ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պաշտոնական նամակով ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԽ եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին եւ միջազգային այլ մարմինների լրացուցիչ  տվյալներ եմ ներկայացրել Ադրբեջանից գերիների վերադարձի հրատապության, իրական վիճակի, գերիների ու անհայտ կորածների, նրանց ընտանիքների իրավունքների  պաշտպանության հարցերով»,- տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

 

«Նամակում առաջնահերթ ցույց է տված, որ առկա է ընթացիկ, բաց զինված հակամարտություն: Միջազգային [մարդասիրական] իրավունքի տեսանկյունից սա նշանակում է, որ, անկախ նրանից` 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո են գերեվարվել, թե ոչ, նրանք կարգավիճակով գերի են եւ պետք է անհապաղ ազատ արձակվեն: Այս հարցը արհեստական ձգձգվում է՝ իրավական գործընթացների բացահայտ չարաշահմամբ, նրանց ներկայացնելով իբրեւ ահաբեկիչներ ու անազատության մեջ պահելը, միջազգային կանոնների խախտմամբ, օգտագործելով որպես պատիժ: Մինչդեռ սա ավտոմատ կիրառման ենթակա միջազգային գործողության համընդհանուր պահանջ է: Հակառակը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային պահանջները եւ միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ Ժնեւի 1949 թվականի երրորդ կոնվենցիան: Գերիների ազատ արձակումը եւ վերադարձը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների եւ մարդասիրական գործընթացի շրջանակում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու բողոքների քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ ադրբեջանական իշխանությունները միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ, արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ազատ արձակումը, դիտավորյալ չեն հայտնում գերիների իրական թիվը: Նրանք այս քաղաքականությամբ խախտում են գերիների իրավունքները, հոգեկան տառապանքներ են պատճառում գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, առաջացնում են լարվածություն հայ հասարակությունում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած ապացույցները հաստատում են, որ Ադրբեջանում պահվող գերիների թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաեւ մինչեւ 2020թ. 44 գերիների վերադարձին: Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաեւ Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում, որը շարունակաբար քարոզվում է պետական մակարդակով։ Ուստի հաշվի առնելով նշված միջազգային մարմինների մարդասիրական մանդատները եւ դերը մարդու իրավունքների (կյանքի իրավունքն առաջնահերթ) պաշտպանության հարցում` նրանց ներկայացվել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես անկախ հաստատության իրական վիճակի վերաբերյալ լրացուցիչ տվյալներ՝ բարձրացնելով գերիների ազատ արձակման ու վերադարձի ուղղությամբ վճռական միջոցներ ձեռնարկելու, խնդրի քաղաքականացումը դադարեցնելու հրատապ անհրաժեշտության հարց»,- նշել է ՄԻՊ-ը։

 

 

 

ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է

ՀՀ ազգային ժողովն ընդունել է կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է մաքսային ծառայողներին հնարավորություն տալ ծառայողական շներ օգտագործել նաեւ մաքսային հսկողության իրականացման շրջանակներում ապօրինի ներմուծվող կամ արտահանվող թմրամիջոցների, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ:  ««Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ նիստում քվեարկությամբ ստացել է 75 «կողմ», 12 «դեմ», 10 «ձեռնպահ» ձայներ:

Օրենքով նախատեսված է ծառայողական շների օգտագործման հնարավորությունը, սակայն սահմանված չէ մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից ծառայողական շների կիրառումը մաքսային հսկողության շրջանակում: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մաքսային մարմնի հանրային ծառայողները ծառայողական շներ կարող են օգտագործել նաեւ մաքսային հսկողության իրականացման շրջանակում ՀՀ ապօրինի ներմուծվող կամ ապօրինի արտահանվող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի եւ յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՈՒՆՏ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում նոր բունտ է հասունանում: Նախկին նախարար Զարուհի Բաթոյանի փոփոխությունները, որոնք այժմ մեծ շուքով իրականացնում է ներկայիս նախարար Մեսրոպ Առաքելյանը, դժգոհությունների առիթ են հանդիսացել:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է նախարարության Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնին: Բանն այն է, որ դեռեւս Բաթոյանի օրոք արված փոփոխությունների արդյունքում նախարարության կազմում ստեղծվել է Միասնական սոցիալական ծառայություն, որը միավորում է համակարգում գործող չորս կառույցներ, այդ թվում` Զբաղվածության պետական գործակալությունը՝ իր բոլոր տարածքային կենտրոններով:  Ընդ որում, կանոնադրության համաձայն, այդ նոր սոցիալական ծառայության կազմում գործակալությունը պետք է պահպաներ իր բոլոր գործառույթները, սակայն այս տարվա փետրվարի 26-ի որոշմամբ՝ գործակալությունը վերակազմակերպման փոխարեն դադարեցվել է, որն էլ հիմք է հանդիսանում քաղաքացիական ծառայողներին պաշտոններից ազատման համար:

