Այն, որ Երեւանում երթեւեկությունն անկանխատեսելի է, շատ դեպքերում աղաղակող խախտումներով, վաղուց հայտնի փաստ է: Վարորդների մեծ մասը, տեղյակ լինելով, որ որոշ վայրերում տեղադրված արագաչափ սարքեր կամ ճանապարհային ոստիկաններ չկան, վստահ լինելով, որ իրենք արագությունը գերազանցելու համար չեն տուգանվի, մեքենաները վարում են ուզածի նման` հոծ գիծը խախտելով, անկանոն, խառը: Նկատենք, որ այս տարվա երկու ամիսներին պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած` ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելացել է, նաեւ զոհերի ու վիրավորների թիվն է աճել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին մեր հանրապետությունում արձանագրվել է 652 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 56, վիրավորվել՝ 978 մարդ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը կազմել է 633, զոհերի թիվը՝ 44, իսկ վիրավորվել են 953-ը: Պաշտոնապես, այս տարվա երկու ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 3 տոկոսով: Սակայն մասնագետների մի շրջանակ պնդում է, որ ՃՏՊ-ների թվի աճի երկրորդ պատճառը կապված է ավտոմեքենաենրի թվի ավելացման հետ: Քանի որ վերջին տարիներին Հայաստանում զգալի մեծացել է ավտոպարկը, ինչն արդեն իսկ լուրջ պատճառ է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակական ավելացման:
Բայց մյուս կողմից` հայտնի է, որ մեր երկրում տեղի ունեցող վթարների զգալի մասը վարորդների ոչ պրոֆեսիոնալ վարման հետեւանքն է, քանի որ նրանցից շատերը պարզապես չեն տիրապետում երթեւեկության տարրական կանոններին: Արդյունքում այսօր Հայաստանում ով ասես, մեքենա է վարում` վտանգելով մարդկանց կյանքը:
Ս.Հ.