Ադրբեջանցիներն արգելել են Դադիվանքում նախապես համաձայնեցված քահանայական ձեռնադրությունը. Մայր Աթոռը դատապարտում է մերժելի կեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանն անդրադարձել է տարածվող տեղեկությանը, թե ադրբեջանցի զինվորականներն ապրիլի 25-ին արգելել են ուխտավորների մուտքը Դադիվանք: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը հաստատեց տեղեկությունը՝ դատապարտելով Ադրբեջանի մերժելի կեցվածքը:

-Տեղեկություն է տարածվել, որ ապրիլի 25-ին ադրբեջանցի զինվորականները թույլ չեն տվել ուխտավորներին այցելել Դադիվանք: Համապատասխանո՞ւմ է իրականությանը տարածված տեղեկատվությունը:

-Այո, ձեր տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։ Ապրիլի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից համավարակի պատրվակով արգելվել է Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և մի խումբ ուխտավորների մուտքը Դադիվանք։ Նշեմ, որ այդ օրը վանքում նախատեսված էր վանաբնակ միաբանի քահանայական ձեռնադրություն, որի մասին վաղօրոք ծանուցվել էր, և այն համաձայնեցվել էր ռուս խաղաղապահների հրամանատարության հետ։

Այսպիսով, հակառակ կատարված նախնական անհրաժեշտ բոլոր տնօրինումների, հնարավոր չեղավ մոտենալ վանքին։ Ավելին՝ արտոնություն ստացած ուխտավորների 25 հոգանոց խմբի թվաքանակն իջեցվել էր տասի։ Իսկ արգելքից հետո չի արտոնվել անգամ փոխանցել միաբանների համար պարբերաբար մատակարարվող սնունդը։

Ակնհայտ է, որ այսպիսով ադրբեջանական կողմը ձգտել է ձախողել քահանայական ձեռնադրությունը, որը նույն օրը երեկոյան կազմակերպվեց Գանձասարի վանքում։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նման պահվածքը, որը, փաստորեն, խախտում է Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Դադիվանք ուխտավորների այցերի վերաբերյալ:

-Դատապարտելի է Ադրբեջանի սույն մերժելի կեցվածքը, որով արհեստական արգելքներ են ստեղծվում հայկական պատմական վանքի ու նրա միաբանության հոգևոր առաքելության համար և խախտվում վերջինիս կենսագործունեության շուրջ Ռուսաստանի իշխանությունների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ադրբեջանի վարած քաղաքականությունը մարդու իրավունքների կոպիտ խախտում է և հերթական արտահայտությունն է հայատյացության, հայկական սրբավայրերի և հայ ժողովրդի հոգևոր կյանքի նկատմամբ ոտնձգության։




Լրահոս