Ժողովուրդ օրաթերթին դատի են տվել. Ներկայացնում ենք պատճառ հանդիսացած հրապարակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր “Ժողովուրդ” օրաթերթի էլեկտրոնային փոստին ուղարկվել է հաղորդագրություն Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից, որով հայտարարվում է, թե “ԲՀԿ-ական մարզպետը 3000 դոլար կաշառք է վերցրել” վերնագրով հոդվածը բացառապես զրպարտանք է եւ չի համապատասխանում իրականությանը: Նախ տեղեկացնենք, որ “Ժողովուրդ” օրաթերթում հրապարակված հոդվածը չունի այն վերնագիրը, որը նշված է հադորդագրությունում: Ու անհասկանալի է, թե ինչու է մարզպետը նույնիսկ այդտեղ ընդգծել “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանն իր անդամակցությունը:Հարկ ենք համարում տեղեկացնել, որ “Ժողովուրդ”-ը հրապարակել է Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, պատմության ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի մասնակից Աննա Թորոսյանի խոսքը, որտեղ նշվել է, որ պատմության ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթից առաջ իր մրցակիցը Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի վարորդի միջոցով 3 հազար դոլար կաշառք է փոխանցել` արդեն ձեւական դարձած մրցույթում հաղթելու համար:

Տարօրինակ է, որ ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը խմբագրությանն ուղարկած հաղորդագրության մեջ որեւէ կերպ չի հերքում կաշառքի փաստը: Փոխարենը փորձել է, տարբեր օրենքներ մեջբերելով, նշել, թե որեւէ մասնակցություն չի ունեցել եւ տեղյակ էլ չի եղել դպրոցում անցկացվելիք քննական մրցույթի մասին:Նվեր Պողոսյանը 3000 դոլար կաշառք վերցնելու պնդմանն ի պատասխան` “Ժողովուրդ” օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ դա հերյուրանք է, եւ անջատել է հեռախոսը: Այդ դեպքում անհասկանալի է, թե մարզպետն ինչն է համարում “անձի հանդեպ տարածած զրպարտանք”, եթե կոնկրետ կաշառքի փաստը չի հերքում իր պաշտոնական գրության մեջ:Այսպիսով` “Ժողովուրդ” օրաթերթը տեղեկացնում է, որ “ՄԱՐԶՊԵՏԸ ԿԱՇԱՌՔ Է ՎԵՐՑՐԵԼ” խնդրո առարկա նյութում հրապարակել է երկու կողմերի կարծիքը` մարզպետի եւ կաշառքի փաստը պնդող Աննա Թորասյանի, որը հաստատող ձայնագրությունը խմբագրությունում է:Կարծում ենք` հասկանալի է, թե ինչ հետաքրքիր դատավարություն է սպասվում “անձի զրպարտություն” ապրած մարզպետի գործով: Կից ներկայացվում է նաեւ խնդրո առարկա հրապարակումը:ՓԱՍՏԵՐՈՎ Է ԽՈՍՈՒՄ

ՄԱՐԶՊԵՏԸ ԿԱՇԱՌՔ Է ՎԵՐՑՐԵԼ

«Ժողովուրդ»-ն ահազանգ ստացավ, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցում երեկ մրցույթ-քննություն պետք է կայանար` պատմության ուսուցիչ ընտրելու համար: Թեկնածուները երկուսն են, սակայն մարզպետն ընտրությունը «մաղարիչով» վաղուց կատարել է: Խմբագրություն զանգահարած անձը խնդրեց ժամը 13:00-ին դպրոցում լինել եւ տեսնել իրականությունը: Բնականաբար, գնացինք:

Տնօրենից տեղեկացանք, որ քննության օրը փոխել են, այն կայանալու է այսօր` ժամը 14:00-ին: Տեղեկացանք նաեւ, որ հոկտեմբերի 3-ից դպրոցի տնօրենը եւս փոխվել է, ու նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար:

Նախ զրուցեցինք ԺՊ Վարդան Սարիբեկյանի հետ, ով ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչու են քննության օրը տեղափոխել, ապա դպրոցի նախկին տնօրեն Լիդա Դանիելյանի հետ: Վերջինս, լսելով մեր հարցը, թե ճիշտ է, որ արդեն գումար են վերցրել եւ որոշել, թե որ թեկնածուն է հաղթելու, ասաց. «Ա՛յ քեզ բան, ո՞վ ա նման բան ասել, կարող ա ես էլ եմ շատ բան ասում, ո՞ւմ են էդ գումարը տվել, տենց բան ո՞նց կարա լինի: Էդ մրցույթը պիտի տեղի ունենա, նոր որոշվի»:

Տիկին Դանիելյանից տեղեկացանք, որ մասնակիցներից մեկը` Արթուր Մխիթարյանը, նոր է բանակից զորացրվել եւ այժմ պատմության ժամանակավոր ուսուցիչ է աշխատում, մինչեւ ընտրությունը կկայանա. «Հարցաշարերը երկուսին էլ տվել ենք, երկուսն էլ նախապատրաստվել են: Քննությանը հանձնաժողով է ներկա լինելու, եւ ես անգամ այդ հանձնաժողովի կազմը չեմ հրապարակել, որ չգնան սրա նրա մոտ…»:

Մեր զրուցակիցը նշեց, որ երկու թեկնածուներն էլ նոր են ավարտել համալսարանը: Մինչ մենք զրուցում էինք արդեն նախկին տնօրեն տիկին Դանիելյանի հետ, ներս մտավ թեկնածուներից Աննա Թորոսյանը եւ հարցրեց, թե երբ գա` մրցույթին մասնակցելու: «Ժողովուրդ»-ը, տեղեկանալով, որ Աննան է մասնակիցներից մեկը, նրան մի քանի հարց տվեց:

Հարցին, թե ինչ հույսեր ունի` քննության հետ կապված, Աննան ասաց, որ ամեն ինչ արդեն որոշված է. «Մենք էլ ենք մարզպետի մոտ գնացել, որ խոսենք, բայց իրա վարորդը մեզ ասել ա, որ 3 հազար ԱՄՆ դոլար գումարն իր միջոցով տվել են մարզպետին, ու հարցը փակված է: Վարորդն իմ գյուղացի է` Վահանիկից: Ավելին, նա ասաց, որ եթե ինքն իմանար` ես եմ մյուս թեկնածուն, էդ գործը չէր անի, բայց արդեն ուշ է: Դրա համար էլ ես ոչ մի հույս չունեմ, որ կարող է էդ քննությունն անցնեմ: Ես անպատասխանատու հայտարարություններ չեմ անում»: Այս ամենն Աննան ասաց տնօրենների ներկայությամբ: Դպրոցի նախկին տնօրեն Լիդա Դանիելյանն Աննային խնդրում էր նման բան չասել, բայց Աննան վստահ պնդում էր, որ դա իրականություն է:

Արդեն առանձին զրույցի ժամանակ Աննա Թորոսյանը մեզ տեղեկացրեց, որ տնօրեն Լիդա Դանիելյանն իրեն անգամ քննության բանավոր հարցաշարը չի տվել. «Բայց մյուս մասնակցին տվել են: Էդ թեկնածուն ամբողջ դասի ընթացքում հեռախոսով խաղում ա, ինքն ամբողջ դասին դաս չի պատմում, ես կոնկրետ աշակերտների ասելով եմ ասում, ես չեմ էլ վախենում: Նորից եմ ասում` իրենք վարորդի միջոցով 3 հազար դոլար տվել են մարզպետին»: Մեր զրուցակիցը շատ սրտնեղած էր, անգամ արտասվեց, որ անարդարության դեմ չի կարողանում պայքարել ու հեռացավ:

«Ժողովուրդ»-ը Գեղարքունիքի մարզպետ ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանից փորձեց ճշտել կաշառքի մասին պատմությունը: Պողոսյանը, նախ մարզպետարանի լրատվության բաժնի վարիչ Հասմիկ Նալբանդյանի միջոցով տեղեկանալով մեր հարցի մասին, ասել էր, որ եթե նման չճշտված ինֆորմացիա հրապարակվի, ինքը «Ժողովուրդ»-ին դատի է տալու, իսկ որոշ ժամանակ հետո որոշեց զրուցել մեզ հետ. «Մրցույթը լինելու է օրինականության դաշտում, ես ձեզ ասեմ` էդ ձեր ահազանգը տվել ա նախկին տնօրենը, որ ուզում էր երկար աշխատել, բայց դե ժամանակն այդքան էր, պետք է գնար»: Մինչդեռ նախկին տնօրենը «կուրծք էր ծեծում» մարզպետի համար: Հավանաբար Պողոսյանը գիտի, որ տնօրենի նկատմամբ էլ արդար չի եղել, դրա համար նրան էր կասկածում:

Ինչեւէ, հարցրինք նաեւ կաշառքի մասին: «Ես հերյուրանքներին չեմ պատասխանում, ես առաջին անգամ եմ լսել դրա մասին եւ ուրիշ հարցերի չեմ պատասխանում»,-ասաց ԲՀԿ-ական մարզպետն ու անջատեց հեռախոսը

Իհարկե, մարզպետի վրոդմունքը հասկանալի է, քանի որ «բռնվել է գործի վրա», բայց ցավալի է, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնք այդ աղքատ գյուղացիներից կարողանում են կաշառք վերցնել ու «մարսել»: Հասկանալի է, որ մարդիկ իրենց ունեցվածքը վաճառելով են այդքան գումար հավաքել:

Հ.Գ. Երեկ երեկոյան տեղեկացանք, որ մրցույթի մասնակից Արթուր Մխիթարյանին հանձնարարվել է լավ պատրաստվել այսօրվա քննությանը, որ «օրենքով» անցկացնեն:




Լրահոս