ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանական վարունգն ու լոլիկը ողողել են հայկական շուկան. գյուղացիները՝ լուրջ խնդրի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի եւ Արարատի մարզերում լոլիկի եւ վարունգի մշակությամբ զբաղվող ջերմոցատերերը հայտնվել են անելանելի դրության մեջ: Ունեն մեծ քանակությամբ վարունգ ու լոլիկ, սակայն չեն կարողանում իրացնել: Պարզվում է մի քանի անհատներ մեծ քանակությամբ վարունգ ու լոլիկ ներկրում են Իրանի Իսլամական Հանրապետությունից եւ ավելի էժան գնով իրացնում ներքին շուկայում: Հայաստանցի գյուղատնտեսները եթե նախկինում պայքարում էին թուրքական ծագում ունեցող լոլիկի, վարունգի դեմ, ապա հիմա այն իրանականն է:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ պատճառով տեղական վարունգի գինը բավականին իջել է. օրինակ, Իրանից ներկրվող վարունգի մեկ կիկլոգրամը տեղական շուկայում վաճառվում է 100-150 դրամով, իսկ տեղականի մեծածախ վաճառքի դեպքում արժեքը կազմում է՝ 250-280 դրամ: Ի դեպ, տեղական շուկայում մինչեւ իրանական վարունգի հայտնվելը, տեղականի մեկ կիլոգրամը վաճառվում էր 450-500 դրամով: Բայց ջերմոցատերերի խոսքերով, 250 դրամով վարունգ վաճառելու դեպքում իրենք չեն կարող ծախսերը ծածկել. ջերմոցը ջեռուցել են գազով, սրան գումարած նաեւ՝ թունաքիմիկատները, պարարտանյութերը: Իսկ ահա տեղական լոլիկի մեկ կիլոգրամի մեծածախի դեպքում արժեքը կազմում է 900-950 դրամ, այն խանութներում եւ սուպերմարկետներում այն վաճառվում է 1150-1200 դրամ:

Բայց իրանական ծագում ունեցող լոլիկի մեկ կիլոգրամը վաճառվում է 750-800 դրամով: Իսկ տեղական արտադրության լոլիկի եւ վարունգի գինն ավելի բարձր է, քան իրանականինը: Տեղեկացնենք, որ Հայաստանում ջերմոցատերերի համար գազի գինը բավականին բարձր է, այն ապրանքի ինքնարժեքի գերակշռող մասն է կազմում: Նախորդ տարվա հուլիսի 19-ից ջերմոցատերերի համար բարձրացել է գազի գինը. օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, 1000 խմ-ի դիմաց վճարում են 224 դոլար՝ նախկին 212-ի փոխարեն:

Բացի այս, դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով թանկացել են թունաքիմիկատները, պարարտանյութը: Նշենք, որ Իրանից ներկրվում է նաեւ նանա, մաղադանոս, ծաղկաղամբ, սմբուկ: Այս պատճառով Արմավիրի, Արարատի մարզերի գյուղատնտեսները նախընտրում են իրենց կանաչեղենը քաղել եւ թափել կամ էլ տալ անասուններին, քան 20-30 դրամով վաճառել:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս