Իմ սկզբունքային դիրքորոշումն է՝ պատերազմը ոչ թե որպես մրցավազք, այլ որպես մարաթոն դիտարկել: Այսինքն՝ ես կարծում եմ, որ պատերազմը, որը ստացել է «44-օրյա» անվանումը, տասնամյակների նախապատմություն ունի: Եվ այս առումով արդյունքները գնահատելու համար հարկավոր է մանրամասն ուսումնասիրություն կատարել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասսել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ում պարտությունն է համարում Ղարաբաղում տեղի ունեցածը եւ արդյոք հայկական կողմը երբեւէ ակնկալում է վերադարձնել կորցրած դիրքերը:
«Ինչ վերաբերում է տարածքներին, կարծում եմ գիտեք, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքը, որոշակի սահմաններով, ճանաչված է միջազգային հանրության կողմից, եւ մենք ամեն ինչ կանենք՝ դիվանագիտական ճանապարհով ԼՂԻՄ գրավյալ տարածքները վերադարձնելու համար»,- հայտարարել է նա:
Մեկնաբանելով որոշ փորձագետների պնդումները, թե Ղարաբաղում իրադարձությունների զարգացումը կապված էր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ անբավարար համագործակցության հետ, Գրիգորյանը նշեց, որ «որոշ փորձագետներ» արտահայտությունը շատ նկարագրական է: «Եթե նայեք հայ-ռուսական հարաբերությունների վերջին երեք տարվա դինամիկային, կտեսնեք, որ այդ փորձագետները խորապես սխալվում են: Մի կողմ թողնելով հույզերն ու կեղծ լուրերը եւ օբյեկտիվորեն վերլուծելով հայ-ռուսական հարաբերությունները՝ ակնհայտ կդառնա, որ Հայաստանի արտաքին քաղաքական որոշումները համապատասխանում էին Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ոգուն եւ բնույթին:
Բավական է պարզապես նշել Հայաստանի համատեղ մասնակցությունը Ռուսաստանի հետ Սիրիայի Արաբական Հանրապետությունում խաղաղության պահպանմանը: Ի դեպ, անցյալ տարի Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը (ՌՏՎԿ) խորը, համապարփակ ուսումնասիրություն էր հրապարակել, որը գնահատում էր Ռուսաստանի դաշնակիցների վարքը: Հայաստանը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների առումով ամենասկզբունքային եւ հուսալի երկրներից մեկն է: Այսպիսով, եթե մեր հարաբերությունների վերանայման անհրաժեշտություն լինի, ապա՝ միայն խորացման եւ զարգացման ուղղությամբ »: