«Ժողովուրդ» օրաթերթը իշխանական իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցը երկար ժամանակ ծրագրված էր, եւ այս ընթացքում նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում, պարզապես որոշված չէր, թե կոնկրետ որ օրն է այն լինելու: Իր այցից առաջ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ էր ուղարկել կառավարության ներկայացուցիչներին, տարածքային կառավարման եւ ենթարկառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: Նրան հանձարարված է եղել գնալ եւ իմանալ, թե ինչ իրավիճակ է այնտեղ, ինչպիսի տրամադրություններ են Սյունիքի մարզում: Հունիսի 20-ին պլանավորված արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանը խնդիր է դրել ցույց տալ, թե ինչքան բարի եւ ներողամիտ լիդեր է, ինչքան ագրեսիվ են իր դեմ պայքարողները: Նա ցանկանում է հալածյալի կերպարով հանդես գալ հանրության մոտ, որպեսզի նախկինների նկատմամբ դիվիդենտներ հավաքելով՝ ձայներ հավաքի: Կոնկրետ Սյունիքի մարզում նա խնդիր է դրել ի ցույց դնել խուլիգանական տրամադրությունները, դրանք վերագրել նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ որպես բերված անձինք: Եվ որպեսզի այս ամենը տեղի չունենար նախընտրական քարոզչության շրջանում, սկանդալ լիներ, նա որոշեց նոյեմբերի 9-ի կառավարության եւ առանձնատան ջարդուփշուրի, թիկնազորին քաշքշելու սցենարով հիմա կազմակերպել ագրեսիայի բացթողումը, հասցնել պատժել ագրեսիվ սյունեցիներին, որպեսզի ընտրությունները ավելի կանխատեսելի միջավայրում անցկացվեն: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզը մշտապես խնդիրներ է առաջացրել Փաշինյանի համար, քանի որ այնտեղ համայնքապետերը երբեք էլ չեն ենթարկվել իշխանություններին: Նրանք բոլորը խմբվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ադմինիստրատիվ նախկին տնօրեն Վահե Հակոբյանի շուրջ, որը ստեղծել է նոր կուսակցություն: Երեկ կասկածներ էին հնչում, որ սյունեցիների ագրեսիան ուղղորդվում էր հենց Հակոբյանի կողմից: Եւ չնայած Նիկոլ Փաշինյանն ամբողջ ընթացքում շրջում էր հայհոյանքների ներքո, այնուամենայնիվ, երեկ ԱԺ-ում իմքայլականները համոզմունք էին հայտնում, թե իրենք հաղթանակել են, քանի որ Փաշինյանը էլի ընկալվեց որպես նախկինների կողմից հալածվող:
«Այո՛, Ալիեւի հայտարարությունները պատերազմի սպառնալիք են», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ ասելով, թե ժամանակն է, որ Հայաստանը պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին եւ ՌԴ առանձին, քանի որ սա սպառնալիք է երկրի տարածքային ամբողջականությանը: Ինչպես հայտնի է, անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը՝ Ալիեւը նշել է. «Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման առաջադրանքը, ցանկանա դա Հայաստանը, թե ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, դա հեշտ կարելի է լուծել, եթե չցանկանա, մենք դա ուժով կլուծենք»: Եվ, ահա, ռուսաստանցի փորձագետն այստեղ վտանգ է տեսնում՝ ասելով, թե պաշտոնապես դիմելու պարագայում համապատասխան արձագանք կլինի: «Հայաստանը պետք է ձեւակերպի իր ասելիքը եւ դիմի, քանի որ սա ուղիղ պատերազմի եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք է: Այս կոնտեքստում ցանկացած հայտարարություն, որ, օրինակ, Ռուսաստանը տվել է վատ «Իսկանդեր» կամ ինքնաթիռները չի ապահովել համապատասխան սարքավորումներով, պետք է ամենաքիչը ժամանակավոր չանել: Քանի որ որքան այդպիսի հայտարարություններ լինեն, այնքան քիչ կլինի Հայաստանի հանդեպ վստահությունը», – նշեց նա: Կոլերովի խոսքով՝ ՀԱՊԿ-ի պարտավորություններն առաջանում են միայն անդամ երկրի կողմից պաշտոնական խնդրանք եւ դիմումի պարագայում: «Այդպես նաեւ ՀԱՊկ-ից դուրս ՌԴ-ի պարտավորությունները իրականացնելու համար եւս պետք է ուղիղ, բաց տեքստով ասել այդ մասին: Ոչ ոք Հայաստանի փոխարեն նրա խնդիրները չի լուծի: Իսկ դիմելու դեպքում ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն ստիպված կլինեն արձագանքել համապատասխան իրենց պարտավորությունների: Լռել չի ստացվի», – հավելեց նա:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հարսը հարցաքննվել է, իսկ պատճառն էլ հարուցված քրեական գործն է, որով անցնում է Հասմիկ Պողոսյանը: Ինչպես հայտնի է, Հասմիկ Պողոսյանը եւ Իսրայելում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը հայտնվել են պատմության կիզակետում, եւ նրանց մեղադրանք է առաջադրվել Երեւանի կենտրոնում՝ Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման հետ կապված։ Ըստ Քննչական կոմիտեի՝ շենքը դարձել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության սեփականությունը, ապա պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը եւ դրա զբաղեցրած հողամասը, Հ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, ձեւական գործարքի արդյունքում 550 000 ԱՄՆ դոլարով վաճառել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հասմիկ Պողոսյանի հարսին պատկանող ընկերությանը` օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ խեղաթյուրելով գույքի իրական բնույթն ու ծագման աղբյուրը: Եվ հենց դա է պատճառը, որ հարցաքննվել է նաեւ նախկին նախարարի հարսը: Ավելին, նշված քրեական գործով ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները որոշել են, որ այս նախընտրական ժամանակահատվածում իրենց թիմի ոչ բոլոր անդամները պետք է խոսեն, հարցազրույցներ տան, մեկնաբանություններ անեն: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն օրվա մեջ 4-5 հաղորդագրություն է ուղարկում իր թիմակիցներին, որտեղ նշվում է, թե տարբեր թեմաների հետ կապված ով ինչ պետք է խոսի, ինչ բովանդակությամբ: Մենք տեղեկացանք, որ որոշում կա նաեւ, որ ներքաղաքական տարբեր հարցերի մեկնաբանությունները դրված է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ուսերին, հիմնական խոսողներից է լինելու խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, իսկ արտաքին հարաբերությունների վերաբերյալ՝ ՔՊ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Մենք տեղեկացանք, որ իշխանական խմբակցությունում այժմ շատ լուռ վիճակ է, հիմնականում միմյանց հետ շփվում են «sms»-ներով, հանդիպումներ չկան, ասել են՝ դեռեւս պետք չէ ակտիվ լինել: Ստացվում է՝ Լիլիթ Մակունցը, մի կողմ թողնելով խմբակցության ղեկավարի իր բուն պարտականությունները, զբաղված է խմբակցության պատգամավորներին «sms» գրելով, որպեսզի խուսափեն հնարավոր սայթաքումներից: