ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է 2020-2021 ուստարում Հայաստանի մասնագիտական ուսումնական հաստատությունների սփյուռքահայ ուսանողների վերաբերյալ վիճակագրական տվյալները: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
2020-2021 ուստարվա տվյալներով՝ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում է 3979 սփյուռքահայ․ 818-ը՝ պետական պատվերի, իսկ 3161-ը` վճարովի համակարգում: Սփյուռքահայ 1807 ուսանող մասնագիտական բարձրագույն կրթություն է ստանում ՀՀ պետական, 1360-ը՝ հանրապետությունում գործող միջազգային, 351-ը` ոչ պետական բուհերում, իսկ 461-ը՝ քոլեջներում:
Ընթացիկ ուսումնական տարում Հայաստանի բուհերում և քոլեջներում սովորում է 40 երկրի սփյուռքահայ ուսանող, նրանց հիմնական մասը ժամանել է Ռուսաստանի Դաշնությունից` 1958 ուսանող, Վրաստանից՝ 995 և Սիրիայից՝ 399:
Ինչ վերաբերում է ՀՀ պետական բուհերում սովորող սփյուռքահայ ուսանողներին, ապա նրանց մեծամասնությունն ընթացիկ ուսումնական տարում նախընտրել է կրթություն ստանալ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում` 725 սովորող, Երևանի պետական համալսարանում` 198, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ 161:
Սփյուռքահայերի կրթությունը Հայաստանում կազմակերպվում է բոլոր ուսումնական աստիճաններում և ուսուցման բոլոր ձևերով: