Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետարանում ներկա է գտնվել «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Երևան այցելած միջազգային պատվիրակությունների ներկայացուցիչներն ու ՀՀ-ում հավատարմագրված տարբեր պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններ:
«Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսում ներկայացված են Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկարները, Շուշիում տպագրված առաջին գրքերը, Արցախում ստեղծված ձեռագրերն ու գորգերը:
Ցուցահանդեսում ընդգրկել են լուսանկարներ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվից, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից:
Ցուցահանդեսն ուղեկցվում է մեծ էկրանների վրա մի քանի վտանգված արժեքների՝ Դադիվանքի, Ծիծեռնավանքի, Ղազանչեցոց եկեղեցու, Տիգրանակերտի, Կատարո վանքի, ինչպես նաև Գանձասարի և Մայրաբերդի մասին հակիրճ տեսահոլովակներով:
«Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ ԱԳՆ-ին կից գործող Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի շրջանակում։ Այն բաց կլինի մինչև մայիսի 2-ը: