Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը նախադպրոցական կրթության ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը: Այդ գործընթացին նպաստելու նպատակով այսօր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարության, վերոնշյալ կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Քննարկման նպատակն էր վեր հանել նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման առաջընթացը, առկա խնդիրները և հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունից հետո սահմանվել են նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառականության անցնելու գործողությունների ժամանակացույցը և ներդրման պլանը:
«Այս խնդիրը միշտ օրակարգային է եղել. նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառականության անցման բազմաթիվ ջանքեր և ռեսուրսներ են ներդրել մեր գործընկերները և տարբեր հաստատություններ, սակայն օրենքի փոփոխությունից հետո են միայն սահմանվել հստակ ժամկետներ և ընթացակարգեր: Համընդհանուր ներառականության անցնելու քաղաքականությունը հնարավորություն կտա ավելի համակարգված և հետևողական գործել թե՛ մեթոդաբանական, թե՛ մարդկային ռեսուրսների պլանավորման ու աշխատանքի կազմակերպման առումով: Այս իմաստով նախարարությունը նախաձեռնել է մի շարք հարակից գործընթացներ, որոնք այդ քաղաքականության տիրույթում են»,- նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ դրանցից առաջինը ՏՄԱԿ-ների ֆինանսավորման նոր կարգն է: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախագծով նախատեսվում է որոշակիորեն ավելացնել այդ կենտրոնների ֆինանսավորումը, որպեսզի դրանց գործառույթների շրջանակում անպայման ներառված լինի նաև նախադպրոցական ոլորտը:
«Մեկ այլ նախագծով նախատեսում ենք փուլային սկզբունքով պետբյուջեից ֆինանսավորում տրամադրել սոցիալական որոշ խմբերի երեխաների, որոնց թվում իրենց առաջնահերթ տեղն ունեն կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները: Կարծում ենք, որ սա էապես կմեծացնի նախադպրոցական ոլորտում այդ երեխաների ընդգրկվածությունը, ինչը նրանց զարգացման տեսանկյունից ունի վճռորոշ նշանակություն: Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սա կարող է լինել ճակատագրական, քանի որ վաղ տարիքից ընդգրկված լինելով նախադպրոցական ծառայություններում՝ նրանք հնարավորություն կստանան էապես փոխել իրենց կյանքի որակը: Բացի դրանից՝ բոլոր այն խնդիրները, որ տեսնում ենք դպրոցական մակարդակում, կարող են մեծապես չեզոքանալ, եթե կարողանանք ապահովել այդ երեխաների ընդգրկումը նախադպրոցական կրթության ոլորտում: Սա էլ իր հերթին էապես կբարելավի կրթության համակարգում համընդհանուր ներառականության ներդրման գործընթացը, այսինքն՝ դպրոցում կունենանք երեխաներ, որոնք արդեն ներառված են, կլինեն ծառայություններ, որոնք արդեն շարունակական են, և այս տեսանկյունից բոլորիս ջանքերը մեկտեղելն առավել քան կարևոր է»,- շեշտել է փոխնախարարը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի Կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը տեղեկացրել է, որ համընդհանուր ներառականության անցնելու գործողությունների ժամանակացույցը և ներդրման պլանն իրականացվում են «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում՝ ԵՄ ֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության ու ՄԱԿ-ի այլ գործակալությունների հետ համագործակցությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանում համընդհանուր ներառականության անցումը սկսվել է 2000-ականներից հենց նախադպրոցական կրթության ոլորտից, սակայն դրա շարունակականության ապահովման համար հնարավորություններ չեն եղել, քանի որ իրավական և ֆինանսական հիմքերը հստակ չեն եղել:
«Այսօր արդեն ունենք «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությունը, որը սահմանում է այդ ոլորտում համընդհանուր ներառականության անցման հիմնական ուղենիշները»,- ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:
Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրմանն ուղղված գործողությունների պլանը և ժամանակացույցը, ինչպես նաև նախադպրոցական ներառական կրթության գործընթացի համակարգումը և մեթոդաբանության մշակումը ներկայացրել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաջյանը: Ըստ այդմ՝ համակարգի ներդրումն առավել սահուն կազմակերպելու նպատակով այն կանցկացվի 2 փուլով։ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը նախատեսվում է ներդնել 2022 թ.-ին, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում՝ 2023 թ.-ին:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև Երևան քաղաքում նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը ներդնելու խոչընդոտները և հնարավոր լուծումները: Այնուհետև տեղի է ունեցել համատեղ քննարկում՝ նախադպրոցական հաստատություններում համընդհանուր ներառական կրթության ներդրման մարտահրավերների և ՆՈՒՀ-երում ներառական կրթության ներդրման համար նախապատրաստական աշխատանքների իրականացման վերաբերյալ: