Թուրքիայում Հունաստանի ու Ֆրանսիայի դեսպանները կանչվել են արտգործնախարարություն, որտեղ նրանց բողոքի նոտա է հղվել: Այս մասին հաղորդում է ermenihaber.am -ը։
Ըստ թուրքական կողմի հայտարարության՝ պատճառն այն է, որ ապրիլի 15-ին Հունաստանի ռազմածովային ուժերին պատկանող «Elli» ռազմանավը ֆրանսիական «L’Atalante» գիտահետազոտական նավի հետ Արևելյան Միջերկրածովում սահման են խախտել և մուտք գործել Թուրքիայի մայրցամաքային ծանծաղուտ (շելֆ): Ապրիլի 16-ին Թուրքիայի արտգործնախարարություն կանչված հույն և ֆրանսիացի դիվանագետները խստորեն զգուշացվել են միջադեպի կապակցությամբ։ Նրանց հստակ փոխանցվել է այն զգուշացումը, որ կրկնության դեպքում Թուրքիայի զինված ուժերը իրենց իրավունք կվերապահեն պատասխան գործողություններ իրականացնել:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ դիվանագետներին ԱԳՆ կանչելուց հետո, սակայն, այդ նավերը չեն շտապել լքել իրենց մուտք գործած գոտին: Ֆրանսիական ու հունական նավերը հեռացել են միայն այն բանից հետո, երբ մոտեցել է թուրքական ռազմանավ և զգուշացումներ հնչեցրել։