Եվ ուշագրավ է, որ տարբեր առիթներով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարում էր, թե իրականացվող բարեփոխումների արդյունքում որեւէ քաղաքացիական ծառայող չի կորցնի իր աշխատանքը, սակայն հիմա աշխատողները բախվել են դառը իրականությանը եւ նամակներով դիմում են տարբեր կառույցների, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրին լուծում գտնելու համար:

Բանն այն է, որ, բացի այս ամենից, նաեւ օրենսդրության խախտում է տեղի ունենում, քանի որ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի անցումային դրույթներով սահմանված է, որ համապատասխան գործառույթներ իրականացնող քաղաքացիական ծառայողներին Միասնական սոցիալական ծառայությունում կարող են առաջարկել քաղաքացիական ծառայության հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոններ, սակայն բազմամյա աշխատանքային փորձ ունեցողներին համապատասխան աշխատանքի առաջարկ չի արվել: Ավելին,  հայտարարվել են ժամանակավոր թափուր պաշտոնների մրցույթներ, որոնց կարող են մասնակցել նաեւ այլ անձինք: Այսպիսով, 200 քաղաքացիական ծառայողների իրավունքներ խախտվում են, եւ նրանք հայտնվել են խնդրի առջեւ՝ չնայած նախկինում արված հայտարարություններին:

 

 

 

ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ

Ապրիլի 1-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշանակվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Վարչապետ Նիկոլ Փաշիյանի որոշմամբ՝ Տավուշի  մարզպետ նշանակվեց  Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավորն է, նրա մանկության ընկերը, դասընկերը։ Ինչպես  սպասվում էր,  նոր մարզպետի պաշտոնավարության օրոք մարզպետարանում հայեցողական պաշտոններ վարող  մի շարք անձինք ազատվեցին աշխատանքից։ Ապրիլի 8-ին սեփական դիմումով աշխատանքից ազատվեց մարզպետի խորհրդական Արբակ Գրիգորյանը, որը մարզպետարանի իրավասության տակ գտնվող առողջապահական հիմնարկների  խնդիրներով էր զբաղվում։ Ապրիլի  2-ին, մարզպետ Հ. Ղալումյանի որոշմամբ,  իր դիմումի  համաձայն, աշխատանքից ազատվել է մարզպետի  օգնական Էմին  Գեւորգյանը։

 

 

ՄՐՑՈՒՅԹԸ՝ 3 ՓՈՒԼՈՎ

Այրում համայնքը ներառում է նույնանուն քաղաքը եւ Տավուշի մարզի՝ Դեբեդի հովտում գտնվող 6 գյուղեր։ Այրումի համայնքապետարանը Այրում համայնքի խորհրդանշանի համար մրցույթ էր հայտարարել։ Այն անցկացվում է Այրում համայնքի facebook-յան էջում,   կայանում  է  երեք փուլով։ Համայնքի  խորհրդանշան ընտրելու համար մրցույթի գաղափարը ողջունվեց համայնքի բնակիչների կողմից,  սակայն  հրապարակվեցին նաեւ քննադատական կարծիքներ, ոմանք  մրցույթի մասնակից  նկարները համարեցին ոչ գեղեցիկ, խորհրդանշանին  ոչ հարիր։ Նոյեմբերյանցի  գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը, ներողություն խնդրելով ներկայացված նկարների հեղինակներից, գրել է, որ նրանցից  ոչ մեկը  չի  պաշտպանել նման  աշխատանքի  համար պահանջվող  նորմերը, ուստի  ինքը ոչ մեկի  մասին չի  կարող դրական կարծիք ունենալ, առավել ես՝ այն օրինակների, որտեղ  զետեղված են Այրում եւ Տավուշ անունները, քանզի երկուսն էլ, Ս. Բեգլարյանի համոզմամբ,  ոչ հայեցի են եւ ժամանակավոր։ Մրցույթի 2-րդ փուլին կմասնակցեն լավագույնը ճանաչված 4 աշխատանք։ Այրումի համայնքապետարանը հայտնում է, որ երկրորդ փուլի քվեարկությունը կավարտվի ապրիլի 25-ին, իսկ 3-րդ փուլի քվեարկությունը կկայանա թղթային տարբերակով հանձնաժողովի անդամների կողմից։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս