Լոռու մարզի զորահավաքային բաժանմունքի սպան դիմել է իրավապահներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գևորգ Գևորգյանը դիմել իրավապահներին եւ հայտնել, որ 2020թ. սեպտեմբերի 28-ին ինքը նշանակվել է Լոռու մարզի Սպիտակի զինկոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի սպա և աշխատանքի ընթացքում Սպիտակ քաղաքում, ծանոթանալով իր ծանոթ Արմեն Տուֆանյանի. որդու՝ Արեն Տուֆանյանի հետ մտածել է, որ Արեն Տուֆանյանը մասնակցելով պատերազմին եւ ստացած վիրավորումներով ենթակա է զորացրման:

Արդյունքում, Արմեն Տուֆանյանին հուսադրել և խոստացել է, որ կօգնի իրեն , որ որդին զորացրվի:

Այնուհետև իրենք մի քանի անգամ միասին գնացել են Երևան քաղաքի Մուրացանի անվան հոսպիտալ, որտեղ Արմեն Տուֆանյանի մոտ վստահություն ձեռք բերելու նպատակով իր ծանոթի միջոցով առանց հերթի կազմակերպել է բուժզննումը և փաստաթղթային հարցերը: Արմեն Տուֆանյանը տեսնելով, որ ինքը հոսպիտալում ունի ծանոթ, վստահելով իրեն, տարբեր պատրվակներով իրեն տվել է ընդհանուր 205.000 դրամ գումար: Սակայն մոտ մեկ շաբաթ առաջ Արմեն Տուֆանյանը իրեն հայտնել է, որ եթե որդին ծառայությունից չզորացրվի, ապա ինքը պետք է հետ վերադարձնի ոչ միայն իրեն տված նշված գումարները, այլ նաև մնացած այլ ծախսերը՝ ընդհանուր մոտ 500.000 դրամ գումար, որոնք ինքը կատարել է այդ ընթացքում:

Գ. Գևորգյանը հաղորդման մեջ հայտնել է նաև, որ նշված 205.000 դրամ գումարն ինքը վերցրել է, ոչ թե Արեն Տուֆանյանին բանակից ազատելու համար, այլ հույս է ունեցել, որ նա ինքնուրույն կազատվի ծառայությունից և նշված գումարը դրանից հետո կմնա իրեն:

Գ.Գևորգյանը հայտնել է նաև, որ ինքը և Արմեն Տուֆանյանը Արեն Տուֆանյանի զորացրման համար կոնկրետ գումար չեն պայմանավորվել, իսկ Արեն Տուֆանյանի զորացրման դեպքում Արմեն Տուֆանյանը խոստացել է իրեն լավություն անել: Գ. Գևորգյանը և Արմեն Տուֆանյանը բաց են թողնվել: Մեզ հայտնի դարձավ, որ Լոռու մարզի դատախազ Շիրոյանի բանավոր ցուցումի համաձայն հաղորդումը ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն:

Ք.Մ.




Լրահոս