ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը արձագանքել է Ադրբեջանի նախագահի «101 տարի անց Զանգեզուր վերադառնալու» հայտարարությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից:
«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը:
Հատկանշական է, որ նման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ և նպատակ ունեն ուժի դիրքերից խոսելու հայ ժողովրդի հետ:
Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ:
Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական և ապագայի շահերին:
«Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման առաջադրանքը, ցանկանա դա Հայաստանը, թե ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, դա հեշտ կարելի է լուծել, եթե չցանկանա, մենք դա ուժով կլուծենք»,- ասել է Ալիևը AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում: