ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՈՒՄ Է ՄԻՋԱՆՑՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական Երեւանը խստորեն դատապարտում է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նկրտումները եւ ուժ կիրառելու սպառնալիքները: Բանն այն է, որ  Իլհամ Ալիեւն ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում կրկին խոսել էր, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին, հայտարարել, թե ադրբեջանական կողմը իրականություն է դարձնելու Զանգեզուրի միջանցքը, Հայաստանն ուզի, թե ոչ։ «101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրավված Զանգեզուր», – հայտարարել էր Ալիեւը։

 

«Զանգեզուրի միջանցքի ստեղծումն ամբողջովին համապատասխանում է մեր ազգային, պատմական եւ ապագայի շահերին։ Մենք իրականություն ենք դարձնում Զանգեզուրի միջանցքը, ցանկանա Հայաստանը, թե ոչ։ Եթե ցանկանա, ապա ավելի լավ, եթե չցանկանա՝ ուժով կլուծենք այդ հարցը։ Այնպես, ինչպես պատերազմի ընթացքում եւ դրանից առաջ ասացի, որ նրանք պետք է իրենց բարի կամքով դուրս շպրտվեն մեր հողերից, կամ մենք մեր ուժով կվռնդենք, այդպես էլ եղավ։ Այդպիսին կլինի նաեւ Զանգեզուրի միջանցքի ճակատագիրը», – նշել է Իլհամ Ալիեւը։

Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին Հայաստանից արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղարն է արձագանքել։ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներն իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

«Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը եւ կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության եւ հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին եւ կեղծ բնույթը: Հատկանշական է, որ նման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ եւ նպատակ ունեն ուժի դիրքերից խոսելու հայ ժողովրդի հետ: Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաեւ Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ»,- ընդգծել է Նաղդալյանը:

Մինչդեռ Ալիեւի երեկվա սպառնալիքներից հետո արդեն Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան հերքում է, թե Ադրբեջանի նախագահը սպառնացել է հայկական կողմին, ավելին՝ հայտարարում է, թե դրանք չեն հանդիսանում սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, այլ Հայաստանի կողմից ցանկացած սպառնալիքի արձագանքելու վճռականության ցուցիչ են։ Ալիեւին նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն է անդրադարձել՝ հայտարարելով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցը ցեղասպան քաղաքականության ապացույց է։ «Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահն այսկերպ պետական բարձրագույն մակարդակով զարգացնում է էթնիկ ատելություն, այսինքն՝ հայատյացություն ու իրականացնում թշնամանքի հրապարակային քարոզ»:  Թաթոյանը նշում է, որ այս օրերին փաստահավաք աշխատանքներ է իրականացնում Սյունիքի մարզի համայնքներում: Աշխատանքների արդյունքները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականները կրակում են խաղաղ բնակավայրերի հարեւանությամբ, բացահայտ ահաբեկում խաղաղ բնակիչների ու երեխաներին՝ անգամ ձեռքով համապատասխան նշաններ անելով:

Երեկ Սյունիքի մարզ կատարած այցի եւ խորհրդակցության ժամանակ այս հարցին անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ ընդգծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ո՛չ Զանգեզուր, ո՛չ Սյունիք, ո՛չ միջանցք արտահայտություններ չկան, խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, եւ հունվարի 11-ի հայտարարությունով մենք հստակ ասել ենք, թե ինչ պետք է տեղի ունենա: Եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի մասին, նույն տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել Նախիջեւանի միջանցքի մասին:  Իմ մեկնաբանությունն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը նման սադրիչ հայտարարություններով ուզում է ետ կանգնել պայմանավորվածություններից՝ սրելով իրավիճակը տարածաշրջանում եւ շարունակելու համար Հայաստանի շրջափակումը», – նշեց Փաշինյանը:

Փաշինյանը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ եռակողմ հայտարարության մեջ միջանցքի մասին որեւէ հիշատակում չի եղել:

Ն.Հ.

 

 

ՊՈՒՏԻՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում անդրադարձել է տարածաշրջանային հակամարտությունների լուծման թեմային՝ միեւնույն ժամանակ կարեւորելով Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում կողմերի հաշտեցման գործում. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք արդեն շատ բան ենք արել Սիրիայում իրավիճակը կայունացնելու, Լիբիայում քաղաքական երկխոսություն հաստատելու համար: Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի տարածքում զինված հակամարտությունը դադարեցնելու գործում», – շեշտել է Ռուսաստանի ղեկավարը:

 

 

ԿՎՆԱՍԻ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի սպանդը ցեղասպանություն ճանաչելուն ուղղված ցանկացած քայլ է՛լ ավելի կվնասի ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ արդեն իսկ սրված կապերը: Haberturk-ին տված հարցազրույցում հարցին՝ արդյոք Բայդենն այդ սպանությունները որպես ցեղասպանություն կորակի հաղորդումների ֆոնին, որ նա կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը դա կանի, Չավուշօղլուն ասել է, որ Միացյալ Նահանգները «պետք է հարգեն միջազգային իրավունքը»: «Հայտարարությունները, որոնք իրավական ուժ չունեն, ոչ մի օգուտ չեն բերի, բայց դրանք կվնասեն կապերին»,-ասել է Չավուշօղլուն:

 

 

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԴԻՄԱՆՈՒՄ Է

ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը երեկ ԱԺ-ում էր: Նա տեղեկացրել է. «Խնդրել եմ, որ առաջիկա քառօրյա նիստերից մեկի օրակարգում այդ նախագիծն անպայմանորեն ընդգրկեն։ Այսօր մեր դատավոր գործընկերները գնում են թոշակի, եւ օրենսդրական կարգավորում չկա»։ Այն դիտարկմանը, որ Ջհանգիրյանին մեղադրում են, թե ինքը եկել է դատավորներին «նստեցնելու», նա արձագանքել է. «Ոչինչ, ես այդ վշտին դիմանում եմ»։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

 

 

ՑԱՆՔՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում ավարտվել է հացահատիկային մշակաբույսերի ցանքը։ Այս մասին փոխանցել է Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը: Ըստ նրա՝ ցանքը հիմնականում կատարվել է համայնքի ցածրադիր գոտում գտնվող վարելահողերում` շուրջ 135 հեկտարի չափով։ 25 հեկտար կազմում են աշնանացան ցորենի, 110 հեկտար՝ գարնանացան գարու ցանքերը։

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ քաղաքական հրահանգ է տրված բերման ենթարկել եւ ձերբակալել անհնազանդ սյունեցիներին: Ինչպես հայտնի է, առավոտից Սյունիքի մարզում լարված իրավիճակ է: Մեղրի եւ Ագարակ քաղաքներում սյունեցիները փորձում էին խոչընդոտել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը, եւ հաճախ բախումներ էին ընթանում: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ արդեն հրահանգ կա, որ պետք է ճանապարհը փակած սյունեցիներին պատժել: Նրանց բերման կենթարկեն եւ կձերբակալեն հասարակական կարգը խախտելու եւ խուլիգանության համար: Իրավապահ համակարգին արդեն հրահանգ է տրված:

 

ՀԱՍԵԼ Է ՎՃՌԱԲԵԿ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանի հարցը հասել է Վճռաբեկ դատարան: Վերջինիս խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցով բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան, իսկ, ահա, զեկուցող դատավորն է Քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը: Ի դեպ, 1,5 տարի է, ինչ Լոռեցյանը կալանքի տակ է: Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման էին ենթարկվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանը, ինչպես նաեւ վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են: Վերջիններս չեն ընդունում իրենց մեղադրանքը, եւ նախաքննական մարմինը, շուրջ 7 ամիս քննություն իրականացնելով, ԱԱԾ-ն կաշառքի գործով կալանավորված փոխնախարարի գործով հայտարարել է նախաքննության ավարտ: Ի դեպ, սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրաքների ծավալը էականորեն կրճատվել է։

 

ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Արմավիրի մարզի գյուղերում գյուղմթերքի իրացման լուրջ խնդիր կա: Մարզի գյուղերի մեծ մասում բնակիչներն այս ժամանակահատվածում հիմնականում զբաղվում են կանաչեղենի մշակությամբ, սակայն այն չկարողանալով վաճառել՝ քաղում թափում են: Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը եղավ սահմանամերձ Մարգարա գյուղում, որտեղ բնակիչները հիասթափված քաղել եւ թափել են աղբանոցը: Տեղեկացնենք, որ ապրիլի սկիզբ գյուղացիները կարողանում էին միջնորդ կազմակերպությունների կամ անհատների միջոցով կանաչեղենն արտահանել Ռուսաստան, եւ այդ պատճառով շուկայում այն քչացել էր, իսկ Սուրբ Զատկինի տոնին կանաչու մեկ կապը գերազանցում էր 200 դրամը: Բայց վերջին օրերին կանաչեղենի արտահանման ծավալները փոքր-ինչ նվազել են, շուկայում վաճառքի կանաչին շատացել է, այդ պատճառով գյուղացիների մեծ մասը մեկ կապ Համեմը կամ Մաղադանոսը վաճառում է 20 դրամով:

 




Լրահոս