Իրավապահները ստուգումներ են սկսել դատավոր Կարինե Պետրոսյանի գործողությունների մասով. համատարած արձակուրդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ դատավորները համատարած արձակուրդ գնալու դիմումներ են գրում։

Դատավորներից շատերը սյունիքյան դեպքերի արդյունքում արձակուրդի գնացին, որպեսզի կալանքի միջնորդությունների բավարարումից զերծ մնան: Սակայն դատավորներից շատերն էլ դիմում են գրում կոնկրետ հանգամանքներից ելնելով: Օրինակ օրերս արձակուրդ է գնացել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը` նշելով, թե վարակվել է կորոնավիրուսով, սակայն դատական համակարգում պնդում են, որ նա այդ քայլին գնացել է Սյունիքի դեպքերի մասով՝ շառ ու փորձանքից հեռու մնալու համար: Covid-19-ով է վարակված նաեւ ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը: Բայց, նշենք, որ այդքանով ամեն ինչ չի ավարտվում. արձակուրդ են գնում նաեւ իշխանության սեւ ցուցակում հայտնված դատավորները: Մասնավորապես՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը երկու շաբաթով արձակուրդ է գնացել: Ըստ ArmLur.am-ին  հասած տեղեկությունների՝ իրավապահները արդեն գործընթաց են սկսել նրա մասով, մասնավորապես ստուգում են նրա կայացրած ակտերը: Ուստի չի բացառվում, որ դատավորն էլ, իմանալով այդ մասին, որոշել է արձակուրդ գնալ, որպեսզի իրավապահները չկարողանան մտնել իր աշխատասենյակ ստուգումների:

Տեղեկությունը փորձեցինք պարզել անձամբ դատավոր Պետրոսյանից, ինչին ի պատասխան վերջինս ասաց. «Ես երկու շաբաթով արձակուրդ եմ վերցրել, այս պահին գտնվում եմ արձակուրդում այն հանգամանքով պայմանավորված, որ նախորդ շաբաթ դիմում եմ ներկայացրել Սահմանադրական դատարան, որպեսզի սահմանադրական օրենքի 80 հոդվածի 9-րդ մասի իրավակիրառ պրակտիկան ճանաչվի հակասահմանադրական: Ունենալով դառը փորձ, ունենալով դիմումի առկայության պարագան, մոտ օրերս ինչ –որ գործողություններ կսկսեն անել իմ գործերով, այդ իսկ պատճառով փորձել եմ արձակուրդ վերցնել, որպեսզի իմ գործընթացին չխանգարի:
Մեր այն պնդմանը, թե այսինքն մտավախություն ունի, որ իր դեմ մոտ օրերս կսկսեն գործընթաց, դատավորը պնդեց, որ այո  նման մտավախություն ունի:




Լրահոս