Քիչ առաջ ԲՈԻՆԳ 737-300 ժամանեց Երևան։ Իսկ ինչ էր կատարվել իրականում, ինչու էր անհետացել հայկական գրանցումով օդանավը։ Ֆլայ Արմենիա Էյրվեյզ ավիաընկերությունից ArmLur.am—ին մանրամասներ են հայտնել։
Ֆլայ Արմենիա Էյրվեյզ-ը լիզինգային տարբերակով ձեռք է բերել Boeing 737-300 օդանավը եվրոպական ընկերությունից։ Օդանավը տեղակայված էր Էստոնիայի Տալլին քաղաքում, որտեղ կատարվում էին տեխնիկական աշխատանքներ։ Ս․թ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է ուղևորվեր Ուկրաինայի Հանրապետության Հոստոմել օդանավակայան, որտեղ պետք է շարունակվեր ինքնաթիռի տեխնիկական սպասարկումը։
Ֆլայ Արմենիա էյրվեյզ-ին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից տրամադրվել էր թույլտվություն Տալլին-Հոստոմել տեխնիկական մեկ թռիչքի իրականացման համար, որի համար անձնակազմը նույնպես հրահանգավորված էր։ Covid-19 համաճարակի սահմանափակումներից ելնելով հայ օդաչուների Շենգենյան գոտու վիզայի ստացումը երկարեց, այդ իսկ պատճառով օդաչուական անձնակազմը լիզինգատուի կողմից էր առաջարկված։
Ս․թ փետրվարի 20-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ը պարզում է, որ օդանավը չի ժամանել Հոստոմելի օդանավակայան։ Կապ հաստատելով Տալլինի օդանավակայանի հետ պարզվում է, որ օդանավը թռիչք է կատարել այլ ուղղությամբ։
Անձնակազմը՝ առանց ավիաընկերության թույլտվության կամ համաձայնության՝ կեղծելով փաստաթղթեր, Տալլինից մեկնել է Բուլղարիայի Վառնա քաղաքի օդանավակայան։
Այնուհետև, ինչպես Ընկերությանը հայտնի է դառնում, տեղի ժամանակով 11:41 օդանավը լքել է Վառնայի օդանավակայանը՝ ուղղություն վերցնելով Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)՝ Շարժա քաղաք։
Հայտնաբերելով, որ օդանավը ընթանում է Ընկերության կողմից չհամաձայնեցված թռիչքուղով, «Ֆլայ Արմենիա Էյրվեզ»-ն անմիջապես կապ է հաստատում Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ իրավիճակի մասին տեղյակ պահելով Կոմիտեին։ Միաժամանակ, օդանավի առևանգման ու անհայտ թռիչքուղով ընթանալու մասին Ընկերությունը տեղեկացնում է իրավապահ մարմիններին։
Նույն օրը Ընկերությունը կապ է հաստատում ու միջադեպի մասին տեղեկացնում է Եվրոպական աէրոնավիգացիայի թռիչքային անվտանգության գործակալությանը՝ Եվրակոնտրոլին։ Եվրոկոնտրոլը տեղեկացնում է, որ օդանավը պլանավորված ուղղություն է վերցրել դեպի Շարժա։
Այդ ընթացքում ավիաընկերությունը տեղյակ է պահում Շարժայի օդանավակայանը և հորդորում ինքնաթիռի ժամանելուն պես այն առնել իրենց վերահսկղության տակ։ Շարժայի և Դուբայի օդանավակայանները տեղեկացնում են, որ օդանավը չի հայտնվել Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում, և, կամ՝ վայրէջք կատարել։
ԱՄԷ կողմից բացասական պատասխան ստանալով, Ընկերությունը փնտրում է օդանավը հարևան երկրներում։ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ի օպերատիվ քննության արդյունքում պարզում է, որ օդանավը՝ խնդրելով արտակարգ վայրէջք, իջնում է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) մայրաքաղաք Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում։
Փաստն արձանագրելուց հետո, «Ֆլայ Արմենիա»-ն անմիջապես կապ է հաստատում ՀՀ իրավապահ մարմինների հետ և խնդրում վերահսկողության տակ առնել օդանավը։
Ս․թ․ փետրվարի 28-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության օդաչուական և տեխնիկական անձնակազմը Քաղավիացիայի կոմիտեի աշխատակիցների հետ միասին ուղևորվել են ԻԻՀ՝ մանրամասն քննելու ստեղծված իրավիճակը, ինչպես նաև՝ իրականացնելու անհրաժեշտ միջոցառումներ օդանավը Հայաստան բերելու նպատակով։ Մեծ ջանքեր գործադրելով, ավիաընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության պետական կառույցների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ, ս․թ․ ապրիլի 23-ին հաջողվել է B737-300 օդանավը տեղափոխել ՀՀ։
ՀՀ իրավական մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ։ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ը հնարավոր բոլոր փաստերը ներկայացրել է իրավապահ մարմիններին, կատարվում է քննություն՝ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ի դեպ, նշենք, որ լուրեր էին շրջանառվում, որ «Boeing 737-300» օդանավը վաճառել են, ArmLur.am-ը կապ հաստատեց «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ի ֆինանսական գծով տնօրեն Կարինե Սահակյանի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք ճիշտ են տեղեկությունները վաճառքի հետ կապված։ Ի պատասխան Սահակյանն ասաց, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։