ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հորդորով է դիմել քաղաքական բոլոր ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին եւ, հատկապես, վարչապետի հետ, ըստ էության, հակասահմանադրական պայմանավորվածության մեջ մտած Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին: Նա հորդորել է ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում եւ նրա հետագա հրապարակումներում բերված փաստարկներին։
««Այդ փաստարկները հաշվի չառնելու պարագայում նշածս բոլոր սուբյեկտները պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում։ 2018թ. դեկտեմբերի 9-ի նույնքան հակասահմանադրական ընտրությունները՝ կայացած համաժողովրդական անկասելի ոգեւորության վերելքի պայմաններում, լինելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թերեւս միակ միջոցը, ամենեւին չեն կարող իրավական նախադեպ հանդիսանալ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը հիմնավորելու համար», – ասել է առաջին նախագահը:
Իսկ Էդգար Ղազարյանը նշել էր, որ երեկվանից վարչապետն այդ պաշտոնում պաշտոնավարելու իրավունք չունի, անհապաղ պետք է ազատի կառավարական շենքի իր աշխատասենյակը, կառավարական կեցավայրը, իրավունք չունի օգտվել վարչապետին հատկացվող տրանսպորտային միջոցներից, թիկնազորից (այլևս չի հանդիսանալու պետական պահպանության օբյեկտ), իրավունք չի ունենալու կատարել վարչապետի լիազորություններից բխող գործողություններ, ընդունել որոշումներ և այլն։
Բանն այն է, որ վարչապետի հրաժարականից հետո կառավարության մյուս անդամները շարունակում են պաշտոնավարել, իսկ նրան պետք է փոխարինի փոխվարչապետներից մեկը: Օրենսդրության մեջ չկա ուղղակի ձեւակերպում, որ վարչապետը հանդիսանում է կառավարության անդամ. Կա ձեւակերպում, որ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետերից եւ նախարարներից: Կառավարության հրաժարականի ինստիտուտը եւս տարբեր է. կառավարության հրաժարականի հիմք կարող է լինել, եթե կառավարության ծրագիրը չի հաստատվում, կամ ԱԺ-ն անվստահություն է հայտնում բյուջեն չընդունելու միջոցով:
Տվյալ դեպքում վարչապետի հրաժարականից հետո կառավարության մյուս անդամները շարունակում են պաշտոնավարել: Այսինքն այն անդամները, որոնք հրաժարական չեն տվել: Այսինքն կառավարության բոլոր անդամները շարունակում են կատարել իրենց լիազորությունները բացառությամբ վարչապետի, որը հրաժարական է ներկայացրել: Վարչապետը կառավարության մյուս անդամներից ունի հստակ տարանջատված կարգավիճակ: