Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որտեղ որևէ խնդիր չի արձանագրվել ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համձայն արտահերթ ընտրություն անցկացնելու մասով։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։ Կարծիքում, դիտարկելով 2021 թվականի ապրիլի 1-ին Խորհրդարանի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով վերացվում է ռեյտինգային համակարգը` տարածքային թեկնածուների ցուցակները, նշվել է, որ այն առումով, որ դրանց վերաբերյալ կար լայն աջակցություն քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության մեծ մասի կողմից և հաշվի առնելով, որ դա ըստ էության չի փոփոխում ընտրական համակարգը, ավելին, պարզեցնում է այն, որևէ խնդիր չի արձանագրել այդ փոփոխություններով արտահերթ ընտրություն անցկացնելու մասով»,- նշել է նա։
ՀՀ արդարադատության նախարարը հավելել է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին և վերջինիս կողմից արձանագրված դրական փոփոխություններին ավելի մանրամասն անդրադարձ կկատարվի առաջիկայում։