Այս շաբաթ Վենետիկի հանձնաժողովը նոր Ընտրական օրենսրգրքի վերաբերյալ կներկայացնի իր եզրակացությունը, որից հետո այս մեծ փաթեթը կքննարկվի արդեն խորհրդարանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները նպատակ ունեն կարճ ժամկետներում՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, արտահերթ նիստով քննարկել փաթեթը, որպեսզի կարողանան մի քանի դրույթներ կիրառել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եթե դրանք կայանան: Սակայն այստեղ եւս իշխանությունները կարող են բախվել խնդրի, եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ձգձգի դրա ստորագրումը կամ առհասարակ հրաժարվի ստորագրել այն: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների պարագայում, որով վերացվեց վարկանիշային ընտրակարգը, կրկին նույն պատկերն էր, եւ Արմեն Սարգսյանը հայտարարեց՝ ո՛չ ստորագրում է, ո՛չ էլ դիմում է Սահմանադրական դատարան, եւ այդ պարագայում գնդակն արդեն Արարատ Միրզոյանի դաշտում է:
Սահմանադրության համաձայն՝ եթե Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը նախագահը չի ստորագրում ու ՍԴ չի ուղարկում, ապա ընդունումից 21 օր անց Ազգային ժողովի նախագահն է ստորագրում այն 5-օրյա ժամկետում։ Ուժի մեջ մտնելուց հետո հունիսին 20-ին սպասվող ընտրություններում քաղաքացիները կընտրեն միայն կուսակցություններին։ Նախորդ ընտրություններում ընտրողները կարող էին քվեարկել նաեւ իրենց տարածքում առաջադրված կոնկրետ թեկնածուի օգտին։ Նույնն էլ կարող է լինել Ընտրական օրենսգրքի լայն փաթեթի պարագայում, սակայն եթե Արմեն Սարգսյանն այն ստորագրի ժամկետներում, ապա որոշ դրույթներ կկիրառվեն: Առաջարկվող տարբերակով, մասնավորապես, փոխվելու է անցողիկ շեմը։ Կուսակցությունը խորհրդարան անցնելու համար 5 -ի փոխարեն պետք է հավաքի ընտրողների ձայների առնվազն 4 տոկոսը, իսկ դաշինքների դեպքում անցողիկ 7 տոկոսը բարձրանում է մինչեւ 8, բայց այդ դրույթները ուժի մեջ կարող են մտնել սպասվող արտահերթ ընտրություններից հետո: Փոխվում է նաեւ քաղաքական կոալիցիաներ ձեւավորելու կարգը. առաջնահերթություն է տրվում այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ընտրությունների արդյունքով ձայների մեծամասնությունն է ստացել: Վերջինս 14 օրվա ընթացքում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքիների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է բաշխված մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, եւ նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։ Եթե 14 օրվա ընթացքում բաշխված մանդատների ընդհանուր թվի հարաբերական մեծամասնությունը ստացած կուսակցությունը (դաշինքը) քաղաքական կոալիցիա չի ձեւավորում, ապա մանդատների բաշխմանը մասնակցած ցանկացած կուսակցություն (կուսակցությունների դաշինք) 7-օրյա ժամկետում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է բաշխված մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, եւ նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։ Ավելացվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվճար եթերաժամանակը: Գործող օրենքով կուսակցությունն իրավունք ունի անվճար օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե։ Առաջարկվում է այն դարձնել 90 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամի ոչ ավելի քան 120 րոպեն կդառնա 180 րոպե: Ընտրությունների ժամանակ Հանրային ռադիոն եւ Հանրային հեռուստատեսությունը պարտավորվում են թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար ապահովել ոչ խտրական պայմաններ: Հանրային ռադիոյի եւ Հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդումներում թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (դաշինքների) նախընտրական քարոզարշավի վերաբերյալ պետք է հաղորդվի անկողմնակալ եւ գնահատականներից զերծ տեղեկատվություն: Ազգային ժողովի եւ 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստաընկերությունը պարտավորվում է նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում կազմակերպել հեռուստաբանավեճեր՝ ապահովելով մասնակցության հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար։ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում հեռուստաբանավեճերի քանակը չպետք է պակաս լինի 4-ից՝ յուրաքանչյուրն առնվազն 90 րոպե տեւողությամբ, իսկ հեռուստաբանավեճերից առնվազն մեկին պետք է հրավիրվեն միայն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակների առաջին համարի թեկնածուները։ Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները եւ հեռուստահաղորդումներն ընդմիջել առեւտրային գովազդով: Համացանցում լրատվական կայք ունեցող զանգվածային լրատվության միջոցները, ինչպես նաեւ համացանցային կայքի իրավատեր հանդիսացող անձինք նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար պարտավորվում են ապահովել ոչ խտրական եւ ոչ կողմնակալ պայմաններ: Նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում համացանցում, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներով, նախընտրական քարոզչությանը վերաբերող, վճարովի հիմունքներով գովազդային նյութեր եւ տեսանյութեր կարող են տեղադրվել միայն թեկնածուի, կուսակցության կամ նրա ներկայացուցչի հետ կնքված գրավոր պայմանագրի հիման վրա՝ նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին։
Նախընտրական քարոզչական նյութերի հրապարակումը պետք է ուղեկցվի «Նախընտրական քարոզչություն» լուսագրով, իսկ քարոզչական տեսանյութերի դեպքում՝ տեսանյութի վրա տեղադրվող «Նախընտրական քարոզչություն»՝ անընդմեջ ուղեկցվող լուսագրով։ Նախընտրական քարոզչական նյութերի եւ տեսանյութերի հրապարակումը պետք է տեղեկություններ պարունակի պատվիրատուի վերաբերյալ։
Փոփոխությունների մեծ փաթեթում, ամեն դեպքում, ամրագրված է, որ փոփոխությունների մեծ մասն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հունվարի 1-ից:
Ն.Հ.
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ռազմագործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի շրջանում։ Սկսած 2020թ. նոյեմբերի 13-ից առ այսօր ԱԻ պետական ծառայության փրկարարներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Հինգ ամսվա ընթացքում իրականացված որոնումների արդյունքում Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել եւ տարհանվել է ընդհանուր 1544 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։
667 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 667 նոր դեպք է գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը հասել է 209485 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 942001, վերջին մեկ օրում` 4398 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 14896 պացիենտ, մեկ օրում նվազել է 28-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 189688 անձ, վերջին մեկ օրում՝ 671 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 24 քաղաքացի. մահացածների թիվը 3919 է:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ
«Ի հեճուկս այն գնահատականների, որ 2020թ. Հայաստանը փակելու է շատ բարձր, երկնիշ տնտեսական անկումով, կորոնավիրուսին եւ պատերազմին զուգընթաց ունեցել ենք ընդամենը 7.6 տոկոս տնտեսական անկում, ընդ որում՝ առանձին ամիսներին, հատկապես դեկտեմբերին մենք նկատում էինք դրական դինամիկա: Պետք է զուգահեռաբար նշել, որ ոչ միայն մարտահրավեր էր կորոնավիրուսը մեզ համար, այլ նաեւ տնեսության առանձին ճյուղերի համար՝ հնարավորություն, եւ առանձին ճյուղերում արձանագրել ենք բավականին լավ ցուցանիշներ»,-այս մասին ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը: Նրա խոսքով՝ կառավարությունն իրականացրել է շուրջ 200 մլրդ դրամի աջակցության ծրագրեր, եւ դրա շնորհիվ է, որ Հայաստանում չեն եղել մակրոտնտեսական խնդիրներ, եւ պահպանվել է մակրոտնտեսական կայունությունը, որը արտահայտվել է պատերազմից հետո եվրաբունդերի թողարկմամբ:
ԱԶԱՏՈՒՄ-ՆՇԱՆԱԿՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գոռ Մելիքյանն ազատվել է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Կարեն Իսախանյաննն ազատվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից:
ԷԴՄՈՆՄԱՐՈՒՔՅԱՆԻ ԴԵՄ
Հունիսի 20-ի հնարավոր ընտրություններից առաջ իշխանությունը պայքարի մի քանի թիրախներով է գնում: Քանի որ տարբեր հարցումներ ցույց են տվել, որ ՀՀ-ում քաղաքականապես չկողմնորոշված որոշ զանգված թեքվում է դեպի «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմը, իշխանությունը որոշել է ոչնչացնել նրանց ձայները: Լուրեր են պտտվում այն մասին, որ պատերազմից հետո Արցախի սոցիալական հարցերի նախարար դարձած Մանե Թանդիլյանին իշխանությունները որոշել են բերել, դարձնել «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցության լիդեր: Նպատակն այն է, որ նախկին ԼՀԿ-ականը կարողանա Էդմոն Մարուքյանի գլխավորած ուժի ձայներից պոկել: Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը պատգամավոր է դարձել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով, այնուհետեւ հրաժարվեց պատգամավորի մանդատից արտերկրում բուժման գնալու նպատակով: Իսկ 2020 սեպտեմբերից սկսված պատերազմից հետո Թանդիլյանը կրկին աշխատելու հայտ ներկայացրեց եւ նշանակվեց Արցախի սոցապնախարար` մինչ այդ հայտարարելով. «Պատերազմի ավարտից հետո այցելեցի Արցախ: Ծանոթանալով ստեղծված իրավիճակին՝ ինձ պարզ դարձավ, որ ընդհատում եմ բուժումս եւ տեղափոխվում ապրելու Արցախ: Պարզապես ապրելու… Արդեն որոշել եմ իմ առաջիկա անելիքը` ապրել եւ ապրեցնել Արցախը հայերեն»: Բայց այս խոսքերից հետո կարծես թե Թանդիլյանը էլի զղջացել է եւ Արցախն ապրեցնելու փոխարեն որոշել է «ապրեցնել» «Իմ քայլին»:
ԱՃ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
Պաշտոնական թվերով՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, Հայաստանի տրանսպորտի գործունեության հետ կապված, մասնավորապես՝ բեռնափոխադրումների ոլորտում, աճ է արձանագրվել: Ընդհանուր բեռնափոխադրումները այս տարվա երկու ամիսների ընթացքում 7.4 տոկոսով ավելացել են: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ երկաթուղային բեռնափոխադրումները, հակառակը, պակասել են 0.7 տոկոսով, որից բեռների արտահանումը պակասել է 9.6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 24.7 տոկոսով: Փոխարենն ավելացել են երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումները. աճը կազմել է 7.8 տոկոս: Ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների աճը կազմել է 15.7 տոկոս: Ընդ որում՝ ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները, ըստ իրենց նպատակի դիտարկելիս, տեսնում ենք, որ արտահանումը ավելացել է 14.9 տոկոսով, ներմուծումը՝ 16.8 տոկոսով, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումները ավելացել են 15.2 տոկոսով: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ մեծ անկում է արձանագրվել՝ արտահանման դեպքում` 40 տոկոս, իսկ ներմուծումը` 18.2 տոկոս: