ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ երեկ ընդունելություն էր հրավիրել: Ընթերցելով լրատվական կայքերից մեկում զետեղված այս տեղեկատվությունը` առաջին հայացքից մտածեցինք, թե մեր գործընկերները մոռացել են հաջող բառն առնել չակերտների մեջ: Սակայն, ինչպես պարզեցինք ավելի ուշ, կայքն ընդամենը հրապարակել էր ՀՀ կառավարության լրատվական ծառայության տարածած պաշտոնական տեղեկատվությունը: Ասել է թե` «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրին տրված «հաջող» բնորոշումը ՀՀ կառավարության պաշտոնական գնահատականն է: Հիշեցնենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի ծրագրով Ամերիկայի Միացյալ Նահանգները շուրջ 20 երկրների, այդ թվում եւ Հայաստանին զգալի դրամական օժանդակություն էր հատկացնում ` աղքատության կրճատման եւ տնտեսական կայուն աճի խթանման նպատակով: ՀՀ-ի եւ ՀՄՀ կորպորացիայի միջեւ ստորագրված հնգամյա համաձայնագրով նախատեսված էր մեր երկրում իրականացնել 237 միլիոն դոլարի ներդրում, որից, սակայն, ամերիկյան կողմը հատկացրեց ընդամենը 177 միլիոն դոլարը, իսկ մնացած 60 միլիոն դոլարի մասով ծրագիրը կասեցվեց 2008թ. մարտի 1-ի արյունալի դեպքերի եւ երկրում արձանագրված ժողովրդավարության նշանակալի հետընթացի արդյունքում: Կասեցված մասով նախատեսվում էր վերակառուցել 360 գյուղական բնակավայրերի ընդհանուր առմամբ 270 կմ երկայնքով ճանապարհները, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Եւ հաշվի առնելով Հայաստանի գյուղական բնակավայրերի ճանապարհների ներկայիս անմխիթար վիճակը` պետք է բացառիկ ցինիզմ ունենալ` հայտարարելու համար, թե ծրագիրը հաջող է ավարտվել: Տասնյակ կազմակերպությունների կառավարման կամ հոգաբարձուների խորհուրդների նախագահ Տիգրան Սարգսյանը, ով նաեւ այս` «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի կառավարման խորհրդի նախագահն է, ժամանակին հայտարարեց, թե գյուղական բնակավայրերի ճանապարհների կառուցման համար ՀՀ կառավարությունն այլընտրանքային միջոցներ կգտնի: Մինչ օրս, սակայն, կառավարությունը հստակ չի հայտարարել, թե ինչ այլընտրանքային միջոցներ է գտել: Տվյալ դեպքում լռությունն ինքնին ամենախոսուն ապացույցն է այն բանի, որ այդ միջոցներ կա՛մ չգտնվեցին, կա՛մ էլ անբավարար էին: Բացի այդ, եթե անգամ դրսից «փողեր կպցնելու» մեծ վարպետություն ունեցող Տիգրան Սարգսյանին հաջողվեր այդպիսի այլընտրանքային միջոցներ գտնել, ակնհայտ է, որ դրանք չէին հատկացվելու անվարձահատույց, ինչպես ՀՄՀ ծրագրի դեպքում: Հետեւաբար, վարչապետն առնվազն բարոյական իրավունք չունի իր եւ իր ղեկավարության ձախողակ քաղաքականության արդյունքում մասնակիորեն կասեցված ծրագիրը հաջող անվանել: Թեպետ այս իշխանությունների համար արդեն իսկ մեծ հաջողություն էր այն, որ ԱՄՆ իշխանությունները ծրագիրը կասեցրեցին ոչ թե ամբողջությամբ, այլ մասնակիորեն: Իսկ հարեւան Վրաստանն առաջիկայում ՀՄՀ-ից կստանա երկրորդ` մոտ 240 միլիոն դոլարանոց դրամաշնորհը:
ՄԱՍՆԱԿԻ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