ԵՂՈՅԱՆԸ ՄԵՅԼ ՉԻ ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ զրույցել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցին, որտեղ նրան ընդունել են բողոքի ակցիաներով:

 

-Պարո՛ն Եղոյան, Դուք տեղյակ եղե՞լ եք, որ վարչապետը Սյունիքի մարզ է մեկնում:

-Ե՞րբ:

-Նախօրեին՝ գիշերը: Տեղյա՞կ եք եղել այցի մասին:

-Եթե ես այդ այցին չեմ մասնակցում, նախապես ինձ չեն տեղեկացնում:

-Թիմը տեղյա՞կ էր:

-Վարչապետի այցի մասին տարբեր քաղաքներ ու գյուղեր ԱԺ ֆրակցիային մեյլ չի գալիս:

-Այսինքն՝ կարելի՞ է ենթադրել, որ ինֆորմացիա չեք ունեցել, որ վարչապետը Սյունիք է մեկնում:

-Դա կարելի է ենթադրել առանց հարցնելու:

-Իսկ Ձեզ համար սպասելի՞ է նման ձեւով վարչապետին դիմավորելը, ինչպես երեկ դիմավորեցին մարզում սյունեցիները:

-Սյունիքում ապրում է 140 հազար մարդ:

-Ովքե՞ր էին փողոցում, որոնք վարկակում էին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ, հեռացի՛ր» արտահայտությունները:

-Որեւէ գործողություն, խումբ մարդկանց  վերագրելու համար պետք է ճնշող մեծամասնություն, որ այդ գործողությունն իրականացվի:

-Այսինքն՝ քիչ թվով մարդիկ էին հավաքվել:

-Այսինքն՝ դա նույնն է, որ Դուք մի բան անեք, եւ ես ասեմ՝ տեսեք, լրագրողներն այսպիսի բան են արել:

-Սյունեցիների մի ստվար զանգված դժգոհ էր եւ ուզում էր, որ վարչապետը հեռանա Սյունիքի մարզից:

-Մի խումբ մարդիկ…

-Դա ի՞նչ է, նշանակո՞ւմ է, որ սյունեցիները դժգոհ են վարչապետից:

-Ես իզուր խոսեցի: Ես բացատրեցի, որովհետեւ որեւէ գործողություն որեւէ խումբ մարդկանց վերագրելու համար պետք է այդ գործողությունն անեն այդ խումբը ներկայացնող  մեծամասնությունը: Անցած ընտրություններում, երբ մենք հավաքել էինք 875 հազար ձայն, 350 հազար մարդ գնացել է ընտրատեղամաս եւ մեզ չի ընտրել: Հիմա, ի՞նչ, կարո՞ղ եք ասել, որ հայաստանցիները կամ հայերը այսպես կամ այնպես են վարվել: Այո, կան մարդիկ, որոնք այսպես են մտածում, եւ կան մարդիկ, որոնք այնպես են մտածում:

-Պարոն Փաշինյանը տարբեր մարզեր է այցելում: Նման  ընդունելություն չէր եղել:

-Այո, որովհետեւ Հայաստանի մյուս մարզերում նման ձեւով կազմակերպված խմբեր  չկան որոշ մարդկանց կողմից:

-Ովքե՞ր կազմակերպեցին այս ամենը:

-Դա Դուք պետք է հանրությանը տեղեկացնեք: Հանրությունը սովորաբար, երբ մենք իշխանություն չէինք, այդ խմբերի մասին իմանում էինք ձեզանից, ոչ թե իշխանությունից կամ ընդդիմությունից: Դուք էլ շատ լավ գիտեք եւ դուք պետք է հանրությանը տեղեկացնեք:

-Գաղտնիք չէ, որ Սյունիքի մարզի տարբեր համայնքների ղեկավարներ դեմ են այս իշխանություններին: Վարչապետը, իմանալով հանդերձ այդ ամենի մասին, ինչո՞ւ գնաց Սյունիքի մարզ:

-Բայց ինչո՞ւ պետք է չգնար: Ինչո՞ւ էր գնացել Վայոց ձորի մարզ, Արագածոտնի մարզ: Թե ինչու էր գնացել, հարցրե՛ք վարչապետի աշխատակազմից: Ինձ հարցնում եք, թե ինչու է վարչապետը գնացել Հայաստանի մարզեր:

-Իմանալով, որ Սյունիքի մարզում լարված իրավիճակ է, իրեն չեն ընդունում, ինչո՞ւ գնաց:

-Նայած ով. մի խումբ կընդունի, մի խումբ չի ընդունի, ինչպես Հայաստանի մյուս մարզերում:

-Նույն Շուռնուխի համայնքապետն ասում է, որ վարչապետը գաղտնի է եկել, չի տեղեկացրել: Ուզում ենք հասկանալ, ինչո՞ւ է գիշերով, ծածուկ գնացել, ի՞նչ ուներ վախենալու:

-Դա Ձեր մեկնաբանությունն է:

-Դա Շուռնուխի համայնքապետի մեկնաբանությունն է: Ըստ նրա՝ իրենք շատ հարցեր ունեն վարչապետին, պետք է տեղեկացներ, խոսեին, քննարկեին  խնդիրները: Ինչո՞ւ գիշերով ծածուկ գնաց:

-Վարչապետը կոնկրետ  այդ հատածում  նույնիսկ հատուկ ներկայացուցիչ ունի, որ ամեն շաբաթ այնտեղ է լինում: Այնտեղ կա կառավարության ներկայացուցիչ: Ինչի՞ մասին է խոսքը:

-Ձեզ համար սպասելի՞ էին սուլոցներն ու հայհոյանքները: 

-Նույն ձեւ եք հարցը ձեւակերպում: Նույն  ձեւով հիմա մեկ այլ տեղ մեկը սուլի, ուրեմն պետք է ասենք սուլեցի՞ն : 10, 100, 1000 հոգի ե՞ւ…

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԹԵՄԱՅԻՆ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ժամանակ նախօրեին տեղի ունեցած քննարկմանը՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ճակատագրի թեմայով:

 

«Բաքուն չի հաստատում ռազմագերիների պահման փաստը` պնդելով, որ քանի որ զինված մարդկանց ձերբակալել են արդեն պատերազմից հետո, ապա նրանք «դիվերսանտներ» (չակերտները` խմբ.) են եւ ոչ թե ռազմագերիներ: Նիստում ելույթ ունեցած եվրոպացի պատգամավորների համակրանքը հիմնականում եղել է Երեւանի կողմը. պատվիրակները կոչ են արել վերադարձնել զինվորներին` նրանց առեւտրի առարկա չդարձնելով: Իսկ ռուսական պատվիրակությունն անտեսել է քննարկումը»,- գրում է պարբերականը` ներկայացնելով Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովի մեկնաբանությունը. «Մոսկվայում կարծում են, որ այդ հարցը պետք է քննարկել միայն երեքով` Երեւանի եւ Բաքվի հետ»:

ԵԽԽՎ նիստում հայ ռազմագերիների, այլ պահվող անձանց եւ տեղահանվածների հարցով քննարկումը բացել է ֆրանսիացի պատվիրակ Ալան Միլոնը` շեշտելով, որ վեհաժողովը պետք է ուշադրություն դարձնի ռազմագերիների, տեղահանված անձանց եւ այլ գերիների հարցին, քանի որ Եվրոպայի խորհրդում իրենք զբաղվում ենք մարդու իրավունքների արժեքների պահպանման հարցերով:

Բացի այդ, եվրապատգամավորը վրդովմունք է հայտնել, որ Ադրբեջանը ռազմագերիներին «ահաբեկիչ» է անվանում: Նրա հետ համաձայնել է ավստրիացի պատգամավոր Շտեֆան Շեննահը, որն իր ելույթում շեշտել է հակառակորդի հանդեպ պատերազմից հետո հարգանքի ցուցաբերման անհրաժեշտությունը:

Կալաշնիկովի խոսքով` ռուս պատվիրակները նախապես են պայմանավորվել ձեռնպահ մնալ քվեարկումից: «Մենք դեռ եռակողմ ձեւաչափ ունենք (Ռուսաստան, Հայաստան եւ Ադրբեջան), որն իրեն հաջողությամբ է դրսեւորել: Ավելի լավ է այնտեղ պայմանավորվենք եւ ոչ թե դա դնենք միջազգային քննարկման»,- բացատրել է Կալաշնիկովը:

Ադրբեջանցի քաղաքագետ, «Վալդայ» քննարկումների ակումբի անդամ Ֆարհադ Մամմադովը պարբերականի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ հայ ռազմագերիների ճակատագիրը կախված է նրանից` կհամաձայնի արդյոք Մոսկվան ավելի մանրակրկիտ վերահսկողություն իրականացնել Լաչինի միջանցքի նկատմամբ, որը միավորում է Ղարաբաղն ու Հայաստանը:

«Բաքվի վարկածով` հայ ռազմագերիները տարածաշրջան են ժամանել արդեն հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո, հետեւաբար անցել են ճանապարհով, երբ այն գտնվում էր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Ժամանակը գնում է, եւ հնարավոր է, որ մոտ ապագայում այդ մարդկանց նկատմամբ դատալսումներ սկսվեն: Դրանից հետո հարցը լուծելն ավելի բարդ կլինի»,- ասել է Մամմադովը:

 

 

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ

Հունիսի 20-ի հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը զբաղված են նախընտրական ցուցակներ կազմելով: Եվ, ահա, ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի թիմի նախնական ցուցակն արդեն ուրվագծվում է: Համենայնդեպս, առաջին տասնյակը հայտնի է, եւ անհայտ է միայն երրորդ համարը, որը պետք է կին լինի: Եվ, ահա, ցուցակն ունի հետեւյալ տեսքը.

  1. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան,
  2. ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյան,
  3. ?,
  4. Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյան,
  5. պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան,
  6. ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյան,
  7. «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյան,
  8. ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյան,
  9. Աժ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյան,
  10. ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյան:

Սա, ամեն դեպքում, նախնական ցուցակ է:

 

 

ՀԱՆՔԱՏԵՐԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Մեր տեղեկություններով` Սյունիքի մարզում երեկ տեղի ունեցած դեպքերը հանգեցրել են նրան, որ երեկոյան կառավարությունում քննարկել են Սյունիքի մարզի որոշ հանքերի պետականացման կամ այլ ներդրողների ներգրավվելու հնարավորությունը: Հարցն այն է, որ տարիներ շարունակ հանքարդյունաբերության ոլորտը միլիարդավոր դոլարների օգուտներ է տվել մասնավոր անձանց, եւ էականորեն չեն ավելացել շարքային աշխատողների աշխատավարձերը, առողջապահական եւ այլ վճարները: Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ հանքարդյունաբերողները պարտավոր էին այս տարիների ընթացքում գոնե գերժամանակակից հիվանդանոցներ կառուցել (հատկապես օնկոլոգիական հիվանդությունների բուժման ու կանխարգելման ուղղությամբ մասնագիտացված), համայնքային խնդիրներ լուծեին, այնինչ կա՛մ ոչինչ չի արվել, կա՛մ արվել է խիստ մակերեսային: Սրան հակառակ, ըստ մերձկառավարական շրջանակներում պտտվող կարծիքների, այդ գումարներից գոյացող սեւ բյուջեներն օգտագործվում են ներքաղաքական հարցեր լուծելու համար, ու մինչդեռ սոցհարցումները վկայում են նաեւ Սյունիքում Նիկոլ Փաշինյանի համեմատաբար բարձր վարկանիշի մասին, անհրաժեշտ է անցնցում, բայց արագ փոփոխությունների գնալ այս ոլորտում: Աղբյուրը կարծիք հայտնեց, որ դաշտը մաքրելուց հետո հնարավոր կլինի էականորեն ավելացենել թե՛ բյուջետային մուտքերը, թե՛ աշխատավարձերը, թե՛ բնապահպանական եւ առողջապահական ծախսերը:

Հիշեցնենք՝ տարիներ շարունակ ընդդիմությունը բազմիցս բարձրաձայնել է մեր հանքերից եկող միլիարդներն անհայտ ուղղություններով կամ անհայտ մարդկանց գրպանը գնալու հարցը: Հայաստանում գերիշխել է այն կարծիքը, որ ադրբեջանական նավթին կարող ենք հակազդրել հայկական մոլիբդենից, պղնձից եւ այլ հանքանյութերից, մետաղներից ստացվող փողով, ապա ուղղել այն  երկրի պաշտպանության, տնտեսության ամրապնդմանը, ինչը, ցավոք, չարվեց ու հանգեցրեց մեր ծանր պարտությանը:




Լրահոս