Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը: ArmLur.am-ը խոսել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ՝ հասկանալու համար, թե իրավական ու քաղաքական ինչ հետևանքներ կարող է լինել Ջո Բայդենի «Ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց հետո։
«Իրավական հետևանքներ, դեռևս, ըստ էության, չեն նշմարվում, բայց քաղաքական իմաստով բնականաբար հետևանք կունենա առ այն, որ երկար տարիներ հայ համայնքները, հայկական կազմակերպությունները պայքարել են ԱՄՆ, որ նախագահը պատշաճ կերպով ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ անցյալ տարի մեծ ձեռքբերում ունեցանք, որ Սենատը և Ներկայացուցիչների պալատն առանձին-առանձին բանաձևերով ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։ Այն ժամանակ ասվում էր, որ դա գործադիր իշխանությունը չի, իսկ հիմա մենք ունենք նաև վիճակ, որ դա նաև գործադիր իշխանությունն է՝ ի դեմս նախագահ Բայդենի, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,-ընդգծեց պատգամավորը։
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ սա ազդակ կարող է հանդիսանալ միջազգային մակարդակում Հայոց ցեղասպանության ճանաչման նոր թափ տալու և նոր արշավ սկսելու իմաստով։
Ս․ Գ․