Ֆինանսների նախարարությունում ռուս փորձագետների մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ֆինասների նախարարությունում ռուս փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել վերապատրաստում-քննարկում, որին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացների կազմակերպման վարչության աշխատակիցները:

Քննարկումը կազմակերպվել է 2017 թվականին Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում: ՀՀ ՖՆ բյուջետային գործընթացների կազմակերպման վարչության պետի պարտականությունները կատարող Ռուզաննա Գաբրիելյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և կարևորել նման հնարավորությունը՝ մասնագիտական հմտությունները կատարելագործելու առումով:

Ռուս փորձագետներ Դմիտրի Անդրեևը և Ալեքսանդր Եվիչը առանձին զեկույցներով ներկայացրել են Հայաստանի առողջապահության և կրթության ոլորտում մի քանի ծրագրերի վերաբերյալ իրենց կատարած ուսումնասիրություններն ու տրամադրել գիտամեթոդական և տեխնիկական աջակցություն հանրային ֆինանսների կառավարման ոլորտում:

Բացի այդ, ռուս փորձագետները պատասխանել են Ֆինանսների նախարարության աշխատակիցների բազմաթիվ հարցերի, ծավալվել է մասնագիտական ակտիվ քննարկում:

Նշենք, որ 2017 թվականին Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև ստորագրված  համաձայնագրի եռամյա գործունեության ընթացքում անցկացվել են ընդհանուր առմամբ 33 միջազգային, 56 կրթական սեմինարներ, որոնցում իրենց հմտություններն են զարգացրել ՀՀ ֆինանսների նախարարության բազմաթիվ աշխատակիցներ:

Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են ֆինանսատնտեսական ոլորտը կարգավորող օրինագծեր, փոփոխություններ են կատարվել Հարկային օրենսգրքում, բարեփոխումների հայեցակարգ միջազգային հարկահավաքության և թվային տնտեսության ոլորտում և այլն:




Լրահոս