300 ՔԱՂԱՔԱՑԻ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԵՆ ԴԱՐՁԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի զբաղվածության տարածքային կենտրոնների աշխատակիցները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Սոցիալական ոլորտում Մեսրոպ Առաքելյանի ձեռնարկած բարեփոխումների հետեւանքով մոտ 300 քաղաքացի գործազուրկ է դառնում:

 

Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերը գրել էր, որ նախկին նախարար Զարուհի Բաթոյանի փոփոխությունները, որոնք այժմ մեծ շուքով իրականացնում է ներկայիս նախարար Մեսրոպ Առաքելյանը, դժգոհությունների առիթ է հանդիսացել: Բանն այն է, որ դեռեւս Բաթոյանի օրոք արված փոփոխությունների արդյունքում նախարարության կազմում ստեղծվել է Միասնական սոցիալական ծառայություն, որը միավորում է համակարգում գործող չորս կառույցներ, այդ թվում` Զբաղվածության պետական գործակալությունը՝ իր բոլոր տարածքային կենտրոններով: Ընդ որում, կանոնադրության համաձայն՝ այդ նոր սոցիալական ծառայության կազմում գործակալությունը պետք է պահպաներ իր բոլոր գործառույթները, սակայն այս տարվա փետրվարի 26-ի որոշմամբ ապրիլի 1-ից գործակալությունը վերակազմակերպման փոխարեն դադարեցվել է, որն էլ հիմք է հանդիսանում քաղաքացիական ծառայողներին պաշտոններից ազատման համար: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթին են ահազանգել Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակիցները: Մինչդեռ սոցիալական ոլորտի թիվ մեկ պատասխանատուն՝ նախարար Մեսրոպ Առաքելյանը, տարբեր առիթներով հավաստիացրել է, որ իրականացվող բարեփոխումների արդյունքում որեւէ քաղաքացիական ծառայող չի կորցնի իր աշխատանքը: Նույն հավաստիացումները մի քանի անգամ հնչել են նաեւ նախկին նախարար Զարուհի Բաթոյանի շուրթերից, բայց իրականությունն այլ է: Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակից Հերմինե Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց կենտրոնի 11 հաստիքից Միասնական սոցիալական ծառայության հաստիքացուցակում ընդգրկված են զբաղվածության բնագավառի Մ3 2 ավագ մասնագետ եւ Մ4 1 մասնագետ: Վանաձորի զբաղվածության կենտրոնում եւ սոցիալական աջակցության կենտրոնում, միասին վերցրած, աշխատում էին 35 մասնագետներ, այժմ նոր հաստիքացուցակով նրանցից կաշխատեն միայն 15-ը, այսինքն՝ կկրճատվի 20 աշխատող: Սա՝ միայն Վանաձորում:

«Խնդիրը ոչ միայն հաստիքների մեջ է, այլ այն, որ պաշտոնները ժամանակոր են, բայց չէ՞ որ քաղծառայող ենք ու պաշտպանված ենք «Քաղծառայողների մասին» օրենքով, ատեստավորվել ենք մի քանի անգամ: Մեզանից յուրաքանչյուրն ունի վերապատրաստված տարբեր վկայականներ, մեր մասնագիտական գիտելիքները, գործատուների, աշխատանք փնտրողների, միջազգային եւ տեղական գործընկերների հետ համագործակցելու տարիների ընթացքում ձեռք բերված փորձը զրոյանում է: Խախտվում են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված մեր իրավունքները, այն է՝ ընդհատվում է մեր աշխատանքային ստաժը, զրոյանում է աշխատանքային ստաժով պայմանավորված աշխատավարձի բնականոն աճի հաշվին գոյացած աշխատավարձի մասը: Փաստորեն պետությունը մեր մասնագիտական գիտելիքները հաշվի չի առնում»,- իրավիճակը ներկայացրեց Հերմինե Գեւորգյանը: Մեր զրուցակցի խոսքերով՝ 3 հաստիքով ֆիզիկապես հնարավոր չի լինի այդ գործառույթներն իրականացնել, որն էլ իր հերթին հետագայում ավելի մեծ խնդիր է լինելու պետության համար:  Ի դեպ, տեւական ժամանակ է, ինչ Զբաղվածության պետական գործակալության աշխատողներն այս խնդրի մասին են ահազանգում, բայց նախարարությունից եւ որեւէ մեկը չի բարեհաճում նրանց կողմից բարձրացրած հարցերին պատասխաններ տալ: Նշենք, որ գործազուրկ դարձած աշխատողներն այս խնդրի շուրջ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

«Ժամանակավոր թափուր պաշտոն, մրցույթ է լինելու, եւ, պատկերացրե՛ք, թե ինչպես են 11 կամ 30-40 հոգին 3 տեղի համար պայքարելու: Դեռ չեն էլ առաջարկել ժամանակավոր պաշտոն, օդում կախված ենք մնացել: Լարված վիճակ է մեր կազմակերպությունում, եւ 11 հոգի չգիտեն՝ երկու օր հետո այդ երեքը ովքեր են լինելու: Եւ հետո ոչ մի չափորոշիչ չկա, ինչ հիմքերով են առաջնորդվելու ընտրության հարցում, դա կլինի սեռը, տարիքը, մասնագիտական գիտելիքները, ոչ մի չափորոշիչ չկա, որ մենք հասկանանք, թե անձին ոնց են ընտրելու»,- նկատեց մասնագետը:

Այստեղ սակայն անհասկանալի է Սոցապնախարարության վարած քաղաքականությունը. բարեփոխումներ իրականացնելու անվան տակ 300 հոգու գործազուրկ է թողել եւ քաշվել մի կողմ: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանից հետաքրքրվեց՝ չի պատրաստվում արդյոք նախարարը առաջիկայում հանդիպել այս մարդկանց հետ, լսել նրանց դժգոհությունները, բողոքները, ինչու չէ, նաեւ բացատրել: Ի պատասխան մեր հարցին՝ մամուլի խոսնակն ասաց. «Զբաղվածության պետական գործակալության, ԲՍՓ-ի ու մյուս կառույցների գործունեությունն, ինչպես գիտեք, դադարեցվել է. լիազորությունները վերապահվել են Միասնական սոցիալական ծառայությանը։ Արդեն ՄՍԾ-ում առկա թափուր հաստիքների հայտարարությունները հրապարակվում են, որոնց դիմել կարող են չափորոշիչներին համապատասխանող բոլոր մասնագետնեը։ Ընդ որում, չհամալրելու դեպքում հայտարարվում է դիմումների ընդունման 2-րդ փուլ։ Ինչ վերաբերում է նրանց հարցերը լսելուն, տարբեր մարզերից նախկին զպգ աշխատակիցների հետ հանդիպում եղել է օրեր առաջ, ոլորտը համակարգող փոխնախարար՝ Ռուբեն Սարգսյանին ներկայացրել են իրենց մտահոգությունները, քննարկել են տարբերակներ»։ Բայց, ինչպես տեսնում եք, աշխատանքը կորցրած քաղաքացիների հարցերը դեռեւս անպատասխան են մնացել: Իսկ մինչ այդ նշենք, որ գործազուրկ դարձած այս մասնագետները զանգահարել են քաղծառայության խորհուրդ, փորձել են այնտեղից ինչ-որ պատասխան ստանալ, սակայն Քաղծառայության խորհուրդից փոխանցել են, որ որեւէ կերպ չեն կարող ազդել որոշման վրա: Ստացվում է, որ քաղծառայության խորհուրդը ոչինչ չի ձեռնարկում այն դեպքում, երբ ակնհայտ, ինչպես ասում են, օրը ցերեկով խախտվում են քաղծառայողների՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021 թվականի մարտի 25-ին Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրին ադրբեջանական զինվորական ավտոշարասյան կազմում ընթացող բեռնատար ավտոմեքենայի թափքից ինքնությունը չպարզված ադրբեջանական զինծառայողի կողմից ազգային ատելության շարժառիթով ուրիշի գույքը դիտավորյալ վնասելու մտադրությամբ ազգությամբ հայ վարորդների վարմամբ «Նիվա» եւ «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաների ուղղությամբ քարեր նետելու եւ «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից: ԱՀ քրեական օրենսգրքի 33-191-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՏԱՐԿԵՏՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը. տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը։ Նոր կարգավորմամբ` միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, բայց ավարտական կուրսում սովորող եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ կտրվի տարկետում մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա՝ 20 տարին լրանալու օրը: Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: Երկարաձգման նպատակն է հիմնական կրթության հիմքով միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած ուսանողներին հնարավորություն տալ ավարտելու կրթական ծրագիրը, ստանալու համապատասխան որակավորում, որից հետո միայն զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: Նշենք, որ գործող օրենքով նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողներին տարկետում տրվում է մինչեւ 19 տարեկանը: Նմանօրինակ կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հիմնական կրթության հիմքով քոլեջների միջին մասնագիտական կրթական ծրագրերով կան մասնագիտություններ, որոնց ուսման տեւողությունը 4 տարի է:

 

 

 

ՇՈՒՌՆՈՒԽՈՒՄ ԵՆ ԵՂԵԼ

Հանրապետության նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել են Շուռնուխ գյուղ: Այս մասին տեղեկացրել են ՄԻՊ գրասենյակից։ Բնակիչները, որպես գլխավոր խնդիր, բարձրացրել են անվտանգության խնդիրը, որն առաջացել է իրենց անմիջական հարեւանությամբ` համայնքի ճանապարհին, ադրբեջանական զինվորականների ապօրինի ներկայության պատճառով: Այդ ֆոնին առկա են նաեւ սոցիալական չլուծված խնդիրներ: Պատերազմից հետո սահմանների հետ կապված գործընթացի հետեւանքով մարդիկ զրկվել են բնակարաններից, հողատարածքներից ու արոտավայրերից: Ադրբեջանական ներկայության պատճառով բնակարաններից զրկված մարդիկ բարձրացրել են նոր բնակարանների կառուցման հարցում առաջ եկած խնդիրներ: Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է Սյունիքում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը: ՀՀ նախագահի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները, եւ, ըստ իրավասության, կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ:

 

 

ՓԱԹԵԹ՝ ՔՀԿ-ՈՒՄ

2021 թվականի ապրիլի 20-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տարածքում հերթական շրջայց կատարելիս բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում նկատել են ներնետված փաթեթ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։ Հայտնաբերվել են «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,7 գրամ քաշով բյուրեղանման եւ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,4 եւ 1,7 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ, ինչպես նաեւ՝ բջջային հեռախոս: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

 

ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ԲԱԺԻՆ

Երեկ ոստիկանության Արտաշատի բաժին է ինքնակամ ներկայացել Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գարեգին Բաղդասարյանը։ Վերջինս կասկածվում է ապրիլի 14-ին Երեւան քաղաքում՝ թիվ 54 երթուղին սպասարկող թՈջպսՖ-ի մեջ, դանակի 3 հարվածով Երեւանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանին սպանելու մեջ։ Սպանությունից հետո վերջինս հեռացել էր դեպքի վայրից, նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ, եւ հայտարարվել հետախուզում։ Նրան ոստիկանության Արտաշատի բաժնից տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ՝ նախաքննական մարմին։ Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին 58-ամյա քաղաքացին Երեւանում թիվ 54 երթուղին սպասարկող թՈջպսՖ-ի մեջ դանակի 3 հարվածով սպանել էր Երեւանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանին:

 




Լրահոս