ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ երախտագիտություն հայտնելով ապրիլքսանչորսյան ուղերձում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
Նամակում, մասնավորապես, ասված է.
«Ձե՛րդ Գերազանցություն,
Մեծ ոգևորությամբ ծանոթացա Ձեր ապրիլքսանչորսյան ուղերձին:
Ջերմությամբ եմ հիշում 2015 թվականի մեր հանդիպումը, երբ Դուք՝ ԱՄՆ փոխնախագահի կարգավիճակում մասնակցություն ունեցաք Վաշինգտոնի ազգային մայր տաճարում տեղի ունեցած՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքին:
Առավել հուզիչ էր այն փաստը, որ Դուք Ձեր կրծքին կրում էիք Հայոց ցեղասպանության հիշատակման խորհրդանիշ անմոռուկ ծաղիկը:
Ճակատագրի բերումով վեց տարի անց, արդեն Միացյալ Նահանգների 46-րդ Նախագահի պաշտոնում, Դուք ճանաչեցիք Հայոց ցեղասպանությունը՝ հավատարիմ մնալով մարդու իրավունքների գերակայության վերաբերյալ Ձեր հանձնառությանն ու նախընտրական խոստմանը:
Մինչ այժմ դուք հետևողականորեն խոսել և պայքարել եք պատմական այդ անարդարության դեմ՝ զգալով ցեղասպանությունը վերապրած ամերիկահայերի և նրանց սերունդների վճռական պայքարի ոգին, որոնք հսկայական ներդրում ունեն ամերիկյան հասարակության և քաղաքական վերնախավի շրջանում Հայոց ցեղասպանության և պահանջատիրության մասին ամբողջական պատկերացում ձևավորելու հարցում:
Այսօր, երբ հայ ժողովուրդը իր պատմական հայրենիքի մեկ այլ հատվածում՝ Արցախում, առերսվում է չպատժված ժխտողականության և այլատյացության նոր արյունալի մարտահրավերներին, չափազանց կարևոր է սեփական հայրենիքում հայ ժողովրդի երաշխավորված արժանապատիվ և խաղաղ կյանքի իրավունքի պաշտպանությունը:
Մեծարգո՛ Նախագահ,
Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Դուք ոչ միայն արդար և հստակ գնահատական տվեցիք պատմական իրողություններին և անհերքելի փաստերին՝ արդարացնելով միլիոնավոր ամերիկահայերի ու աշխարհով մեկ հենց այդ նույն ցեղասպանության պատճառով սփռված 10 միլիոն հայերի 106 տարի տևած սպասելիքները, այլ նաև կարևոր քայլ կատարեցիք ընդգծելու պետությունների հանձնառությունը մարդկության դեմ ուղղված ցեղասպանության հանցագործության կանխարգելման և վերացման գործում:
Ընդունեք խնդրեմ, Ձե՛րդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»: