«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատավորից կարիերայի սրընթաց աճ արձանագրած եւ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակված Անդրանիկ Սիմոնյանի համար նոր ոլորտ է առանձնացվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս Ազգային անվտանգության ծառայությունում ոչ միայն հանդիսանում է Քննչական դեպարտամենտի ղեկավար եւ զբաղվում է այդ հարցերով, այլ հատուկ նրա համար ԱԱԾ-ի տնտեսական անվտանգության ու կոռուպցիայի հակազդման բաժնից առանձնացվել է երկու բաժին եւ տրվել նրան, քանի որ քաղաքական ղեկավարությունը նրան վստահել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը։
Այսինքն՝ նրան կոնկրետ նպատակով են Ազգային անվտանգության ծառայություն գործուղել եւ հստակ հանձնարարականներ տվել, որոնք էլ առաջիկայում նա պետք է իրականացնի: Եվ հենց դա է պատճառը, որ այժմ Անդրանիկ Սիմոնյանի մոտ կա դատավորների, այսինքն՝ իր նախկին գործընկերների անուններով մի ցուցակ, որոնց նկատմամբ առաջիկայում պետք է կոնկրետ քայլեր լինեն, եւ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի օրինակով նրանք եւս պետք է հայտնվեն մեղադրյալի աթոռին: Խոսքը դատավորներ Ալեքսանդր Ազարյանի, Կարինե Պետրոսյանի, Զարուհի Նախշքարյանի մասին է:
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ Ազգային անվտանգության ծառայությունը տվյալներ է հավաքվում Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետեր Օնիկ Գասպարյանի եւ Մովսես Հակոբյանի մասով։ Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է սպասենք նոր քրեական գործերի, որով մեղադրյալ կլինի հենց շտաբի նախկին պետը: Այսինքն՝ քաղաքական իշխանությունը անցել է գործի, եւ իրավապահ ու ուժային համակարգի առջեւ հստակ պահանջ են դրել, որ պետք է ճանապարհից հեռացնել անհնազանդներին, եւ դա վստահել մի մարդու, որը, լինելով դատավոր, անգամ իր վարույթում գտնվող գործերով նիստերին չի մասնակցել եւ համակարգում այնքան էլ լավ համբավ չի վայելում, բայց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հովանավորյալն է եւ քաղաքական կամակատարը։
Ի՞նչ են մտածում ցուցակում հայտնված դատավորները: Armlur.am-ը զրուցեց Երեւան քաղաքի ընդհանուր րավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ, թե նա ինչ է մտածում՝ հայտնվելով Անվտանգության ծառայություն ներկայացված ցուցակի մեջ: Ի պատասխան՝ դատավոր Նախշքարյանը ասաց. «Ես այդ ուղղությամբ ընդհանարապես չեմ մտածում»:
Նկատենք, որ դատավորը դատական համակարգում առկա վիճակի մասով մշտապես աչքի է ընկել սուր քննադատություններով: Մասնավորապես, 2018 թվականին դատարանի դռները փակելու, դատավորներին «վնգստացող» անվանելու հայտարարությունների մասով ասել էր. «Ես գտնում եմ, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նման հայտարարությունները, որոնք հնչում են ամենուրեք, նվաստացնում են յուրաքանչյուր դատավորի արժանապատվությունը եւ պատիվը, նվաստացնում են ամբողջ դատական իշխանությունը… Եթե ես տնից դուրս եմ գալիս, գնում եմ աշխատանքի՝ գիտակցելով, որ շենքերը կարող են արգելափակվել, մինչեւ ես կհասնեմ, եթե գործադիր եւ օրենսդիր իշխանությունները աջակցում են արգելափակման գործընթացին, եթե իմ ընտանիքի անդամների հասցեին կարող են սպառնալիքներ եւ ցածրորակ որակավորումներ տեղ գտնել սոցցանցերում, եթե ես իմ դատական ակտերը պետք է հարմարացնեմ ինչ-որ չափորոշիչի, որը մեր իրականության մեջ գոյություն ունի, ուրեմն որտե՞ղ է իմ անկախությունը, որ սահմանադրորեն է ամրագրված»։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Թումանյան քաղաքի (նախկին Ձաղիձոր գյուղ) մարզադաշտում տեղի ունեցած ֆուտբոլի միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ կրակոցներ են հնչել։
Թումանյանի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Թումանյան քաղաքի բնակիչ, 33-ամյա Վարշամ Հովսեփյանը անհիմն վիճաբանել է առաջնությանը ներկա մի խումբ անձանց հետ (ինքնությունները պարզվում են), ցավագին ընդունել ներկաների դիտողությունները եւ դրսեւորելով ցինիզմ, ինչպես նաեւ իր անձի առավելությունը ցուցադրելու նպատակով տարբեր անձանց հասցեներին մոտ 20 րոպե տեւողությամբ բարձրաձայն հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, որից հետո կարճ ժամանակով հեռացել եւ նորից վերադարձել է մարզադաշտ, ձեռքին գտնվող երկփողանի որսորդական հրացանով 2 անգամ կրակել օդ, այդկերպ ֆուտբոլի առաջնության մասնակից անձանց նկատմամբ դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, հասարակության նկատմամբ դրսեւորել բացահայտ անհարգալից վերաբերմունք եւ հեռացել: Պարզվել է՝ դեպքին ականատես են եղել Թումանյան քաղաքի բնակիչներ, 35-ամյա Արաքսյա Թ.-ն, 42-ամյա Քրիստինե Մ.-ն, 59-ամյա Գոհար Ա.-ն եւ 31-ամյա Սիրարփի Ե.-ն։ Վերջինս աշխատում է Թումանյանի համայնքապետարանում՝ որպես մշակույթի բաժնի երկրորդ կարգի մասնագետ։ Պարզվել է նաեւ, որ Վ. Հովսեփյանը միջադեպի ժամանակ սպառնալիքներ է հնչեցրել ներկաների հասցեին, որ չհեռանան, որ հետ է վերադառնալու եւ սպանի բոլորին։ Բացի այդ, բազմակի հարվածներ է հասցրել Մարց բնակավայրի ֆուտբոլի թիմի անդամներից մի քանիսին։
ԳՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ՝ ԶՈՐԱՄԱՍԻՑ
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներն ապրիլի 16-ին Պուշկինո գյուղի հարակից դաշտավայրում մալուխ գողանալու պահին բռնել ու բաժին բերման են ենթարկվել Գարգառ գյուղի բնակիչ երեք տղամարդու։ «Նրանք ոստիկաններին հայտնել են, որ ապրիլի 15-ին նույնպես նույն դաշտավայրում կացնով կտրել ու գողացել են ՊՆ զորամասերից մեկին պատկանող մոտ 12 մետր պղնձե մալուխ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԴԵՍՊԱՆԸ՝ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՄԵՋ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Իսրայելում ՀՀ դեսպան Ա. Ս.-ի՝ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումներին օժանդակելու, ինչպես նաեւ փողերի լվացմամբ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իսրայելում ՀՀ դեսպան, միաժամանակ Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության նախագահ Ա.Ս.-ն օժանդակել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար եւ վերոնշյալ հասարակական կազմակերպության փոխնախագահ Հ.Պ.-ի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ Երեւան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող եւ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի զբաղեցրած հողամասը հասարակական կազմակերպության սեփականությունը դարձնելուն: Այնուհետեւ նշված հասցեում գտնվող պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը եւ դրա զբաղեցրած հողամասը, Հ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, ձեւական գործարքի արդյունքում 550.000 ԱՄՆ դոլարով վաճառել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հ.Պ.-ի հարսին պատկանող ընկերությանը` օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը, խեղաթյուրելով գույքի իրական բնույթն ու ծագման աղբյուրը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը, «փողերի լվացումը») 3-րդ մասի 1-ին կետով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20.000.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված քրեական գործով ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է: