Դեռեւս ապրիլի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Իսախանյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Իսախանյանի ազատումը նախապատմություն ունի: Բանն այն է, որ Կարեն Իսախանյանը նշված նախարարությունում աշխատում է դեռեւս 2001 թվականից, գրեթե բոլոր նախարարների ժամանակահատվածում: 2006-2018 թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարն է եղել: 2019 թ. հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։
Այսինքն Իսախանյանն աշխատել է նաեւ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ օրերս նախարար Պապիկյանն իր մոտ է հրավիրել Կարեն Իսախանյանին ու հայտարարել, որ առաջիկա ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ինքը պետք է «աշխատի» իշխանությունների համար: Բանն այն է, որ Իսախանյանը մարզային, համայնքային հարցերի պատասխանատուն էր, ու Պապիկյանն ասել է, որ պետք է նրանց հետ հանդիպումներ ունենա, որպեսզի իրենց օգնի ձայներ բերելու հարցում: Մենք տեղեկացանք, որ Կարեն Իսախանյանը Պապիկյանին տեղեկացրել է, որ ինքը քաղաքական որեւէ գործունեությամբ չի ցանկանում զբաղվել, չի կարող նման քայլեր իրականացնել: Սուրեն Պապիկյանն էլ Իսախանյանին հորդորել է այդ դեպքում դիմում գրել ու հեռանալ նախարարի տեղակալի պաշտոնից: Իսախանյանն էլ որոշել է հեռանալ նախարարությունից: Մենք տեղեկացանք, որ Սուրեն Պապիկյանը նման «ցուցակ» ունի, ով չի «ենթարկվում», նրանց պաշտոններից ազատում է:
ArmLur.am-ը փորձեց այս հարցերի շուրջ զրուցել Կարեն Իսախանյանի հետ, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց որեւէ հարցի մասին խոսել:
Սոնա Գրիգորյան