Հայաստանում կացարանի կարիք ունեցող ընտանիքների համար կսահմանվի սոցիալական հիփոթեք։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ բնակարանի առավելագույն չափը՝ մինչեւ երեք երեխա ունենալու պարագայում, սահմանվում է 6.5 մլն դրամ, սահմանվում է նաեւ երկրորդ չափորոշիչը՝ մեկ քմ-ի առավելագույն արժեքը՝ 100 հազար դրամ։ Բնակարանի կամ բնակելի տան առավելագույն չափը կարող է ավելանալ ընտանիքում երեխաների առկայությամբ պայմանավորված՝ սկսած երրորդ երեխայից՝ յուրաքանչյուրի հաշվարկով 1 մլն դրամ։
Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ սոցիալական հիփոթեքից կարող է ընտանիքն օգտվել միայն ՀՀ մարզերում բնակարան ձեռք բերելու դեպքում։ ՀՀ պետական բյուջեից ծախսը 2021 թվականի համար կկազմի 500 մլն դրամ, 2022-ի համար 2 մլրդ դրամ, իսկ 2023-ի եւ հետագա տարիների համար 4 մլրդ դրամ՝ ընդհանուր առավելագույնը 6000 շահառուի հաշվարկով։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հրահանգվել է մայիսի 31-ը կառավարություն ներկայացնել կացարանի կարիք ունեցող ընտանիքների կողմից բնակարանի ձեռքբերման նպատակով ամբողջությամբ սուբսիդավորվող հիփոթեքային վարկավորման կարգը, պայմանները ու հիփոթեքային վարկ ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերին դասված ընտանիքների ցանկը: Ի դեպ, տեղեկացնենք, որ վարկի տարեկան տոկոսադրույքը առավելագույնը 7 տոկոս, որն ամբողջությամբ սուբսիդավորվում է, իսկ վարկի մարման ժամկետը կկազմի 20 տարի:
Հուսանք՝ այս ծրագիրը կյանքի կկոչվի, այլ չի մնա միայն սևով սպիտակ թղթի վրա գրված:
Ս.Հ.