Հակառակորդը կրակել է Ստեփանակերտի, Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակառակորդը կրակել է Ստեփանակերտի, Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ: Այս մասին գրում է hetq.am-ը։  Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը կրակել է երեկ՝ ապրիլի 20-ին, ժամը 15-ի սահմանում: Նույն ժամին կրակոցներ են եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ:

Ստեփանակերտի Վ. Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը ծակվել է: Տանւրուհին՝ Կարինե Մունչյանը պատմել է, որ ինքը տանը չի եղել, տանն այդ ժամանակ ամուսինը՝ Խաչատուրն ու երկու երեխաներն են եղել: Խաչատուրը զինվորական է:

Երեխաները՝ Արմենն ու Աշոտը, այդ ժամանակ տանն են եղել: Վկայակոչելով հորը, Աշոտն ասել է, որ հակառակորդը կրակել է АК տեսակի ավտոմատից:

Կարինեի խոսքով` ռուս խաղաղապահներն ու ոստիկանության աշխատակիցներն այցելել են ընտանիքին, իրենց հետ տարել փամփուշտը:

Շոշի գյուղապետ Էրիկ Աբրահամյանը կայքին հայտնել է,  որ երեկ` ապրիլի 20-ին, ժամը 15-ի սահմանում, Մխիթարաշեն ու Շոշ գյուղերի ուղղությամբ կրակոցներ են հնչել 15-20 րոպե տևողությամբ:

Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը հայտնել է, որ Ստեփանակերտի Վաղարշյան հասցեով տան ուղղությամբ արձակված կրակոցի դեպքով տարվում է քննություն, այցելել են ոստիկանության ու ԱԻՊԾ աշխատակիցները:

Շոշ և Մխիթարաշեն գյուղերի վրա արձակված կրակոցների վերաբերյալ քննություն չի տարվել, բայց բնակիչների շրջանում տարածված խոսակցությունների հիման վրա հնարավոր է, որ իրականացվի: Նրա խոսքով, վաղը՝ ապրիլի 22-ին, ոստիկանությունը հանդես կգա հայտարարությամբ:




Լրահոս