61-ԱՄՅԱԿԻ, ԱՄԵՆԱԹԱՆԿ ՆՎԵՐԻ ԵՎ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին  երաժիշտ, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանը նշել է ծննդյան 61-րդ տարեդարձը: Տաղանդավոր երաժիշտը ծննդյան մանրամասների մասին զրուցել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ:

 

«Ծննդյանս շնորհավորանքները սկսվել են գիշերը՝ 24-00-ից, եւ ինձ համար չցանկալի (կատակում է) շնորհավորանքները շարունակվել են առավոտյան ժամը 07:00-ից, երբ քնած տեղից արթնանում եմ, բայց, միեւնույնն է, այնքան եմ ուրախանում ամեն զանգահարումից, իրենց ամեն մի շնորհավորանքն ինձ համար մեծ ուժ է, նման մարդկանց կարիքը շատ կա մեր երկրում, եւ, փառք Աստծու, ես շրջապատված եմ շատ լավ ու բարի մարդկանցով»,- նշում է մեր զրուցակիցը:

Հարցին, թե ինչպես է նշել տարեդարձը, Արա Գեւորգյանն ընդգծում է, որ, ավանդույթի համաձայն, տարեդարձն անցկացնում է մանկության ընկերների հետ բնության գրկում:

«Ընկերներիս հետ գնում ենք դաշտ, զբաղվում ենք ձկնորսությամբ, որսորդությամբ, բայց այս, տարի որոշ հանգամանքներից ելնելով,  բացառություն ենք արել: Եթե ասեմ, որ այս օրն իմ ամենաուրախ օրն է, սուտ կլինի, քանի որ իմ տարեդարձը բաղկացած է  երկու փուլից. ուրախ եմ, որ մեծանալով է՛լ ավելի իմաստուն եմ դառնում, եւ ցանկացած մարդ, երբ մեծանում է, իմաստություն է ձեռք բերում, եւ տխրում եմ նրանից, որ  մանկությունից հեռանում եմ, քանի որ ունեմ մանկական խաղալիքների մեծ հավաքածու. ի դեպ, իմ հավաքածուն ցուցադրվել է շատ միջազգային ալիքներով:  Այսինքն՝ մինչեւ հիմա խաղում եմ խաղալիքներով, դրա համար ափսոսում եմ, որ ինչքան մեծանում ենք, այնքան սկսում ենք այդ ամեն ինչից ինքնաբերաբար հեռանալ»,- ասում է նա:

Արա Գեւորգյանը մեզ հետ զրույցում անկեղծանալով նշում է, որ տարեդարձի ամենաթանկ եւ անփոխարինելի  նվերը համբույրներն են զավակների կողմից. «Ես իմ էությամբ երբեք նյութապաշտ չեմ եղել, եւ ինձ համար երբեք  կարեւոր չի եղել նվերի մեծությունն ու արժեքը: Ամենափոքրիկ խաղալիքն անգամ կարող է ինձ մեծ երջանկություն պարգեւել եւ, իհարկե, այն բոլոր ջերմ ու բարի խոսքերը, որ ստանում եմ իմ ընկերների, ժողովրդի կողմից»:

Զրույցի վերջում Արա Գեւորգյանը, անդրադառնալով երազանքներին եւ նպատակներին, որոնք բոլոր թելերով ամուր կապված են հայրենիքի եւ ժողովրդի հետ, լիահույս է, որ ապագայում անպայման հետ ենք վերադարձնելու մեր կորսված հայրենիքը եւ շարունակելու ենք ապրել եւ արարել մեր սեփական հողում:

«Այս տարի պլանավորած լավ համերգներ ունեինք Նու-Յորքում, Գերմանիայի կառավարության հրավերով՝ Բեռլինում, որը, ցավոք, հետաձգվեց կորոնավիրուս համավարակի պատճառով: Հույս ունեմ, որ ապագայում անպայման կկայանան այդ համերգները: Անկեղծ ասած, հիմա համերգ տալու տրամադրություն էլ չկա: Մեր երկրին, ժողովրդին կցանակամ սեր  ջերմություն միմյանց նկատմամբ, սկսենք գիտակցաբար իրար շատ չքննադատել, իրար չսպանել, իսկ մեր երկրին էլ ցանկանում եմ շուտափույթ վերականգնում: Աստված պահպան լինի մեր երկրին, մեր ժողովրդին, քանի որ ես համոզված եմ, որ ամեն բան հետ ենք բերելու, վերականգնելու ենք: Պետք է պայքարենք եւ հավատանք մեր հաղթանակին»,- եզրափակում է Արա Գեւորգյանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՎԱՆՔԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԲԱՑՎԻ

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ապրիլի 20-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «ՍԱ-ՆՐԱՆԻՑ-ՀԻՆ» խորագրով ցուցահանդեսը, որի հիմնական թեմաներն են Հաղպատի եւ Սանահինի վանքերը:

 

Ըստ ավանդության՝ Սանահին (Սա-նրանից-հին կամ Սա-քան-զնա-հին) է կոչվել Հաղպատից ավելի հին վանքը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես մարդկության ստեղծած բացառիկ արժեքներ ընդգրկված միջնադարյան այս վանական համալիրները կառուցվել են հայկական հոգեւոր ճարտարապետության ծաղկման շրջանում եւ դարձել միջնադարյան Հայաստանի հոգեւոր եւ գիտալուսավորչական կարեւորագույն կենտրոններ:

Բովանդակային ընդգրկմամբ բացառիկ ցուցադրության հիմքում հայկական կերպարվեստի եւ կինոարվեստի միեւնույն՝ մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման, վերարժեւորման կարեւորագույն ուղերձը կրող երկխոսությունն է:

Ցուցադրության հիմնական մասն են կազմում Արշակ Ֆեթվաճյանի՝ Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանում 1900-1919 թթ. շրջագայությունների ընթացքում բացառիկ ճշգրտությամբ ստեղծված հայկական եկեղեցիների ու տաճարների ճարտարապետական մանրամասերի եւ զարդաքանդակների անկրկնելի մատիտանկար-վավերագրերը: Դեռեւս 1920-1922 թթ. Լուվրի Դեկորատիվ արվեստների եւ Լոնդոնի հանրահայտ Վիկտորիա եւ Ալբերտ թանգարաններում, Բրիտանական Ճարտարապետների արքայական ակադեմիայի ինստիտուտում եւ այլուր ցուցադրված ու «հայտնություն դարձած» ճարտարապետական այս գծանկարներն այսօր Հայաստանում ցուցադրվում են առաջին անգամ: Վիրտուոզ վարպետությամբ արված մատիտանկարները ներկայացնում են վանական հայտնի համալիրների սյուներն ու խոյակները, զարդագոտիներն ու որմնազարդերը, վարդակներն ու լուսամուտները:

Ցուցահանդեսում ներկայացված են նաեւ Հ. Շամշինյանի, Ե. Թադեւոսյանի, Փ. Թերլեմեզյանի գեղանկարչական աշխատանքները եւ Ռ. Բեդրոսովի, Վ. Այվազյանի, Հ. Ալխազյանի գրաֆիկական թերթերը, Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմի վերջնական տարբերակ չմտած կադրերն ամփոփող եզակի ինստալացիան:

Ցուցահանդեսի բացմանը (որը տեղի կունենա 17:30-ին) կնախորդի Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ Հայաստանի ազգային պատկերասրահի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրումը:

 

 

 

ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԸ

Հայտնի են դարձել Եվրոպական Սուպերլիգայի երեք հավանական նոր անդամները: «Բավարիան», «ՌԲ Լայպցիգը» եւ «Պորտուն» առաջիկա օրերին կարող են միանալ նորաստեղծ մրցաշարին. հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան: Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», «Ատլետիկոն», «Յուվենտուսը», «Ինտերը», «Միլանը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Չելսին» արդեն հաստատել են իրենց մասնակցությունը Եվրոպա լիգայում, որոնց միացել են նաեւ «Արսենալը» եւ «Տոտենհեմը»:

 

 

ՀԱՂԹԵԼ Է

Ֆուտբոլի կանանց Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բլեքբերնը» 5:2 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնին» եւ նվաճել հաջորդ փուլի ուղեգիր: «Բլեքբերնի» առաջին գոլը 26-րդ րոպեին խփել է 17-ամյա հայ ֆուտբոլիստուհի Մարիա Էդվարդսը, որը ճանաչվել է նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Խաղից հետո Մարիա Էդվարդսը գրառում է կատարել սոցցանցերում. «Թիմային լավ խաղ այսօր եւ դրական լիցքեր հաջորդ շաբաթվանից առաջ: Շնորհակալություն քվեարկելու համար»: Մարիա Էդվարդսը վարձավճարով է հանդես գալիս «Բլեքբերնում»: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Մարիան խաղացել է նաեւ կանանց Անգլիայի Մ-18 հավաքականում:

 

 

 

ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է վարկանիշային թարմացված աղյուսակը: Առաջին ռակետի կոչումը պահպանել է սերբ Նովակ Ջոկովիչը, որին հաջորդում են ռուս Դանիիլ Մեդվեդեւն ու իսպանացի Ռաֆայել Նադալը: Ռուս Անդրեյ Ռուբլյովը Մոնտե Կառլոյում անցկացված «Մասթերս 1000» մրցաշարի եզրափակիչ դուրս գալու շնորհիվ շրջանցել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդրերին եւ բարձրացել 7-րդ տեղ։ Ռուսաստանցի Կարեն Խաչանովը պահպանել է 23-րդ տեղը: Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը Կանանց թենիսի ասոցիացիայի դասակարգման աղյուսակում շարունակում է զբաղեցնել 89-րդ տեղը: Առաջին ռակետի կոչումը պահպանել է ավստրալուհի Էշլի Բարթին: Ճապոնացի Նաոմի Օսական երկրորդն է, իսկ ռումինացի Սիմոնա Հալեպը եզրափակում է լավագույն եռյակը:

 

 

 

 




Լրահոս