ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2020 թ ապրիլի 28-ին Գավառի ճանապարհին տեղի ունեցած սպանության գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:
Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ բուն սպանության գործով մեղադրյալի աթոռին են հայտնվել 6 անձ, իսկ ահա Գավառի հիվանդանոցի վրա հարձակման գործով զանգվածային անկարգություներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 19 անձի եւ ինչպես հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեն, գործը ուղարկվել է դատարան:
Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլի 28-ին Գավառի ճանապարհին հնչեցին կրակոցներ, ինչի հետեւանքով երկու անձ սպանվեց, որից հետո հաջորդեց վենդետան:
Ի դեպ մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները դեռեւս Գավառի հիվանդանոցում հարձակում իրականացրած անձանցից 2 անձի նկատմամբ հայտարարել են հետախուզում: Հիշեցնենք, որ Գավառի ողբերգական դեպքը բավականին խորը արմատներ ուներ: Բանն այն է, որ ամիսներ առաջ միջադեպ էր եղել, անձինք էին ծեծվել, եւ, դատելով իրավիճակից, իրավապահները համարժեք գնահատական չէին տվել կատարվածին, ինչի արդյունքում էլ Գավառի ճանապարհին միջադեպի կողմերը որոշել էին հանդիպել ու հնչեցին կրակոցներ, որի արդյունքում երկու անձ զոհվեց: Կրակոցներից 2 ամիս անց առեղծվածային պայմաններում ավտովթարից մահացավ քրեական գործով մեղադրյալ Նարեկ Հովհաննիսյանը, որի համար Նորատուս համայնքի մոտ 287 բնակիչ ստորագրահավաք էին իրականացրել, որ նրան ազատ արձակեին, սակայն երիտասարդ տղան մահացավ ավտովթարից, եւ կատարվածը խիստ կասկածների տեղիք տվեց:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ 2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ են արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի եւ Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի եւ Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ.Ավետիսյանը եւ Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները՝ ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին «Գավառ ԲԿ» ՓԲԸ:
Այնուհետեւ սպանվածների հարազատներն ու ընկերները, տեղեկանալով, որ վերը նշված միջադեպի ժամանակ հրազենային վնասվածքներ ստացած անձինք բժշկական օգնություն են ստանում «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում եւ համոզված լինելով, որ նրանք են սպանել իրենց հարազատներին, նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, հավաքվել են նշված բժշկական կենտրոնի բակում եւ մոտակայքում՝ բազմաթիվ անձանց հետ, ովքեր հայհոյանքներ հնչեցնելով, աղմկելով, վիրավորված անձանց հետ հաշվեհարդար տեսնելու, նրանցից վրեժխնդիր լինելու կոչերով փորձել են ներխուժել ոստիկանության ծառայողների հսկողության ներքո գտնվող տարածք՝ «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շենք:
Չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ տարածքն ազատելու, կուտակումներ չստեղծելու, բռնության կոչեր հնչեցնելը դադարեցնելու օրինական պահանջներին՝ մի խումբ անձանց հրահրմամբ սկսվել են զանգվածային անկարգություններ, որի ընթացքում մասնակիցները, վտանգելով հասարակական անվտանգությունը, բռնություն են գործադրել ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ քաշքշելով, հրելով նրանց, կոտրելով բժշկական կենտրոնի մուտքի դռներն ու պատուհանները՝ ներխուժել են ներս՝ ջարդել, վնասել ու ոչնչացրել են բժշկական կենտրոնին պատկանող տարբեր տեսակի գույքը, ինչպես նաեւ վնասել են բժշկական կենտրոնի բակում կայանված «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲ եւ «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունների հաշվեկշռում գտնվող երկու շտապբուժօգնության ավտոմեքենաների անվադողերը՝ բժշկական կենտրոններին պատճառելով նյութական վնաս:
Մասնակիցներից մեկը՝ Նորատուս գյուղի 35-ամյա բնակիչը, ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ, կոտրել է նշված բժշկական կենտրոնի հիվանդասենյակների դռները եւ դրանցից մեկում հայտնաբերելով Դ. եւ Ա. Հայթյաններին, համոզված լինելով, որ վերջինս է սպանել եղբորը, վրեժխնդրության դրդումներով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով դանակով, այնուհետեւ բռունցքներով հարվածներ են հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել: Վերջիններս մտածելով, որ սպանել են, հեռացել են բժշկական կենտրոնից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 19 անձի, որոնցից 3-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 15-ին՝ 225-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով: 17 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, 35-ամյա տղամարդու նկատմամբ՝ կալանավորումը:
Ք. Մ.