Ինչպես հայտնի է՝ Հայաստանում կարանտինը այս տարվա հունվարին 6 ամսով երկարաձգվեց, այն գործում է մինչեւ այս տարվա հուլիսի 11-ը։
Հիշեցնենք` նախորդ տարվա մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն էր, որը մի քանի անգամ երկարաձգվելուց հետո վերածվեց կարանտինային ռեժիմի։ Իսկ ի՞նչ է ենթադրում կարանտինային ռեժիմը. կան սահմանված պարտադիր պահանջներ, որոնցից են դիմակի կրումը, սոցիալական հեռավորություն պահպանումը՝ նվազագույնը 1.5 մետր, եւ այլն: Բայց այս կանոնները հիմնականում թղթի վրա են մնացել, եւ դրանք այսօր գրեթե չեն կատարվում: Բայց այսօր մենք ականտես եղանք, թե ինչպես են իրավապահները բերման ենթարկում կորոնավիրուսով վարակված հիվանդին:
ArmLur.am-ը ժամեր առաջ տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում է, թե ինչպես են իրավապահները Քննչական կոմիտե տեղափոխում Շուռնուխ համայնքի ղեկավարի եղբորը՝ Արարատ Արշակյանին, որը եղել է նաեւ պատերազմի մասնակից եւ մինչ բերման ենթարկվելը հիվանդ պառկած է եղել. նրան անկողնուց հանել եւ տարել են: Անգամ ինքը հայտարարել է, որ լավ չի զգում իրեն, թոքաբորբով հիվանդ է, կորոնավիրուսով վարակված է: Բայց իրավապահները կորոնավիրուսով հիվանդ քաղաքացուն բռնել եւ առանց դիմակի քարշ տալով տանում են, այդ ընթացքում անցնելով բազմության միջով, որտեղ նա կարող է մյուսներին եւս կորոնավիրուսով վարակել, որովհետեւ ինքը վարակակիր է:
ArmLur.am-ը գնաց այս խնդրի հետքերով եւ փորձեց պարզել, թե որ կառույցն է պատասխանատու: Նախ դիմեցինք առողջապահության նախարարություն, որտեղից հայտարարեցին, որ իրենք վերահսկելու գործառույթ չունեն: Դիմեցինք նաեւ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին, այստեղից մեզ փոխանցեցին, որ իրենք պացիենտի հետ կապված որեւէ անելիք չունեն, վերահսկողություն իրականացնում են միայն փակ տարածքներում: Իսկ ՀՀ ոստիկանությունում շարունակում են լռել եւ չտուգանել կարանտինային ռեժիմը խախտողներին:
Այդպես էլ անհասկանալի է, թե մեր երկրում որ կառույցը պետք է պահի կարանտինային ռեժիմը:
Ի դեպ, այստեղ տեղին է մեջբերել այն հայտնի կանոններից մի քանիսը, եթե վարակվել եք կորոնավիրուսով.
Մնացեք տանը
Հանգստացեք և ջուր խմեք
Եթե ախտանշանները շատ ուժեղ են՝ զանգեք շտապ օգնություն
Հազալիս կամ փռշտալիս՝ փակեք բերանը
Հեռու մնացեք ուրիշներից նույնիսկ տանը, օգտագործեք առանձին սանհանգույց:
Խուսափեք անհատական օգտագործման պարագաները ուրիշների հետ կիսելուց
Մաքրեք բոլոր այն ապրանքները, որոնց հաճախ են դիպչում:
Իսկ Արարատ Արշակյանին բերման ենթարկելիս իրավապահները խախտել են կարանտինային ռեժիմով սահմանված պարտադիր պահանջները:
Սյունէ Համբարձումյան