ՆՈՐ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԲԵՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթ ԵԽԽՎ Վենետիկի մասնագիտական հանձնաժողովը նոր ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ կներկայացնի իր եզրակացությունը, որից հետո այս մեծ փաթեթը կքննարկվի արդեն հայրենի խորհրդարանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները նպատակ ունեն կարճ ժամկետներում՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, արտահերթ նիստով քննարկել ԸՕ ընդլայնված փաթեթը, որպեսզի կարողանան մի քանի դրույթներ հասցնել կիրառել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, եթե, իհարկե, դրանք կայանան: Սակայն այստեղ եւս իշխանությունները կարող են բախվել խնդրի, եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ձգձգի դրա ստորագրումը կամ առհասարակ հրաժարվի ստորագրել այն. այս դեպքում հաստատ ժամկետների մեջ հնարավոր չի լինի տեղավորվել:

Հիշեցնենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի ոչ ընդգրկուն փոփոխությունները, որը ԱԺ-ն ապրիլի 1- ին ընդունեց, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ո՛չ ստորագրում է, ո՛չ էլ դիմում է Սահմանադրական դատարան, ինչը նշանակում է, որ  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պետք է այն ստորագրի եւ կիրառման ուժ տա: Սահմանադրության համաձայն՝ եթե Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը նախագահը չի ստորագրում ու ՍԴ չի ուղարկում, ապա ընդունումից 21 օր անց Ազգային ժողովի նախագահն է ստորագրում այն 5-օրյա ժամկետում։

Նշենք, որ ապրիլի 1-ին ընդունված ԸՕ փոփոխություններով՝ հունիսին 20-ին սպասվող ընտրություններում ռեյտինգային ընտրակարգը վերացավ, եւ քաղաքացիները կընտրեն միայն կուսակցություններին։ Նախորդ ընտրություններում ընտրողները կարող էին քվեարկել նաեւ իրենց տարածքում առաջադրված կոնկրետ թեկնածուի օգտին։

Իսկ եթե Ընտրական օրենսգրքի լայն փաթեթը առաջիկա տասը օրում քվեարկվի, եւ Արմեն Սարգսյանն էլ այն ստորագրի ժամկետներում, ապա լայն փոփոխությունների որոշ դրույթներ կկիրառվեն: Առաջարկվող տարբերակով մասնավորապես փոխվելու է կուսակցությունների անցողիկ շեմը։ Կուսակցությունը խորհրդարան անցնելու համար 5 -ի փոխարեն պետք է հավաքի ընտրողների ձայների առնվազն 4 տոկոսը, իսկ դաշինքների դեպքում անցողիկ 7 տոկոսը բարձրանում է մինչեւ 8, բայց այդ դրույթները ուժի մեջ կարող են մտնել սպասվող արտահերթ ընտրություններից հետո:

Իսկ փոփոխությունների մեծ փաթեթում ամեն դեպքում ամրագրված է, որ փոփոխությունների մեծ մասն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների նպատակները՝ հերթական անհնազանդին պատժելու հարցով, ձախողվել են: Ապրիլի 17-ի համարում  գրել էինք, որ քաղաքական իշխանությունը հրահանգ էր իջեցրել ուժային կառույցներին «կոմպրոմանտներ» հավաքել նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ: Նպատակ կա «կոմպրոմանտներ» հավաքելով քրեական գործեր հարուցել նրա նկատմամբ եւ նրան ներգրավել որպես մեղադրյալ: Սակայն իրավապահ համակարգի մեր աղբյուրները պնդում են, որ որոնողական աշխատանքները անարդյունք են եղել, եւ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որեւէ բան չեն կարողացել գտնել: Ասել է թե` քրեաիրավական բնույթի ոչինչ չկա նրա գործունեության, անցյալի մեջ: Ու այս պահի դրությամբ չկա որեւէ տարբերակ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրգործ հարուցելու: Այսինքն` կան անհնազանդներ, որոնց անգամ ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէ տանել ճաղերից այն կողմ, թեեւ իշխանական քարոզչությունից ակնհայտ է, որ մինչեւ հունիսի 20-ը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մտադիր է 2020 պատերազմի հիմնական մեղավոր նշանակել Օ. Գասպարյանին: Իսկ թե այդ քաղաքական նշանակումը իրավական ինչ հետեւանքներ կունենա, դժվար է ասել:

 

 

 

 

Հայաստանի զբաղվածության տարածքային կենտրոնների աշխատակիցները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Սոցիալական ոլորտում նախկին նախարար Զարուհի Բաթոյանի ձեռնարկած, Մեսրոպ Առաքելյանի ձեռամբ շարունակվող բարեփոխումների շղարշով իրականացվող գործընթացի հետեւանքով մոտ 300 քաղաքացի գործազուրկ է դառնում: Նշենք, որ ԱԺ-ի կողմից ընդունված փոփոխությունների արդյունքում նախարարության կազմում ստեղծվել է Միասնական սոցիալական ծառայություն, որը միավորում է համակարգում գործող չորս կառույցներ, այդ թվում` Զբաղվածության պետական գործակալությունը՝ իր բոլոր տարածքային կենտրոններով: Այս տարվա փետրվարի 26-ի որոշմամբ՝ ապրիլի 1-ից գործակալությունը վերակազմակերպման փոխարեն դադարեցվել է, որն էլ հիմք է հանդիսանում քաղաքացիական ծառայողներին պաշտոններից ազատման համար: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթին են ահազանգել Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակիցները: Կենտրոնի աշխատակից Հերմինե Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց կենտրոնի 11 հաստիքից Միասնական սոցիալական ծառայության հաստիքացուցակում ընդգրկված են զբաղվածության բնագավառի Մ3 2 ավագ մասնագետ եւ Մ4 1 մասնագետ: Վանաձորի զբաղվածության կենտրոնում եւ սոցիալական աջակցության կենտրոնում, միասին վերցրած, աշխատում էին 35 մասնագետներ, այժմ նոր հաստիքացուցակով նրանցից կաշխատեն միայն 15-ը, այսինքն՝ կկրճատվի 20 աշխատող, բայց սա միայն Վանաձորում: Պարզվում է՝ բարեփոխումներ անելու անվան տակ, Սոցապ նախարարության ակտիվ ջանքերի շնորհիվ, խախտվում են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված նրանց իրավունքները, այն է՝ ընդհատվում է նրանց աշխատանքային ստաժը, զրոյանում է աշխատանքային ստաժով պայմանավորված աշխատավարձի բնականոն աճի հաշվին գոյացած աշխատավարձի մասը, եւ կորցնում են իրենց արձակուրդները: Այլ կերպ ասած` նրանց ողջ անցյալը զրոյացվում է:

 

 

 

ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակության անդամները հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների եւ տեղահանված անձանց հարցի քվեարկության պատկերը տեխնիկական խափանման հետեւանք են համարում: Ինչպես հայտնի է, պատվիրակության 12 անդամներից 5-ը՝ դեմ, իսկ 7-ը ձեռնպահ են եղել, որպեսզի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում քննարկվի այդ հարցը: Միեւնույն ժամանակ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությունը գրեթե ամբողջությամբ նաեւ դեմ է եղել, որ վեհաժողովում քննարկվի Թուրքիայում ժողովրդավարության վիճակի հարցը:  Թե ինչու Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը ռազմագերիների հարցի եւ Թուրքիայի ժողովրդավարական վիճակի պրոբլեմները քննարկելու հարցում նման կերպ վարվեց, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ ՌԴ պատվիրակության անդամներից, սակայն միեւնույն պատասխանը ստացանք: Նախ պատվիրակության անդամ Սերգեյ Պախոմովը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե  այդ հարցի քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակությունը տեխնիկական խափանման է բախվել, եւ դա է եղել այդպիսի քվեարկության պատճառը՝ ասելով, թե համապատասխան դիմումներն արդեն ներկայացվել են: Նման պատճառաբանություն բերեց նաեւ  ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը՝ «ժողովուրդ» օրաթերթին ասելով, թե  խնդիր է եղել՝ խոստանալով, որ քննարկման ժամանակ իրենց դիրքորոշումը կհայտնեն: Հավելենք, որ ռուսական պատվիրակությունից զատ դեմ են եղել ողջ ադրբեջանական պատվիրակությունը՝ 6 հոգի, քվեարկությանը մասնակցած Թուրքիայի 9 հոգանոց պատվիրակության 8 հոգին, մեկը կողմ է եղել Ֆելեքնաս Ուջան, ով ազգությամբ եզդի է, Սերբիայի ու Հունգարիայի մեկական պատվիրակ, ընդհանուր առմամբ՝ 21 դեմ, փոխարենը կողմ են քվեարկել 93-ը, ձեռնպահ՝ 18-ը։

 




Լրահոս