Դատախազության համակարգը բարոյալքման շեմին է։ Իրավապահ այդ կառույցում առաջացած տարաձայնություններն օրենքի դաշտում չեն կարողանում լուծել, գործի են դնում բռունցքները։ 2 դատախազ ապտակ է ստացել։
ArmLur.am-ի տեղեկություների համաձայն, օրերս միջադեպ է եղել դատախազների միջեւ։ Երևան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանն ապտակել է Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանին: Ըստ մեր աղբյուրների, վեճի պատճառը Երևանի դատախազության մի աշխատակցի հետ առաջացած խնդիրն է եղել: Բանն այն է, որ Բաղդասարյանը, որը Երևանի նախկին դատախազն է եղել, համարվում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիը։ Նրա հարազատն է նաև Երևանի գործող դատախազը։ Եվ նրանք արդեն սկսել են միմյանց հասկանալ։
Բայց սա դեռ ամենը չէ։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրերս էլ Գեղարքունիքի մարզի քննչական ծառայության պետ Կարապետ Համբարձումյանն է խոսակցություն ունեցել Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանի հետ, որից հետո քննչականի պետն ու դատախազը չեն հասկացել միմյանց ու քննչականի պետը հարվածել է մարզի դատախազին:
Ինչ է տեղի ունեցել, ինչու են դատախազները թիրախավորվել
Ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանություն ստանալու համար ArmLur.am-ը դիմեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Ոչնչից մոգոնված բացարձակ սուտը, ընդ որում՝ հիմար սուտը, մեկնաբանության ենթակա չէ. խոսքը վերաբերում է ձեր կողմից նշված երկու այսպես կոչված լուրերին էլ: Նման ասեկոսեների տարածումը ընդամենը դատախազության անվան հետ խաղալու հերթական պրիմիտիվ հնարք ենք գնահատում»։
Իհարկե, պատասխանը շարադրանք է, բայց ոչ մի առարկայական հակափաստարկ։ Ողջ իրավապահ կառույցները քննարկում են դատախազների ծեծի դեպքերը։
Դատախազության համակարգը ավելի քան երբևէ անվանարկված է։