Եթե նախագահը չդիմի՝ ընդդիմությունը կդիմի ՍԴ․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե հանրապետության նախագահը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» աղմկահարույց նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարան չդիմի, ապա դա կնախաձեռնի խորհրդարանական ընդդիմությունը։ «Այո, մենք ասել ենք, որ դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- երեկ մեզ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

Հիշեցնենք, որ 2 օր ուշացումով՝ ապրիլի 2-ից նախագիծը նախագահականում է, ըստ իրավական կարգի՝ ուշացման դեպքում նախագահը պետք է այն ետ ուղարկեր խորհրդարան, բայց մինչ այս պահը Արմեն Սարգսյանը ո՛չ ետ է ուղարկել, ո՛չ էլ ստորագրել է կամ դիմել ՍԴ։ Նա 21 օր ժամանակ ունի։ Մեր տեղեկություններով՝ նախագահը հակված է չստորագրել օրենքը, բայց չի բացառվում, որ նաեւ ՍԴ չդիմի, նրա իրավաբանները սահմանադրականության հետ կապված խնդիրներ չտեսնեն։

Նշենք, որ ՍԴ դիմելու լիազորություն ունեն նաեւ ԱԺ պատգամավորները՝ 27 պատգամավորի ստորագրությամբ, եւ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միասին, առանց «Իմ քայլի», կարող են նման քայլի դիմել։ Ինչ վերաբերում է նախագիծը 2 օր ուշացումով ուղարկելուն, ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Իմ քայլում» այնքան փնթի եւ անուշադիր են նախագիծը կազմել, որ տեխնիկական շտկումների անհրաժեշտություն է առաջացել, եւ մինչեւ հաստափոր նախագիծը նորմալ տեսքի են բերել, ժամկետի ուշացում է եղել։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս