Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել հրավիրել Պրահայում ՌԴ դեսպանին, նախքան ՌԴ ԱԳՆ-ում կայանալիք զրույցը չեխական դիվանագիտության ղեկավարի հետ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Չեխիայի դիվանագիտությունը մանևրի է դիմում: Հավանաբար, լսելով մեր երեկվա հայտարարություններն այն մասին, որ Չեխիայի դեսպանի հետ զրույցը շարունակվելու է ԱԳՆ-ում, Պրահայում որոշում են կայացրել զրուցել մեր դեսպանի հետ»,- նշել է Զախարովան:
Ավելի վաղ Չեխիայի ԱԳՆ-ից հայտնել էին, որ երկրի իշխանությունները հայտարարություն կանեն ռուս-չեխական հետագա հարաբերությունների մասին որոշման վերաբերյալ:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Չեխիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զմեևսկին ժամանել է ԱԳՆ:
Երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունները սրվել են, երբ օրեր առաջ Չեխիայի իշխանությունները որոշում են կայացրել երկրից արտաքսել ՌԴ դեսպանության 18 աշխատակցի՝ նրանց մեղադրելով ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության սպա լինելու և 2014 թվականին Չեխիայի զինապահեստում տեղի ունեցած պայթյունի կազմակերպմանը ներգրավված լինելու համար: