Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը (ՈւՆՌՀ) եւ թուրքական Viscoran İlaç դեղագործական ընկերությունը պայմանավորվել են Թուրքիայում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության շուրջ: Այս մասին հայտնում է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը:
Հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը նշել է, որ Viscoran İlaç-ի հետ համաձայնագիրը նպատակ ունի ընդլայնել արտադրական կարողությունները եւ ապահովել «Սպուտնիկ V» պատվաստանյութի միջազգային մատակարարումները: Ըստ Դմիտրիեւի՝ հիմնադրամը պայմանագրեր է կնքել Ասիայի, Լատինական Ամերիկայի, Եվրոպայի եւ ԱՊՀ-ի առաջատար դեղագործական ընկերությունների հետ, որոնց շնորհիվ ավելի քան 60 երկրում անվտանգ եւ արդյունավետ ռուսական պատվաստանյութը հասանելի կդառնա մարդկանց համար:
«Պատվաստանյութերի արտադրության մասին համաձայնությունից, լիցենզավորման գործընթացներից եւ պահեստավորման եւ մատակարարման խնդիրներից զատ, պատվաստանյութի Ռուսաստանի հետ մեր համագործակցության մի մասն են նաեւ կլինիկական փորձարկումները, որոնք շատ հաջող են ընթանում: Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք նպաստելու այնպիսի կարեւոր դեղամիջոցի արտադրությանը, որը քննարկման առարկա է ամբողջ աշխարհում»,- իր հերթին ասել է Viscoran İlaç-ի տնօրենների խորհրդի նախագահ Իլաչ Օզթյուրք Օրալը: