյուրանոցային ծախսերի վերաբերյալ:  «Ի պատասխան որոշ ԶԼՄ-ների տարածած ակնհայտ սուտ եւ կեղծ տեղեկատվության՝ հարկ ենք համարում հայտնել, որ Հանրապետության նախագահը Վրաստանում է գտնվում պաշտոնական այցով, եւ  նախագահի հյուրանոցային ծախսերը, ինչպես սովորաբար ընդունված է պաշտոնական այցերի դեպքում, հոգում է հրավիրող կողմը»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

ՉՈՐ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Մացոյի որդու մասնակցությամբ միջադեպի գործը ուղարկվել է դատարան, սակայն, նկատենք, որ մի խումբ երիտասարդների մեղադրանք է առաջադրվել, իսկ, ահա, դատավորի որդին ջրից չոր է դուրս եկել: 2020 թվականի օգոստոսի 12-ին Այգեստան 11-րդ փողոցի 255 հասցեի մոտ վիճաբանություն էր եղել եւ դանակահարություն, որին ականտես, մասնակից է եղել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որդին, որը ներկայացել է ոստիկանության Նորք Մարաշի բաժանմունք: Մասնավորապես, Այգեստան 11-րդ փողոցի 255 հասցեի մոտ վիճաբանություն էր եղել մի խումբ երիտասարդների միջեւ, որտեղ դանակով հարվածել էին Վարդան Մ.-ի կրծքավանդակին։ Արդյունքում մեղադրյալի աթոռին էին հայտնվել: Ստեփան Սարգսյանը, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի օգոստոսի 11-ին` ժամը 22-ի սահմաններում, Երեւան քաղաքի Այգեստան փողոցի 11-րդ փողոցի 255 հասցեի մոտակայքում Ռուդիկ Ավագյանի, Վարդան Մազլումյանի, Անտուան Մազլումյանի, Էդվարդ Մանուկյանի եւ ինքնությունները չպարզված մի շարք այլ անձնաց հետ, բռնություն գործադրելով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, խմբի կազմում կատարել է խուլիգանություն: Երիտասարդների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

 

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՒՅՍՈՎ

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրությանն է ուղարկվել ԱԺ-ի կողմից, շարունակում է մշուշոտ ապագա ունենալ։ Ակադեմիական շրջանակների, ուսանողների եւ բուհերի կառավարիչների զայրույթը հարուցած այդ օրենքը, որ ընդունվել էր ԱԺ-ի կողմից մեծ աղմուկով, անգամ երկու անգամ տանել-բերելով, թերեւս կյանքի չի կոչվի։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գիտությոյնների ազգային ակադեմիայում հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե չի կարող ստորագրել, միաժամանակ հետ տալու, վետո դնելու իրավունք էլ չունի օրենքների վրա։ Ասել է թե՝ նախագահը ակադեմիայում ակնարկել է, որ չի ստորագրելու օրենքը վերջնական ուժի մեջ մտնելու համար, բայց նաեւ չի ուղարկելու Սահմանադրական դատարան։ Սա նշանակում է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կստորագրի օրենքը՝ իրավական գործածության ուժ հաղորդելով  դրան։ Այս հեռանկարը ակադեմիական, դասախոսական շրջանակում լուրջ դժգոհություն է առաջացրել։ Առաջիկայում այս մասով նոր բողոքների ականատես կլինենք, քանի որ ՀՀ նախագահից ակնկալիքները միանգամայն այլ են. բուհերի ակադեմիական ազատությունը խոչընդոտող եւ տարիքային խտրականություն պարունակող օրենքը ակնհայտ հակասահմանադրական է, եւ պետք է դա հաստատվի նաեւ ՍԴ-ում։




Լրահոս