ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԵՄԸ ԲԱՐՁՐԱՑՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 103 կողմ, 2 ձեռնպահ ձայների քվեարկությամբ, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։ Օրենքի համաձայն կբարձրացվիլ պայմանագրային զինծառայության տարիքային շեմը։

 

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ներկայացնելով նախագիծը, նշել էր, որ դրա անհրաժեշտությունն առաջացել է, երբ իրենց դիմել են պատերազմի մասնակից, կռվի փորձ ունեցող, առողջ անձինք, որոնց տարիքը բարձր է 45-ից։

Այսպիսով, օրենքի 30-րդ հոդվածում, որով սահմանվում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կարգը եւ պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը, փոփոխություն կկատարվի, որի համաձայն՝

  1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն կարող են անցնել՝

ա) 18 տարին չլրացած քաղաքացիները՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու դեպքում,

բ) պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները՝ ներառյալ սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված անձինք,

գ) նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած եւ մինչեւ 40 տարեկան՝ պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները եւ իգական սեռի քաղաքացիները` անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից, ինչպես նաեւ պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերում հաշվառված մինչեւ 50 տարեկան քաղաքացիները՝ զորամասային օղակում ծառայության նշանակվելու դեպքում։

  1. Պայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել այն քաղաքացին՝

ա) որն օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն,

բ) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ որն ունի չհանված կամ չմարված դատվածություն,

գ) որն առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար:

  1. Պայմանագիր կնքելը մերժելու դեպքում պետական լիազոր մարմինը պարտավոր է այդ մասին եռօրյա ժամկետում գրավոր ծանուցել քաղաքացուն՝ նշելով մերժման հիմքերը եւ պատճառները:
  2. Պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը սահմանվում է`

ա) շարքային, կրտսեր ենթասպայական եւ ավագ ենթասպայական կազմերի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 50 տարեկանը,

բ) կրտսեր սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 52 տարեկանը,

գ) ավագ սպայական կազմի «մայոր» եւ «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 55 տարեկանը,

դ) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 58 տարեկանը,

ե) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» եւ «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 60 տարեկանը,

զ) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» եւ «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 65 տարեկանը:

  1. Սահմանային տարիքի հասած պայմանագրային զինծառայողների՝ զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամկետները կարող են երկարաձգվել մինչեւ 5 տարի ժամկետով, յուրաքանչյուր դեպքում՝ մեկական տարով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով եւ կոլեգիալ որոշման հիման վրա:

 




Լրահոս